Քալիֆորնիոյ Փալմտէյլ քաղաքին մէջ, ուր հայկական գաղութը համեմատաբար նոր է եւ հիմնական ձեւաւորուած է 2000ականներէն ետք, արդէն սկսած է գործել հայկական Շաբաթօրեայ վարժարանը՝ առաջնորդարանի կողմէ հաստատուած կրթական ծրագիրերով եւ դասագիրքերով:
Այս մասին «Արեւելք» տեղեկութիւն քաղեց Լոս Անճելըս հրապարակուող՝ «Ասպարէզ»էն, որ, մասնաւորապէս, գրած է՝
Կալիֆորնիայի Փալմդել քաղաքում ապրող հայութիւնն ապրում է իր պատմութեան նշանակալի ու յիշարժան ժամանակաշրջանը: Թէեւ այստեղ հայկական գաղութը համեմատաբար նոր է եւ հիմնականում ձեւաւորուել է 2000ականներից յետոյ, այն արդէն հասցրել է դառնալ կազմակերպուած, կենսունակ եւ ազգային ինքնութեամբ ամուր համայնք: Ըստ տարբեր աղբիւրների` Փալմդելում բնակւում է շուրջ 1000 հայ, որոնք, չնայած թուային համեստութեանը, աչքի են ընկնում հոգեւոր եւ ազգային կեանքի նկատմամբ իրենց նուիրուածութեամբ:
Անցնող տարիների ընթացքում փալմդելահայութիւնը կարողացել է ստեղծել կուռ ու համախմբուած համայնք` յստակ հոգեմտաւոր դիմագծով, ազգային ինքնութիւնը պահպանելու հաստատակամ կամքով եւ միմեանց օգտակար լինելու խոր գիտակցութեամբ: Այս միասնական ոգու եւ կազմակերպուած աշխատանքի վկայութիւնն է այն, որ Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի օրհնութեամբ, ամիսը մէկ անգամ Սուրբ Խաչ ուղղափառ եկեղեցում մատուցւում են Սուրբ պատարագներ եւ այլ արարողութիւններ, որոնք վերածւում են համայնքային կեանքի կարեւոր հանգրուանների:
Այստեղ արդէն ձեւաւորուել է ազգային եւ հոգեւոր կեանքով մտահոգ կամաւորների գործուն մի խումբ, որն ստանձնել է ծխական կեանքի կազմակերպման պատասխանատու առաքելութիւնը: Այս կամաւորների նախաձեռնութեամբ եւ համայնքի այցելու հոգեւորականի` Սանտա Կլարիտայի հոգեւոր հովիւ Զաւէն քահանայ Մարկոսեանի գլխաւորութեամբ, Նոյեմբեր ամսուայ սկզբներին կազմակերպուեց այցելութիւն առաջնորդարան` հանդիպելու Յովնան սրբազանին:
Զրոյցի ընթացքում քննարկուեցին Փալմդելի հայ համայնքի զարգացման հեռանկարներն ու առաջնահերթութիւնները: Որոշուեց կեանքի կոչել մի շարք կարեւոր ծրագրեր, որոնցից առանցքայինը շաբաթօրեայ դպրոցի հիմնադրումն է` որպէս հայապահպանութեան եւ սերունդների կրթութեան կարեւոր հիմնասիւն:
Այս ծրագրի շրջանակում, Նոյեմբերի 30ին, առաջնորդի տնօրինութեամբ Փալմդել այցելեց թեմի շաբաթօրեայ վարժարանների հոգեւոր տեսուչ, յայտնի մանկավարժ Յովհաննէս սարկաւագ Գումրույեանը: Կիրակնօրեայ քարոզի ընթացքում արժանապատիւ Զաւէն քահանայ Մարկոսեանը ներկայացրեց համայնքում ընթացող եւ ծրագրուող կարեւոր նախաձեռնութիւնները: Ապա Յովհաննէս սարկաւագի մասնակցութեամբ կայացաւ շուրջ երկու ժամ տեւած աշխատանքային հանդիպում, որի ընթացքում մանրամասն քննարկուեցին շաբաթօրեայ վարժարանի հիմնադրման կազմակերպչական, կրթական եւ գործնական հարցերը: Պատուաւոր հիւրը տեղեկացրեց ներկաներին, որ առաջնորդի անմիջական ջանքերով տարեցտարի ընդլայնւում է Արեւմտեան թեմի շաբաթօրեայ դպրոցների ցանցը, որն արդէն հաւաստագրուած է Դպրոցների եւ քոլեջների արեւմտեան միութեան (WASC) կողմից: Նշուեց նաեւ, որ այս կրթական համակարգում ներկայումս դասաւանդում են 120ից աւելի մանկավարժ եւ ուսանում է շուրջ 1700 աշակերտ:
Հանդիպման աւարտին համայնքի անդամները միաձայն որոշում ընդունեցին հիմնել Փալմդելի շաբաթօրեայ վարժարանը, որը պէտք է դառնայ համայնքի կարեւոր նուաճումներից մէկը` որպէս Ամանորեայ նուէր քաղաքի հայ բնակիչներին: Որոշուեց, որ դպրոցի առաջին զանգը կը հնչի 2026ի Յունուարի 11ին, Կիրակի օրը, Սուրբ պատարագից անմիջապէս յետոյ:
Նախնական տուեալներով ակնկալւում է 20–30 աշակերտի ընդգրկում, որոնք կը բաժանուեն երկու հիմնական խմբերի` սկսնակների եւ տառաճանաչների: Մինչ վարժարանի պաշտօնական մեկնարկը համայնքում ճանաչուած երեք մտաւորականներ, կամաւոր սկզբունքով արդէն սկսել են այցելել թեմապատկան շաբաթօրեայ դպրոցներ` տեղում ծանօթանալու կրթական գործընթացի կազմակերպման փորձին եւ նրբութիւններին:
Դասընթացները նախատեսւում է անցկացնել Փալմդելի Սուրբ Խաչ ուղղափառ եկեղեցու տարածքում: Համայնքի անդամները համոզուած են, որ այս կարեւոր քայլը կը դառնայ այն ամուր նախահիմքը, որի վրայ մօտ ապագայում պիտի վեր խոյանայ նաեւ Փալմդելի Հայ առաքելական Սուրբ եկեղեցին:
Շաբաթօրեայ վարժարանը գործելու է առաջնորդարանի կողմից հաստատուած կրթական ծրագրերով եւ դասագրքերով: Ապագայում նախատեսւում է դասարանների ընդլայնում, եւ կրթական պայմանների համապատասխանեցում ժամանակակից պահանջներին: Ներկայումս իրականացւում են բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները` ապահովելու համար վարժարանի սահուն, կազմակերպուած եւ յաջող մեկնարկը:
ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ