image

Բոլորին Սիրելի Պետիկը

Բոլորին Սիրելի Պետիկը

ԴԱՒԻԹ ՅԱԿՈԲԵԱՆ

Ցանկացած քաղաք, ցանկացած գիւղ, նոյնիսկ ցանկացած երկիր կը շաղկապուի որոշ մարդկանց  միջոցով:

Ա՛յ, երբ ասում են, ենթադրենք, Լոռի, շատ որոշակի մարդիկ են գալիս աչքիս առաջ յայտնւում  ե՛ւ պատմութիւնից, ե՛ւ այսօրուայ կեանքից: Ա՛յ, երբ ասում ենք Պէյրութ,  աչքիս առաջ անմիջապէս պատկերներ են գալիս Պուրճ Համուտից, իսկ երբ ասում են Պուրճ Համուտ,  մեծ արագութեամբ որտեղից որտեղ ծլում է մի պատկեր, շատ անսովոր հագուստով, ամէն անգամ տարբեր պայուսակով եւ աշխարհի ամենազարմանալի ժպիտը դէմքին  մի խենթ մարդ, որն է ինքը` Պետիկ Չիֆթելեանը: Պետիկի հետ հանդիպման առաջին իսկ պահից սկսած` էնպիսի տպաւորութիւն էր, որ մենք իրար ճանաչել ենք մանկապարտէզի տարիքից սկսած: Զարմանալի մարդ, զարմանալի գիտելիքների տէր, զարմանալի երաժշտական գիտելիքներ ունեցող, զարմանալի ուշադիր մարդ բոլորի հանդէպ եւ միեւնոյն ժամանակ զարմանալի անտարբերութիւն` սեփական անձի հանդէպ:

Հայաստանում լինի, թէ Պէյրութում մարդ չկայ, որին ցոյց տաս Պետիկի նկարը ու չասեն` Պետիկս է, ընկերս է, խենթ է:

Այո՛, Պետիկը իրօք ընկեր է, չեմ ասում ընկեր էր, որովհետեւ… է՛: Ընկեր է երեւի թէ նրան ճանաչողների յիշողութիւնների մէջ մնացած: Ես երբեք Պետիկի տանը չեղայ, չգիտեմ` ինչպէս ստացուեց, որ այդպէս եղաւ  ու երեւի նրա ընկերներից շատերը չեն եղել նրա տանը, բայց այնպիսի տպաւորութիւն է, որ Պետիկը բոլորիս հետ էր անդադար: Պետիկը չէր էլ ասում գնանք մեր տուն, ու մէկ-մէկ մտածում եմ, որ Պետիկը չէր ասում գնանք մեր տուն ոչ թէ այն պատճառով, որ ինքը տուն չունէր, կամ չէր կարող հիւրասիրել քեզ  (Պետիկը իր պայուսակի պարունակութեան շնորհիւ` հէնց փողոցում կարող էր քեզ հրաշալի հիւրասիրել), ոչ որովհետեւ Պետիկի համար Պուրճ Համուտն ամբողջութեամբ իր տունն էր, Այնճարն ու Պէյրութը` նոյնպէս, գումարած` Երեւանը եւ ամբողջ Հայաստանը: Ա՛յ, մէկ-մէկ երբ ասում են աշխարհի մարդ, երեւի թէ Պետիկը  հէնց այդ մարդկանցից մէկն է:

Միայն պէտք է շնորհակալ լինեմ բախտին ու ճակատագրին, որ իմ ընկերներից մէկը հէնց Պետիկն է: Ու քանզի չեմ տեսել նրա մահը եւ յուղարկաւորութիւնը, չեմ էլ մտածում, որ նա մահացել է, այլ մտածում եմ Պետիկնա էլի, էսօր չէ, վաղը կամ միւս օրը, կամ մի տասը օրից հաստատ դուռս կը թակի, կամ կը զանգի ինձ ու կ՛ասի. «Է՛,  Դաւի՛թ, ի՞նչ կ՛ընես կոր, այսօր պիտի  չնստի՞նք, աղուոր ուիսքի մը ունիմ պայուսակիս մէջ…»:

Մինչ նոր հանդիպում, Պետիկ ջան: