Մարտի 7-ի երեկոյան Պրահայի ամրոցի Վլադիսլավյան պատմական դահլիճում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը չեխահայ հայտնի գործարար, «Մարլենկա Ինթերնեշընլ» միջազգային ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանին հանձնեց դեռեւս անցյալ տարի շնորհած Ծառայությունների համար Առաջին Աստիճանի մեդալը։ Տեղեկությունը փոխանցում է ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը, նշելով, որ անկախ Չեխիայի պատմության մեջ Գեւորգ Ավետիսյանն առաջին հայն է, որ արժանանում է նման բարձր պարգեւի։
Հանդիսավոր արարողության ժամանակ Չեխիայի բարձրագույն պարգեւների արժանացան չեխական մշակույթի ու գիտության, քաղաքական ու հասարակական կյանքի, մարզական աշխարհի, բիզնես աշխարհի մոտ 60 ներկայացուցիչներ:
Հանդիսավոր արարողությանը ներկա Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը ուրախությամբ նշեց, որ Գեւորգ Ավետիսյանի պարգեւատրումը նաեւ հայության հպարտությունն է, եւ բարձր է գնահատում հայ գործարարի ներդրումը ոչ միայն Չեխիայում, այլեւ չեխ-հայկական հարաբերությունների զարգացման եւ Հայաստանի հետ կապերի ամրապնդման գործում։
Պաշտոնական հանդիսությանը ներկա ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, շնորհավորելով հայ անվանի ձեռներեցին, նշել է, որ չեխահայության համար նշանակալի օր է, քանի որ Գեւորգ Ավետիսյանը անցած տարիների ընթացքում ոչ միայն զարգացրել եւ այսօր 50-ից ավելի երկրներ է արտահանում «Մարլենկա» մեղրով թխվածքատեսակները, այլեւ իր հեղինակությամբ ու բազմաթիվ հարցազրույցներով նպաստում է Հայաստանի ու հայության մասին ճշմարիտ տեղեկատվության տարածմանը։
