Այն, որ պատերազմէն յետոյ Ատրպէյճանը զարգացուցած է թշնամանքի քաղաքանութիւնը, կը վկայեն խոշտանգման նոր ձեւերը հայ գերիներու նկատմամբ: Այս մասին իր ֆէյսպուքեան էջով գրած է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:
«Օրինակ` մի դէպքում ատրպէյճանական ծառայողները հայ զինծառայողից պահանջել են հրաժարուել քրիստոնէութիւնից ու ընդունել մահմետականութիւն, այսինքն` կրօնափոխ լինել: Երբ հայ զինծառայողը հրաժարուել է կատարել պահանջը, այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել: Այսպիսի բան մենք դեռ երբեք չենք արձանագրել:
Մէկ այլ դէպքում նկատել են խաչի դաջուածք եւ այրել են կրակայրիչով մարմնի այդ մասը, դաժան ծեծի են ենթարկել:
Ում մօտ եղել է խաչ, այն կա´մ վերցրել են, կա´մ ոչնչացրել: Երբ մեր գերիները պահանջել են վերադարձնել խաչերը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկուել: Ծաղրել են կրօնը:
Այս դէպքերն ատրպէյճանական իշխանութիւնների հայատեացութեան հուանավորութեան ու թշնամանքի քաղաքականութեան ուղիղ հետեւանքն են:
Ապացոյց են առ այն, որ
պատերազմից յետոյ այս քաղաքականութիւնը միայն ամրացել է ու որքան խորն է արմատներով:
Աւելին, շեշտադրումներն են անգամ փոխվել. բացի էթնիկականից, այսինքն` հայ լինելուց, ներառում են նաեւ կրօնական պատկանելիութիւնը:
Յ.Գ. Այս դէպքերն արձանագրուել են Ատրպէյճանում գերիների խոշտանգման վերաբերեալ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի վերջին արտահերթ զեկոյցից յետոյ:
Յատուկ զգուշացնում եմ բոլոր նրանց, ում մտքով կ'անցնի հերքել այս հրապարակումը, որ առկայ են հաւաստի առարկայական ապացոյցներ, որոնք, սակայն, մարդկանց չթիրախաւորելու համար չեմ հանրայնացնում: Այս հրապարակումն էլ անում եմ նրա համար, որ թէ´ մեր, թէ´ միջազգային հանրութիւնը տեղեակ լինի, թէ իրական վիճակը որն է եւ իրաւունքների ինչ խախտումներ են տեղի ունենում», գրած է Թաթոյեան: