image

«Դրօշակ»-ի առաջնորդող. Խաբկանքի եւ իրականութեան միջեւ

«Դրօշակ»-ի առաջնորդող. Խաբկանքի եւ իրականութեան միջեւ

Հայաստանում լրատուամիջոցներ կան, որոնք Լեւոն Տէր Պետրոսեանի իշխանավարման օրերից գրեթէ ամէն օր յայտարարում են, որ Ռուսաստանը փլուզւում է, շուտով այդ երկիրը կը դադարի գոյութիւն ունենալուց, առնուազն այն տեսքով, որ ունի հիմա: Այս քարոզին զուգահեռ, ժամանակի ընթացքում Արեւմուտքի ձեռքին խաղալիք դարձած Ելցինին փոխարինեց ռուսական մեծապետական ձգտումները մարմնաւորող Պուտինը, եւ փոխուեց Ռուսաստանը: Պուտինեան իշխանութիւնն արմատախիլ արեց Չեչնիայի ու առհասարակ Հարաւային Կովկասի անջատողական ձգտումներն ու դրա համար պայքարողներին: Այսօր արդէն Չեչնիայի ղեկավարը Պուտինին ամենանուիրուած խմբակիցներից է, եւ նրա գլխաւորած չեչենական ուժերը Ուկրանիայում կռւում են յանուն Ռուսաստանի յաղթանակի:

Ելցինը մի օր յայտարարել էր, որ երկրի իւրաքանչիւր տարածաշրջանային վարչական միաւոր թող վերցնի այնքան ինքնուրոյնութիւն, որքան կարող է, եւ գործընթացը հասել էր այնտեղ, որ ազգային բնոյթ ունեցող վարչական միաւորումները սեփական սահմանադրութիւններ էին գրում: Պուտինը ցարական ժամանակների զօրավար նահանգապետութիւնների օրինակով բոլոր այդ տարածաշրջանների գլխին զինուորական պատասխանատուների նշանակեց, որոնց վերահսկողութեամբ կենտրոնաձիգ իշխանութիւնը կրկին ամրապնդուեց: Քրէածին եւ օլիկարխիկ պիզնեսի յաւակնոտ ներկայացուցիչները, որոնք անվերահսկելիօրէն թալանում էին հսկայ երկրի արտադրական ու բնական հարստութիւնները եւ պետութեանը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական ուղեգիծ էին թելադրում, կա՛մ յայտնուեցին բանտերում, կա՛մ փախան երկրից, կա՛մ հաւատարիմ շնիկների պէս տեղաւորուեցին նոր իշխանութեան ոտքերի արանքում: Երկրի քաղաքական համակարգը բզկտող արեւմտամէտ ընդդիմութիւնը խաղաղ ու աննկատ անհետացաւ ասպարէզից, ինչպէս ջուրը` աւազի մէջ: Պետականամէտ ընդդիմադիր հիմնական ուժերը մաս կազմեցին պետական համակարգին եւ հիմնականում դարձան իշխող ուժի գործակիցը` նրա վարած քաղաքականութեան հարցում: Ելցինեան ժամանակներում ռուս հրամանատարները չեչեններին զէնք էին վաճառում, որով վերջիններս սպաննում էին ռուս զինուորներին, զօրավարների հեռուստատեսային պաստառների առաջ ողբում էին բանակի կործանումը եւ, ի դէպ, ռուսական Ղրիմի` որպէս ռազմավարական դարաւոր ֆորպոստի քայքայումն ու դանդաղ թաթարաթուրքացումը: Քսան տարուայ ընթացքում Պուտինը քայքայուած բանակը վերածեց ամենահզօր ռազմական սարքաւորումներով յագեցած` աշխարհի երեւի թէ ամենաուժեղ բանակին, իսկ թէ ինչ պատահեց Ղրիմի հետ, յայտնի է բոլորին: Խորհրդային անծայրածիր կայսրութիւնը զբաղուած էր բնական պաշարների թալանով եւ վաճառքով, արտերկրից գնում էր ամէն ինչ, այդ թւում` ցորեն, ընդ որում` այն երկրներից, որոնց տարածքներից մեծ էին իր հացահատիկի դաշտերը, իսկ թէ ներկայումս, առանց ռուսական բնական եւ այլ պաշարների, ինչպիսի՛ տնտեսական ճգնաժամում է յայտնուել աշխարհը, նոյնպէս յայտնի է: Ռուսական բանակն այսօր սահմանափակ ռազմական գործողութիւններով կոտրել է ուկրանական բանակի ողնաշարը եւ դանդաղ մաշում է նրան ու Արեւմուտքից անընդհատ հոսող ռազմական հսկայական սարքաւորումները… Իսկ Հայաստանում Լեւոն Տէր Պետրոսեանի իշխանութեան ծնած քարոզչամեքենան շարունակում է փչացած սկաւառակի պէս կրկնել Ռուսաստանի կործանման յանկերգը` հիմա նաեւ «աւէտելով» ռուսների մօտալուտ պարտութիւնը Ուկրանիայի հետ պատերազմում:

Կարելի է մտածել, թէ սա քաղաքական դիրքորոշում է, որը նոյնպէս գոյութեան իրաւունք ունի: Իրականում, սակայն, այս ապատեղեկատուութեան խորքում քարոզչա-քաղաքական հիմնասիւներից մէկն է, որի դերն էր տարիների ընթացքում հայ հասարակութեանը ներշնչելը, որ անհրաժեշտ է հրաժարուել Ռուսաստանին տարածաշրջանային հիմնական գործօն դիտարկելուց եւ երկրի քաղաքական արեւելումը շուռ տալ դէպի Արեւմուտք: Ի հարկէ, քանի դեռ հասարակութիւնը անհրաժեշտ չափով նախապատրաստուած չէր, պէտք էր թաքցուէր այն իրողութիւնը, որ Արեւմուտքին տարածաշրջանում ներկայացնում է ՆԱԹՕ-ի անդամ Թուրքիան: Հէնց Թուրքիան էլ պէտք էր ապահովէր Ռուսաստանի դուրսմղումը Հարաւային Կովկասից եւ գրաւէր դատարկուած տեղը: Թուրքիան է, որ պէտք է դուրս բերի Ազրպէյճանը Ռուսաստանի ազդեցութիւնից, բացի Կենտրոնական Ասիայի դուռը եւ ապահովի ՆԱԹՕ-ի թափանցումը Ռուսաստանի հարաւային սահմանների մօտ: Դաշնակիցների շահերը համընկնում են գլխաւորում, իսկ թէ այդ առաջխաղացման մէջ կողմերից իւրաքանչիւրը ի՛նչ ռազմավարական շահեր է հետապնդում, այլ հարց է:

Որ սա նոր ի յայտ եկած նախագիծ չէ, փաստում է այն, որ դեռեւս 1918 թ. աշնանը Երեւանում Խալիլ փաշան առաջարկել էր Արամ Մանուկեանին Մեղրիով ճանապարհ տալ Թուրքիային` փոխարէնը անելով փոխզիջումների գայթակղիչ առաջարկներ: Այս կէտի վրայ Արամ Մանուկեանը աւելորդ էր համարել բանակցութիւնների շարունակումը: Այլ տարածքների դիմաց թուրքերին Մեղրիով ճանապարհ տալու առաջարկը կրկնեց ամերիկացի վերլուծաբան Փոլ Կոպլը արդէն 1990-ականների արցախա-ազրպէյճանական պատերազմի օրերին: Լեւոն Տէր-պետրոսեանը սկսեց բանակցութիւններ թուրքերի հետ` որպէս նախապայման խոստանալով զիջել ազատագրուած տարածքները եւ Հայաստանում յաղթող դարձնել Արցախը Ազրպէյճանի կազմում թողնելու գաղափարը, սակայն այն ժամանակ հայ ժողովուրդն ազգային վերելք էր ապրում եւ տարածքների փոխարէն` հրաժարուեց Լեւոն Տէր Պետրոսեանից: Յաջորդ երկու նախագահները գտնուեցին հայ-թուրքական հաշտութեան բանակցութիւններ վարելու ամերիկացիների ճնշման տակ: Ի հարկէ մեծ հանելուկ չէ այն, որ հայ-թուրքական հաշտութիւնը պէտք էր յանգեցնէր սահմանների բացմանը, եւ այդ դէպքում Հայաստանի տարածքում ռուսական զօրքի առկայութիւնը կը դառնար աւելորդ: Այս ընթացքում 42.000 քառակուսի քիլոմեթրի վրայ իր անվտանգութիւնը լիարժէքօրէն ապահովող հայկական կողմը ձեւաւորեց յարգանք ներշնչող ռազմական ուժ, Հայաստանը ճկունօրէն փոխլրացնող քաղաքականութիւն էր վարում ՀԱՊԿ-ի եւ որոշ չափով ՆԱԹՕ-ի հետ, մնալով Անկախ Պետութիւնների Համագործակցութեան անդամ` փոխգործակցութեան բազմակողմ յարաբերութիւններ էր հաստատել Եւրոպայի, ԱՄՆ-ի, Միջին ու Մերձաւոր Արեւելքի, այլ տարածաշրջանների ու երկրների հետ: Այս պայմաններում հայոց դիւանագիտութիւնը, ձեռք բերելով բաւականին անկախութիւն, կարողանում էր հայկական գործօնի անունից համաձայնել կամ չհամաձայնել տարբեր առաջարկների հետ եւ լինել շահեկան վիճակում Ազրպէյճանի հետ շարունակուող բանակցութիւններում: Տեսնելով, որ չի յաջողւում Հայաստանին պարտուողական օրակարգեր պարտադրել, այդ հարցով շահագրգիռ ուժերը որոշեցին միասնականութեան ու ազգային նպատակների հիման վրայ ձեւաւորուած հայկական գործօնը քայքայել ներսից:

1988 թ. գարնանը Ազատութեան հրապարակում իշխող «Ղարաբաղ» կոմիտէում տեղի ունեցած ներքին յեղաշրջումից յետոյ ժողովրդական շարժման առաջնորդների ասելիքի մէջ սկսեցին աւելանալ հակախորհրդային, հակաքրեմլինեան կարգախօսերը: Նոյն թուականի ամրանը յեղափոխութեան հրապարակում յայտնուած արեւմտեան առաջին լրագրողներին խանդավառ ժողովուրդն ընդունեց որպէս բացուած պատուհանից ներս խուժած ազատութեան ծիծեռնակների, իսկ հակակրեմլինեան կարգախօսերի կողքին սկսեց հնչել այն քարոզը, թէ այսօրուայ Թուրքիան նախկինը չէ, որ` ցեղասպանութիւնն ու աւանդական թշնամութիւնը կաղապարուած մտայնութիւնների հետեւանք են, եւ Թուրքիան Հայաստանի համար պատուհան է դէպի Եւրոպա:

Մենք մեր իշխանութիւնների հակառուսականութեան համար պէտք էր թանկ վճարէինք յատկապէս պատերազմի ժամանակ, երբ կորցրինք Գետաշէնն ու Մարտունաշէնը, Շահումեանը, Մարտակերտի, Հադրութի մի շարք գիւղեր եւ անգամ հարուածներ ստացանք Հայաստանի տարածքում:

Լեւոն Տէր Պետրոսեանը, որը ստանձնել էր Ղարաբաղի ազատագրական շարժման առաջնորդի դերը, կամաց-կամաց վերածւում էր այդ շարժման հակառակորդի. նա փորձում էր կանխել հայկական զօրքերի առաջխաղացումը, յանձնել գրաւուած տարածքներ (ինչը կոշտ հակադրութիւն էր ստեղծել Արցախի իշխանութիւնների հետ), ի դէպ, ինչի մասին իր յուշերում գրել է նաեւ Իրանի` այդ օրերի նախագահ Հաշեմի Ռաֆսանճանին:

Ամէն գնով խաղաղութեան հասնելու գաղափարը Լեւոն Տէր Պետրոսեանը մէկ անգամ էլ առաջադրեց 2008 թ., երբ երկար լռութիւնից յետոյ նման ծրագրով մասնակցեց նախագահական ընտրապայքարի: Այս անգամ էլ նա արժանացաւ ժողովրդի բացարձակ մեծամասնութեան մերժմանը: Ի դէպ, այդ ընտրութիւններում Նիկոլ Փաշինեանը Լեւոն Տէր Պետրոսեանի նախընտրական շտաբի անդամ էր:

Լեւոն Տէր Պետրոսեանի գլխաւորած ուժը, ժողովրդական շարժման միջոցով 1990 թ. գալով իշխանութեան, շատ չանցած ձեռնարկեց 19-20-րդ դարերի ազգային-ազատագրական պայքարի գնահատականի վերանայման գործընթաց` մասնաւորապէս ժխտելով այդ պայքարի նշանակութիւնը, 1914-1918 թթ. կամաւորական շարժումը` Ցեղասպանութիւնը ներկայացնելով որպէս ինքնապաշտպանական պայքարի հետեւանք: Շուռ տալով պատմական փաստերն ու տրամաբանութիւնը` ստացւում էր նաեւ, որ, ազգային-ազատագրական պայքարի ուժին վարկաբեկելով, ըստ էութեան, արդարացւում էր Ցեղասպանութեան կազմակերպիչ Թուրքիան: Խորքում իշխող ուժի գլխաւոր նպատակը ազգային ազատագրական պայքարի գաղափարը մերժելն էր առհասարակ, իսկ մասնաւորապէս` ի դէմս արցախեան շարժման: Պատահական չէ, որ երկրի ղեկավարի եւ յեղափոխական շարժման առաջնորդի բերանով կեղծ արժէքներ էին հռչակւում ազգային գաղափարախօսութիւնն ու պատմութիւնը:

2018 թ. գալով իշխանութեան` Լեւոն Տէր Պետրոսեանի երէկուայ սաներն ու զինակիցները յայտարարեցին, որ դպրոցական ծրագրերից պէտք է դուրս թողնուի ռազմահայրենասիրական դաստիարակութիւնը, բուհական ծրագրերում պէտք է կրճատուեն հայագիտական առարկաների ժամերը, պէտք է արմատապէս վերանայուեն դպրոցների ու համալսարանների պատմութեան եւ գրականութեան ծրագրերը, իսկ, ըստ էութեան, կրթական չափորոշիչների վերանայումն արդէն իրականացւում էր թուրքերի հետ:

Շարադրելով գործնապաշտ քաղաքականութեան իրենց պատկերացումները` փաշինեանական խմբակի ներկայացուցիչները ոչ հրապարակայնօրէն խօսել են այն մասին, թէ Արցախն այն խնդիրն է, որի միջոցով Մոսկուան Հայաստանին ու Ազրպէյճանին պահում է իրենից կախման մէջ, եւ եթէ ազատուենք այդ հարցից, Մոսկուան այլեւս կը կորցնի ազդեցութեան լծակները: Այդ դէպքում Հայաստանը կը կարողանայ ազատ լինել իր արտաքին կողմնորոշումների հարցում: Կարելի է յիշել վարչապետի կնոջ այն միտքը, որ զոհերը եղել են ոչ մի բանի համար:

Երբ 2018 թ. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ճոն Պոլթընը Հայաստանում յայտարարեց, որ պէտք է հրաժարուել պատմական կաղապարներից եւ փոխել արտաքին կողմնորոշումները, մենք չմտածեցինք, որ սա շարունակութիւնն է Խալիլ փաշայի, Փոլ Կոպլի առաջարկների ու հայ-թուրքական հաշտութեան ծրագրի եւ, ըստ էութեան, այս անգամ տուեալ ծրագրի իրականացման ցուցումն արդէն իսկ իրականացւում է:

Իրար կողք դնենք 2018 թ. իշխանափոխութիւնից յետոյ նոր վարչակարգի ասածներն ու արածները, դրանց կողքին դնենք 2020 թ. ցեղասպանական պատերազմում կրած պարտութեան փաստը եւ այդ պատերազմից օրեր անց արդէն շրջանառութեան մէջ դրուած` Թուրքիայի ու Ազրպէյճանի հետ հաղորդակցական ուղիները բացելու, առեւտուր անելու, խաղաղութեան ու բարեկամութեան դարաշրջան սկսելու կոչերը, յետպատերազմեան շարունակուող զիջումները, որոնք չի բացատրւում, թէ այս անգամ ո՛վ է գցել «խեղճ հարիֆ» վարչապետի գրպանը եւ առաւել քան ակնառու է դառնում իրադարձութիւնների ողջ շղթայի տրամաբանական կապը: Կուրօրէն մտնելով իր գիտելիքը, փորձն ու կարողութիւնը բազմապատիկ գերազանցող արկածախնդրական խաղի մէջ` երկիրը կառավարելու հմտութիւնից զուրկ ղեկավարութիւնը ոչ միայն պէտք էր յայտնուէր պետութեան կրած դաժան կորուստների փաստի առջեւ, այլեւ ստիպուած էր լինելու խուսանաւել քաղաքական բեւեռների, ուժերի եւ անձերի միջեւ: Խայտառակ պարտութեան հետեւանքները յաղթահարելու, ազգը վերահամախմբելու, բանակը ոտքի հանելու, զինելու եւ մարտունակութիւնը վերականգնելու ջանքերի բացակայութիւնը, քաղաքական պատեհապաշտութիւնն ու յարմարուողականութիւնը, ներազգային անհանդուրժողութեան պայմաններում արտաքին ուժերի ու մասնաւորապէս թուրք-ազրպէյճանական զոյգի առջեւ բացարձակ անձնատուութիւնը Հայաստանը դուրս են բերել քաղաքական գործօնի կարգավիճակից, եւ նրա ճակատագիրը որոշւում է առանց իր մասնակցութեան: Աւելի՛ն. տարածաշրջանում ուժերի, տարածքների եւ ազդեցութեան գօտիների վերաբաշխումը տեղի է ունենում Հայաստանի հաշուին:

Այն դէպքում, երբ ազրպէյճանա-թուրքական զոյգը Հայաստանի նկատմամբ համադրուած ձեւով վարում է նախաձեռնողական, բազմակողմ եւ խիստ յարձակողապաշտ քաղաքականութիւն, Հայաստանի պատեհապաշտ ու հակազգային իշխանութիւնը մի կողմից շարունակում է արեւմտեան օրակարգերի սպասարկումը, մասնաւորապէս եւ` հակառուսական մթնոլորտի թէժացումը երկրի ներսում, միւս կողմից` փորձում է դրական գործակցութիւն խաղալ ռուսների հետ, քանի որ բոլորից լաւ հէնց ինքը գիտի, թէ ի՛նչ բազմակողմանի կախուածութեան մէջ է Հայաստանի եւ Արցախի ճակատագիրը ռուսական գործօնից:

Այսօր միայն անմեղսունակ նիկոլապաշտը կարող է հաւատալ, որ ՀՀ վարչապետն ունակ է տարածաշրջանում խաղաղութեան օրակարգ թելադրել Արցախ-հայաստանը մաս-մաս իւրացնելու աճապարանքով գործող ազրպէյճանցիներին ու թուրքերին: Իրականում այդ խաղաղութեան մասին յայտարարութիւնների խորքում թշնամի հարեւաններին ուղղուած ուղերձ է` զիջումների պատրաստակամութեան, ազգային շահերի պաշտպանութիւնից հրաժարուելու մասին, ինչն էլ ազգային ինքնագիտակցութեան ու ոգու անկման մէջ գտնուող հայութեան համար նշանակում է, որ հայրենիքն ամենամեծ զիջումների տանելու, պետականութեան կորստի գնով իշխանութիւնը խուսափելու է երկրի հզօրացումից եւ դիմադրութեան կազմակերպումից: Ի հարկէ հէնց մեր օրերի իրադարձութիւնները փաստում են 2020-ից յետոյ ընդդիմութեան արդարացուած ահազանգն այն մասին, որ դիմադրութեան գաղափարից հրաժարումն ու թշնամու հետ ծնկած խօսելն է, որ բազմապատիկ մեծացնում է նորանոր պատերազմների հաւանականութիւնը: Ակնյայտ է վարչապետ Փաշինեանի սարսափը ազրպէյճանցիներից ու թուրքերից, որոնց 20 թուականի վայրագութիւնների մասին նա ոչ միայն թոյլ չտուեց պետականօրէն բարձրաձայնել միջազգային բեմերում, այլեւ այսօր չի համարձակւում արձագանգել, երբ հակառակորդն իր պարտաւորութիւնը չկատարելով` նորանոր պահանջներ է ներկայացնում հայկական կողմին, նուաստացնում է երկիրն էլ, իր ղեկավարներին էլ: Այդ սարսափի մէկ դրսեւորումն էլ սոյն թուականի օգոստոսի 3-ին ազրպէյճանցիների նախաձեռնած նոր լայնածաւալ սադրանքի օրը, անշուշտ, Ալիեւի խիստ պահանջով, հապճեպ, մէկ գիշերուայ մէջ բեռնատարներով հայաստանցի զինուորներին Արցախից Հայաստան տեղափոխելն էր: Այդ սարսափն այնքան մեծ է, որ երկրի ղեկավարը Պաշտպանութեան բանակի տօնին անգամ չհամարձակուեց շնորհաւորել իր գլխաւորած զինուած ուժերին եւ արգելեց, որ աւանդոյթը պահպանելով` դա անեն համապատասխան միւս բարձրագոյն պաշտօնեաները:

Նիկոլ Փաշինեանը, շարունակելով ծառայել տարածաշրջանի գործընթացների տնօրինումը թուրք-արեւմտեան ուժերին յանձնելու ծրագրին, միաժամանակ գաւառացու ճարպկութեամբ փորձում է ձեւ անել, թէ մնում ռուսական միջնորդութեան կողմնակիցը:

2020 թուականի հոկտեմբերի 19-ին Պուտինը Փաշինեանին յայտնեց, որ համոզել է Ալիեւին, եւ Փաշինեանի համաձայնութեան դէպքում պատերազմն անմիջապէս կը դադարեցուի: Դա նշանակում էր, որ այդ օրուայ դրութեամբ մենք չէինք կորցնելու Շուշին ու Հադրութը, ինչպէս եւ չէինք ունենալու աւելի քան 2000 նոր զոհեր: Փաշինեանը մերժեց առաջարկը, եւ այդ խօսակցութիւնը գաղտնի պահեց բոլորից, այդ թւում` այն պաշտօնեաներից, որոնք ի պաշտօնէ պէտք էր իրազեկուէին այդ մասին: Այս շրջանից արդէն Փաշինեանը նաեւ դադարեցրեց շփումները ինչպէս երկրի ներսի, այնպէս էլ արտաքին գործակիցների հետ: Ռուսները հաւանաբար ենթադրում էին, թէ Նիկոլ Փաշինեանը ձգտում էր պահպանել աւելին: Միւս կողմից` պարտութեան ծրագիրը չտապալելու համար Փաշինեանն ու իր մանկլաւիկները, իրականութիւնը ներկայացնելով գլխիվայր, ժողովրդին համոզում էին, որ յաղթում ենք:

Պատերազմից յետոյ բոլորը, այդ թւում` Ռուսաստանն ու Իրանը, հաշուի նստեցին այն նոր իրողութեան հետ, որը ձեւաւորուել էր տարածաշրջանում: Թուրքիան եւ Թուրքիայի թելադրանքով Ազրպէյճան աշխուժ քաղաքականութեամբ եւ բազմակողմանի ճնշումներով փորձում են հայկական թոյլ, վախեցած կողմից աւելին ու աւելին ստանալ` դրանով աւելի ու աւելի շատ նահանջ պարտադրելով Ռուսաստանին եւ, մասնաւորապէս, սահմանափակելով նրա խաղաղապահական գործունէութիւնը:

Ռուսաստանի դիմաց մի կողմից թոյլ ու անվստահելի, հակառուսական, պրոարեւմտեան-պրոթուրքական վարքագիծ որդեգրած Հայաստանն է, եւ միւս կողմից` ամրապնդուած ու հսկայական դիրքային առաւելութիւն ձեռք բերած Ազրպէյճանն է եւ Թուրքիան, ում հետ յատկապէս Ուկրանիայի դէմ պատերազմի ճակատագրական ժամանակահատուածում Ռուսաստանն ունի փոխադարձ կենսական շահեր:

Այս պայմաններում Ռուսաստանը ձգտում է կանխել անդրկովկասեան հակամարտութեան սրումը եւ վերջնական լուծումները թողնել յետպատերազմեան, իր համար ամուր ու կայուն շրջանին: Ազրպէյճանցիներն ու թուրքերը, ռուսական դիրքերի ամրապնդման հաւանականութիւնը նկատի ունենալով, ձգտում են Հայաստանից կորզել առաւելագոյնը` օգտուելով Ռուսաստանի ոչ դիւրին վիճակից:

Մեծ խաղի մէջ, որի խաղասեղանին ոչ միայն Սիրիան, Ուքրանիան ու Անդրկովկասն են, այլեւ` աշխարհի վաղուայ ճարտարապետութեան հետ կապուած խնդիրներն ու վերադասաւորումները. շատ հաւանական է, որ Ռուսաստանը Արցախի ու Հայաստանի հաշուին կարող է գնալ մեզ համար ճակատագրական` իր համար դիրքային որոշակի զիջումների, ինչ որ տեղի ունեցաւ 1920-1921 թուականներին:

Ռուսաստանն այսօր յաւակնում է որոշիչ խօսք ասել նոր աշխարհակարգի հարցում եւ դրա մէջ լուծել նաեւ իր ազեցութեամբ ձեւաւորուելիք նոր որակի միութիւնների ու դաշինքների հարցերը:

Եւ այս աստեղային պահին, երբ աշխարհը հիմնական վերաձեւումների մէջ է, հայութեան անկումի ու բարոյազրկութեան հանճարը աւերեց մեր բոլոր առաւելութիւնները, դաւաճանեց առկայ ու հաւանական դաշնակիցներին եւ երկիրը տարաւ դէպի ցեղասպան գիշատչի երախը:

Ոչնչացնելով հայոց երկրի ուժն ու քաղաքական գործօնի կարգավիճակը` ազգադաւ իշխանութիւնն ունի մէկ հոգս. ինչպէս անել, որ արտաքին ուժերը շահագրգռուած մնան իր իշխանութեան երկարաձգմամբ եւ նրանց լուռ համաձայնութեամբ շարունակի ներքին ճնշումներն ու բռնութիւնները, ինչպէս եւ` իր ու խմբակիցների անվերահսկելի թալանը:

Աւելորդ է ասել, որ նման իշխանութեան համար երկրի վարկը, նրա ճակատագիրն ու ներքին կայունութիւնը ստորադասւում են այն հեռանկարի առջեւ, որ նրանց սպասւում է, եթէ զրկուեն իշխանութիւնից: Ազգային ուժերի համար ակնյայտ է, որ հայրենիքի փրկութեան խնդիրը պայմանաւորուած է իշխանութեան փոփոխութեամբ, ինչպէս ակնյայտ է, որ արտաքին ուժերը գործնականօրէն դէմ են խամաճիկ կամակատարների փոխարինմանը ազգային շահերին հետամուտ ուժերով: Եւ այս ամէնն` այն պայմաններում, երբ անցնող երեսուն տարիների ընթացքում հայ ժողովրդի մօտ տեղի է ունեցել հոգեմտաւոր, ազգային-բարոյական արժէքների այնպիսի խեղում, որ նա կորցրել է վտանգի զգացողութիւնը դեռ երէկ իր զաւակներին կոտորած, Արցախն ու Հայաստանը յօշոտել փորձող թուրքի նկատմամբ:

Հոգեւոր հօր եւ քաղաքական մսուրի դասերը սերտած Փաշինեանը դեռ որոշ ժամանակահատուած կարողանալու է իւրայիններին առնելու, մրցակիցներին հալածելու ու բռնութիւնների ենթարկելու ճանապարհով երկարաձգել իր դաւաճանական կառավարումը:

Եթէ մենք պէտք է ապաւինենք ժամանակին, ապա ցանկալի ժամանակը կարող է գալ այն պահին, երբ այլեւս միեւնոյն կը լինի, թէ Հայաստանն ով է ղեկավարում: Ազգային փրկութեան գործի յաւակնորդները պէտք է գտնեն նոր եւ թարմ լուծումներ: Նոր ու թարմ լուծումները, որոնք կը միաւորեն ժողովրդին ու երկրի անկումը կը կասեցնեն, ի յայտ կը բերեն այն գործիչներին, որոնք կը կարողանան անդունդից դուրս բերել եւ դէպի լուսաւոր ապագայ առաջնորդել ազգին:

 

«ԴՐՕՇԱԿ», թիւ 8 (1669), 2022թ.