Ամերիկյան լրատվամիջոցները գրում են Բեւեռլի Հիլզում սպանված հայի մասին, նշելով, որ սպանությունը սարսափ ֆիլմ է հիշեցնում։
«Լոս Անջելես թայմզը» գրում է․ «Լոս Անջելեսի շրջանի Բեւեռլի Հիլզ քաղաքում օգոստոսի 30-ին ողբերգական միջադեպի հետեւանքով սպանվել է 40-ամյա հայազգի Վանիկ Ոսկանյանը։
Երկուշաբթի օրը Բըրբանքի Սուրբ Ղեւոնդ առաջնորդանիստ եկեղեցում եւ Գլենդելի Grand View Memorial Park գերեզմանատանը տեղի է ունեցել նրա հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունը, որին մասնակցել է ավելի քան 100 մարդ։

Օգոստոսի 30-ի գիշերը Բեւեռլի Հիլզի North Palm Drive փողոցի ետնամասում գտնվող ծառուղում վեճ է բռնկվել 40-ամյա Վանիկ Ոսկանյանի եւ 19-ամյա տեղացի բնակիչ Քոնորեյ Լավանտարայի միջեւ։
Լավանտարան դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել Ոսկանյանին։ Վերջինս հիվանդանոցում մահացել է ստացած վերքերից։
Սեպտեմբերի 2-ին Լավանտարային մեղադրանք է առաջադրվել սպանության հատկանիշներով, իսկ գրավի չափը սահմանվել է 2 միլիոն դոլար։ Սեպտեմբերի 4-ին նա գրավով ազատ է արձակվել։ Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 5-ին։
Մեղադրյալի փաստաբանը պնդում է, թե 19-ամյա երիտասարդը դանակը կիրառել է ինքնապաշտպանության նպատակով։ Սակայն դատավոր Քիթ Շվարցը հակադարձել է՝ նշելով, որ Լավանտարան ընդհանրապես պատճառ չուներ կոնֆլիկտի մեջ մտնելու, եւ հավելել է, որ նա հարվածել է «բազմաթիվ անգամներ՝ ինչպես սարսափ ֆիլմում»։
Միջադեպից անմիջապես հետո լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե զոհն անօթեւան է եղել․ այս լուրերը խորը ցավ են պատճառել նրա մտերիմներին։
Վանիկի մտերիմ ընկեր Լեւոն Գրիգորյանը նշել է, որ Վանիկն անօթեւան չէր․ նա ապրում էր Գլենդելում՝ մոր եւ եղբոր հետ։ Հայ տղամարդը խելացի, ընթերցասեր, սպորտով ու քաղաքականությամբ հետաքրքրվող անձնավորություն էր։
Ոսկանյանը ծնվել է Երեւանում, սովորել է ատամնաբուժություն, իսկ 2009 թվականին տեղափոխվել է ԱՄՆ (Գլենդել)։ Այնտեղ աշխատել է շինարարության, ոսկերչության ոլորտներում եւ նաեւ՝ որպես ատամնատեխնիկ։
Զոհվածի քեռին՝ Արմեն Հակոբյանը, նշել է, որ ընտանիքը շոկի մեջ է եւ հույս ունի, որ արդարադատությունը կհաղթանակի, քանի որ անմեղ մարդու կյանք է ընդհատվել»։

