Անցնող շաբաթներին Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկել եւ երկու շաբաթ շարունակվել է «Ժան Մոնե ԵՄ, անվտանգություն և հիմնարար իրավունքներ» ձմեռային դպրոցը, տեղեկանում ենք համալսարանից:
Երկշաբաթյա կրթական ծրագրի շրջանակներում Հայաստան էին ժամանել Օքսֆորդի, Լայպցիգի, Բեռլինի Հումբոլդտի, Դրեզդենի և բարձր վարկանիշ ունեցող այլ համալսարանների 30-ից ավելի ուսանողներ: Այս անգամ ձմեռային դպրոցը կրում էր «ԵՄ արտաքին հարաբերությունները աշխարհաքաղաքական տուրբուլենտության ժամանակներում. Հարավային Կովկասի գործը» խորագիրը: Ծրագրի ընթացքում ուսանողների համար կազմակերպվել են ոչ միան քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների և իրավագիտության տարբեր հարցերի շուրջ տեսական դասախոսություններ, այլև նրանք այցեր են կատարել ՀՀ Ազգային ժողով, Սահմանադրական դատարան, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ինչպես նաև՝ մշակութային վայրեր:
Դպրոցի մեկնարկմանը ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը պաշտոնական բացման արարողության ընթացքում ոջունելով ներկաներին՝ կարևորել է ուսանողների մասնագիտական ընտրությունն ու Հայաստան այցելելու պատրաստակամությունը. «Մենք ուրախ ենք, որ դուք ցանկություն եք հայտնել երկու շաբաթ շարունակ բացահայտել Հայաստանի մշակույթն ու ժառանգությունը, գիտական ներուժն ու հարստացնել քաղաքագիտության, իրավագիտության ոլորտում ձեր գիտելիքները»:
DAAD դեսպան, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ալեքսանյանը, ողջունելով հյուրերին մասնավորապես ասել է. «Շնորհակալություն այս լավ նախաձեռնության համար։ Ինձ համար մեծ պատիվ է լինել DAAD-ի դեսպանը և այստեղ տեսնել գերմանացի մասնակիցներին։ Ես շատ ուրախ եմ ողջունելու ձեզ այս հյուրընկալ Եվրասիա միջազգային համալսարանում: Համոզված եմ, որ այս Ձմեռային դպրոցի ավարտին դուք բոլորդ լինելու եք հայ-գերմանական բարեկամության ջատագովներ»։
Բացման հանդիսավոր արարողությանը ԵՄՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մարկոսյանն իր ելույթում կարևորել է նմանատիպ միջոցառումների նշանակությունը՝ ուսանողներին մասնագիտական կարևոր գիտելիք և հմտություններ փոխանցելու հարցում:
ԵՄՀ միջազգային համագործակցության կենտրոնի ղեկավար Պարսա Մաքջեյքոբն էլ ողջույնի խոսքում այս նախաձեռնությունը կարեւոր է նկատել՝ այն միջազգային լայն համագործակցության աշխարհագրություն ունեցող բուհում անցկացնելու առումով:
Նշենք, որ դպրոցը կայացել է Եվորպական միության (Jean Monnet Module in Security and Fundamental Rights) և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) օժանդակությամբ: