image

«Հեռացար որպես թագուհի...» Ուսանողները սգում են Նոնա Մանոյանի մահը

«Հեռացար որպես թագուհի...»  Ուսանողները սգում են Նոնա Մանոյանի մահը

Երեւանում կորոնավիրուսից մահացել է երաժշտական գործիչ, մանկավարժ եւ դասախոս Նոնա Մանոյանը: Նա մեծ ներդրում է ունեցել Լիբանանի օպերային արվեստի եւ դասական երաժշտության զարգացման գործում՝ դասավանդելով Լիբանանի ազգային կոնսերվատորիայում եւ տարբեր կենտրոններում: Նրա հայ եւ օտարազգի ուսանողները, որոնք դասական արվեստով են զբաղվում, գրառումներ են կատարել դասախոսի, երգչուհու մահվան առթիվ, նշելով, որ իրենց հաջողությունների համար պարտական են Նոնա Մանոյանին, որ Երեւանից Բեյրութ փոխադրվելով, իր փորձն ու նվիրումը ներդրել է Լիբանանի վոկալ արվեստի զարգացման գործում: 

Նոնա Մանոյանի ուսանողներից Շարբել Կադին գրել է. «Մենք գիտեինք քեզ որպես արքայադուստր, հեռացար որպես թագուհի:  Շնորհակալություն բոլոր լավ օրերի համար եւ հանգչիր խաղաղությամբ, դիվա՛»...

Կարոլին Սոլաժ. «Մեր առաջին հանդիպումը, մոտ 21 տարի առաջ, դեռ փորագրված է իմ սրտում: Ես հենց սկզբից գիտեի, որ հանդիպել եմ հիանալի կնոջ եւ հրաշալի ուսուցչի: Իմ կյանքը կտրուկ փոխվեց՝ քո առաջնորդության, քո անվերապահ սիրո, քո առատաձեռնության եւ երգելու այն մեծ դպրոցի շնորհիվ, որը դու անմնացորդ փոխանցեցիր ինձ: Ես ընդմիշտ երախտապարտ եմ»։

Նոնա Մանոյանի մահվան առթիվ ցավակցություն է հղել Լիբանանի ազգային կոնսերվատորիան, նշելով որ ցավալի է օպերային ամբիոնի նախկին դասախոսի կորուստը, ում ձեռքի տակով են անցել լիբանանցի մի խումբ նշանավոր օպերային երգիչներ։

Նոնա Մանոյանը 64 տարեկան էր: Նա հայտնի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի կինն էր: Նրանք Բեյրութից արդեն տեղափոխվել էին Հայաստան:  Հոգեհանգիստը կկայանա հուլիսի 5-ին, ժամը 18:00-ին, Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: