Դուք կրնաք տեսնել, որ մարդասիրական բեռերը տեղափոխող մեքենաները, տեւական ժամանակ է, կը գտնուին այստեղ, մինչ այս պահը մենք քիչ ծաւալով կրնայինք Արցախ սննդամթերք ու դեղորայք ուղարկել, բայց վերջին ժամանակահատուածին ընդհանրապէս անհնար է որեւէ բան տեղափոխել։ Այս մասին Կոռնիձորի մէջ դիւանագէտներու եւ լրագրողներու հետ զրոյցին ըսած է Սիւնիքի մարզպետ Ռոպերթ Ղուկասեանը։
«Դուք տեսնում էք՝ մեքենաները այստեղ կանգնած են, ու անհնարին է դառնում այս հումանիտար բեռների տեղափոխումը դէպի սահմանից այն կողմ, դէպի 120,000 արցախցիներ։ Այնտեղ մարդիկ քաղցած են, երեխաներն են քաղցած։ Ես տեղեկացել եմ, որ Ադրբեջանի կողմից արձագանգ կայ, խոսում են ինչ-որ ինտեգրացիայի մասին, բայց արդեօ՞ք սովամահութեան ճանապարհով են ուզում հասնել այդ ինտեգրացիային։ Դա, կարծում եմ, անընդունելի է, դա ճանապարհ չէ, մարդիկ սոված են։ Այս հումանիտար բեռը պէտք է հասնի այն մարդկանց, ովքեր անհամբեր սպասում են, այստեղ դեղորայք է ու առաջին անհաժեշտութեան սննդի պարագաներ։ Այլապէս մենք բոլորս ականատես ենք լինելու, թէ ինչպէս է իրավիճակը ամէն վայրկեան վատթարանում։ Ժամանակակից աշխարհում մարդկանց սովամահ անելու ճանապարհով ինչ-որ նպատակի հասնելը չի կարող ընդունելի լինել»,-ըսած է Ռոպերթ Ղուկասեանը։
Մարզպետը դիւանագէտներուն ցոյց տուած է, թէ որ հատուածին կը գտնուի Հակարիի կամուրջը, եւ նշած, որ կամուրջի ողջ երկայնքով ու խորութեամբ տեղակայուած են ատրպէյճանական զօրքեր։
«Վերլուծութիւնները թողնում եմ ձեզ ու շնորհակալ եմ, որ այստեղ էք՝ տեղում գնահատելու իրավիճակը»,- դիմելով 17 երկիրներու դիւանագէտներուն՝ ըսած է Սիւնիքի մարզպետը։