Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հասցէին սպառնալիքներ եւ հայհոյեանք պարունակող տեսանիւթի առնչութեամբ նախաձեռնուած է քրէական վարոյթ։
«Արմէնփրէս»-ին այս մասին յայտնած են ՀՀ քննչական կոմիտէէն։
«ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ ինքնություններն անհայտ անձինք առանց օրենքով նախատեսված թույլտվության, իրացնելու նպատակով որսացել են համակարգչային ցանցում պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված և համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը, ատելության և անհանդուրժողականության շարժառիթով ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդված՝ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, քաղաքական հայացքներով պայմանավորված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։ Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները բացահայտելու ուղղությամբ»,- յայտնած են ՀՀ քննչական կոմիտէէն:
Համացանցի մէջ մայիս 18-ին տեսանիւթ տարածուած է, որուն մէջ խումբ մը դիմակաւորուած եւ զինուած անձինք սպառնալիքներ ու հայհոյեանքներ կը հնչեցնեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հասցէին։
Արաբկիրի մէջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան նախընտրական քարոզարշաւի ժամանակ տեսանիւթին արձագանգած է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։
«Դիմակները հագել են, իբր ուժեղ տղերք են, իսկ գիտեք ինչո՞ւ են դիմակներով, որովհետև հենց դիմակները հանեն, տեսնելու ենք, որ սրանք մեր զինվորներին թողած, տակները լցրած փախածներն են, չեմ բացառում, որ նաև թիկունքից կրակածներն են։ Դե մի հատ ձեր դիմակները հանեք, դուրս եկեք, տեսնեմ ովքեր եք։ Գաք Հայաստանում դիմակներով ու ավտոմատներով տեսանյութ անեք, տարածե՞ք։ Հատ-հատ գտնելու եմ, թե ովքեր եք։ Հանեք դիմակները ու կամավոր ներկայացեք։ Դուք մեր երեխաներին դիրքերում մենակ թողել ու փախել եք, տականքներ, ստահակներ։ Դուք «Ֆերարի»-ի արագությամբ փախել եք, դուք ո՞վ եք որ խոսեք։ Դուք գաք մեզ ասե՞ք, որ մենք մեր երեխեքին զոհ ենք տվել։ Դուք եք փախել դիրքերից։ Հատ-հատ ձեզ ծնկի ենք բերելու, պատասխանատվության ենք բերելու մեր երեխեքին մենակ թողնելու ա փախչելու համար»,- ըսած է Փաշինեանը։