image

Հայ մամուլի առաքելութեան մասին՝ 1887-ին

Հայ մամուլի առաքելութեան մասին՝ 1887-ին

Արեւելահայ հրապարակախօս, քննադատ, գրական-հասարակական գործիչ եւ Թիֆլիս լոյս տեսնող «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր Արծրունիի գրչին պատկանող հետագայ յօդուածը հրապարակուած է 1887-ին: Անոր արտատպումին պատահաբար հանդիպեցանք, երբ այլ պրպտում մը կը կատարէինք այդ օրերուն Պոլիս լոյս տենող «Արեւելք» օրաթերթի թիւերուն մէջ: Արդ, հայ օրաթերթի առաքելութեան մասին Արծրունիի յօդուածը գրուած է 136 տարի առաջ: Կ’արժէ զայն վերահրապարակել առանց մեկնաբանութեան…

ՀԱՅՈՑ ՄԱՄՈՒԼԻ ՊԱՇՏՕՆԸ

Հրատարակել մի լրագիր հայերէն լեզուով եւ հայերի համար գուցէ աւելի դժուար է, քան թէ մի որ եւ է ուրիշ ազգի համար, որովետեւ, բաց ի հրէաներից ոչ մի ազգ այն աստիճան ցիր ու ցան եղած չէ ամբողջ աշխարհիս երեսին, որքան հայերը:

Ցրուած լինելով ամբողջ երկրագնտի երեսի վրայ, եւ միայն տեղ տեղ խիտ կերպով միասին բնակուելով, հայերը իսկապէս շատ քիչ ընդհանուր կապ ունեն իրար մէջ: Բաց ի կրօնական ընդհանուր կապերից, որոնք պայմանաւորւում են ազգի մեծամասնութեան համար ընդհանուր եկեղեցու գոյութեամբ , ուրիշ որ եւ է շօշափելի կապ ցիր ու ցան եղած այդ ազգի անդամների մէջ դժուար էլ է գտնել: Բայց կրօնական փոխադարձ կապը աշխարհիս ամեն ծայրերում ցրուած մի ազգի անդամների մէջ ամրապնդելը՝ մամուլի գործը չէ. դա եկեղեցու գործն է, որ այդ պէտք է կատարի թէ իր պաշտօնեաների կենդանի քարոզի միջոցով, թէ հոգեւոր դպրոցների միջոցով, թէ վերջապէս կրօնական գրականութեան, այն է կրօնական գրքերի կրօնական պարբերական հրատարակութիւնների միջոցով…:

Իսկ մի քաղաքական–գրականական թերթ բոլորովին այլ կոչում ունի. նա չէ կարող կրօնական մի թերթի գործը կատարել եւ մի, թեեւ ցրուած ազգի անդամների փոխադարձ յարաբերութիւնների մէջ ուրիշ ոչինչ անխզելի կապ չը տեսնել բացի կրօնական կապից:

Ուրեմն ուրիշ ի՞նչ կապ կարող է լինել մի ազգի անդամների մէջ, որոնք միմեանցից այդքան ցրուած են, ինչպէս հայերը—մայրենի լեզո՞ւն: Բայց մայրենի լեզուն աւելի գոյութիւն ունի այն հայերի մէջ, որոնք դեռ չեն գաղթել իրանց պատմական ծննդավայրից, որտեղ նրանք, թէեւ հազար եւ մի ուրիշ փոքրիկ ազգութիւնների հետ միասին խառն են ապրում, բայց որտեղ նրանք դարձեալ բաւական խիտ ազգաբնակութիւն են կազմում: Իսկ իրանց ծննդավայրից հեռու գաղթած հայերի մէջ մայրենի լեզուի գործածութիւնն էլ փոքր առ փոքր անհետանում է:

Հայոց մամուլի պաշտօնը պէտք է լինի՝ ոյժ տալով մայրենի լեզուին, աշխատել տարրացնել նրան եւ գործածելով նրան որպէս միջոց, որպէս գործիք այլ եւ այլ դաւանութիւններին պատկանող հայերի մէջ հաստատել մի ներքին կապ որ հիմնուած լինէր ընդհանուր շահերի վրայ —թէ նիւթական եւ թէ բարոյական շահերի վրայ:

Այդ ընդհանուր շահը երկու որոշ մասերի է բաժանւում. նախ՝ ընդհանուր մարդկային քաղաքակրթութիւնը եւ երկրորդ՝ այն երկրի տնտեսական շահերը, որտեղ հայերը աւելի խիտ կերպով են բնակւում:

Այդ պատճառով հայոց թերթի պաշտօնը հետեւեալն է: Նախ՝ հայոց լրագիրը պէտք է մայրենի լեզուի միջոցով աշխատի տարածել ամեն տեղի եւ ամեն երկրի հայերի մէջ ընդհանուր մարդկային քաղաքակրթական գաղափարները եւ երկրորդ՝ յարուցանել եւ մշակել Անդրկովկասի, Թիւրքիայի եւ Պարսկաստանի վերաբերմամբ` այն տնտեսական նշանաւոր հարցերը, որոնց վիճակուած է կենդանութիւն տալ այդ երկիրներին, եւ որոնց միջոցով նոյնպէս կարելի լինի կապել եւ այդ երկիրներից հեռու գաղթած հայերի շահերը իրենց ծննդավայր երկիրներում հաստատապէս բնակուող հայրենակիցների հետ:

Հայոց թերթը գործածելով մայրենի լեզուն որպէս միջոց, պէտք է մի կողմից ջանայ կրթել ամեն տեղ ցրուած հայերին ընդհանուր մարդկային կուլտուրական ոգով, իսկ միւս կողմից այդ բոլոր ցիր ու ցան եղած հայերին ջանալ կապել տնտեսական շահերով այն երկիրների հետ, որտեղ հայերը դեռ մնացել են, որտեղ նրանք դեռ բաւական խիտ ազգաբնակութիւն են կազմում:

Այդ է պատճառը, որ հայոց թերթ օրինաւոր կերպով հրատարակել այնպէս որ նրա ընթերցանութեամբ հետաքրքրուի, գրաւուի եւ Թիֆլիսի, եւ Երեւանի, եւ Բագուի, եւ Նոր-Նախիջեւանի, եւ Թաւրիզի, եւ Ագուլիսի, եւ ՆիԺնի–Նովգորոդի ու Աստրախանի հայը՝ շատ դժուար է:

Մշակը իր գոյութեան տասն եւ չորս տարուայ ընթացքում, որքան հնար էր իրան, աշխատեց լրացնել այդ իր նախագուված պրօգրաման: Ո՛րքան նա այդ իր նպատակին հասել է, թող դատէ ընթերցողը, թող վկայէ բաժանորդների այն թիւը, որ թէեւ համեմատուելով ռուսաց եւ եւրոպական լրագիրների բաժանորդների թուի հետ՝ մի ողորմելի թիւ է կազմում, բայց որին երբէք Ռուսաստանի ոչ մի հայոց պարբերական հրատարակութիւն հասած չէ:

Նոյն ուղղութեամբ կը շարունակի ընթանալ Մշակը եւ ներկայ 1887 թուին:

 

(Մշակ)

Գրիգոր  Արծրունի

Աղբիւրը՝ darperag21.net