Գիւմրիի քաղաքապետ Վարդան Ղուկասեանի որդին՝ Սպարտակ Ղուկասեանը, ձերբակալուած է: Այս մասին յայտնած են Ներքին գործոց նախարարութեան ոստիկանութենէն:
Քննչական կոմիտէէն ալ յայտնած են, որ ՀՀ քննչական կոմիտէի Շիրակի մարզային քննչական վարչութեան կողմէ նախաձեռնուած քրէական վարոյթի նախաքննութեան ընթացքին մէկ անձի նկատմամբ յարուցուած է հանրային քրէական հետապնդում Քրէական օրէնսգիրքի 258-րդ յօդուածի 1-ին մասի 4-րդ կէտով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Վերջինս ձերբակալուած է։ Նախաքննութիւնը կը շարունակուի։
Քննչական կոմիտէէն յայտնած են՝ անոր կալանաւորելու միջնորդութիւն պիտի ներկայացուի դատարան:
«Որդիս իր 1.5 տարեկան երեխային տարել էր մանկապարտէզ, միւս երեխան էլ մեքենայի մէջ նստած է եղել, 7-8 մեքենայով եկել են իրաւապահներն ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել նրան»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցին ըսած է Գիւմրիի քաղաքապետ Վարդան Ղուկասեանը։
«Միքայէլ Սրբազանի դատին էր գնացել, կողքից մարդիկ ասացին՝ քեզ կը կալանաւորեն, որովհետեւ գնացել ես նիստին։ Երեխաների աչքի դիմաց բերման են ենթարկել մանկապարտէզի բակում, հիմա չգիտեմ՝ ինչեր են սարքում։ Բռնապետութիւն, ուրիշ բան չեմ կարող ասել»,-ըսած է Ղուկասեանը։