image

Գաղթի ճանապարհն անցնելով՝ ձեռագրերը փրկվել եւ հասել են տուն

Գաղթի ճանապարհն անցնելով՝ ձեռագրերը փրկվել եւ հասել են տուն

Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների հարաբերությունների համակարգող վեր. Նշան Բակալյանն ու տիկինը՝ Մարիա Բակալյանը Հայաստան են այցելել հատուկ առաքելությամբ. տարիներ առաջ ազգականից ստացած 18-րդ դարի Սաղմոսարանն ու Շարակնոց ձեռագիր գրքերը նրանք ընծայեցին Մատենադարանին:

 

Հարցին, թե ինչու՞ այդպես որոշեցին, վեր. Նշանը պատախանում է. «Այս ձեռագրերն այնքան արժեքավոր են, որ միայն մերը չէին կարող լինել: Ոմանք մեզ հարցնում են, թե ինչու՞ չվաճառեցինք, լավ գումար կշահեինք: Բոլոր այդ մարդկանց նույն պատասխանն եմ տալիս. այդ կերպ այս գրքերի արժեքը կիջեցնեինք: Սրանք անգին են, դրա համար պետք է լինեն բոլորինը»:

Արժեքավոր ձեռագրերի ընծայաբերման նպատակով հայրենիք են այցելել նաև վեր. Նշանի քույրն ամուսնու հետ: Քեշիշյան ընտանիքը Ֆիլադելֆիայի Հայ Ավետարանական Նահատակաց եկեղեցու և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության անունից Մատենադարանին ընծայեցին 15-16-րդ դարերի Գանձարան և 18-րդ դարի Ժողովածու, որոնք փրկվել են Թուրքիայի խանութներից մեկում հայտնված ամերիկացի միսիոների գնումների արդյունքում:

4 արժեքավոր ձեռագիրը Մատենադարանի թանգարանի ընծայաբերման սրահում Մատենադարանին են նվիրաբերվել հանդիսավոր արարողությամբ՝   «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրության շրջանակներում  

«Մատյանի մուտքը Մատենադարան, մեր կարծիքով ամենից սպասված և կարևոր իրադարձություններից է ոչ միայն տնօրինության և աշխատակազմի համար, այլև հոգևոր արժեքներին առնչվող և դրանց հանդեպ պատասխանատվության զգացումով օժտված յուրաքանչյուր հայի համար»,- նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:

«Այս ձեռագրերն այստեղ հասան գաղթի ճանապարհով՝ Օսմանյան Կայսրությունից՝ Խարբերդից, Պոլսից մինչև ԱՄՆ՝ Ֆիլադելֆիա, Ֆլորիդա, Վաշինգտոն, այնուհետև՝ Բեյրութ: Այս ճանապարհն անցած գրքերը վերջապես տանն են: Սրանք կարծես հայ ժողովրդի խորհրդանիշն են»,- նշել է վեր. Նշան Բակալյանը՝ ավելացնելով, որ ինչպես աստվածատուր մշակույթն է մարդուն հարստացնում, այնպես էլ իրար բարձրացնող մարդիկ են հարստացնում ազգը:  

Բարձրարժեք ձեռագրերի ընծայաբերման համար Վեր. Նշան Բակալյանն ու տիկին Մարիան արժանացել են  «Բարերար Մատենադարանի ոսկե մեդալ»-ի: