Ատրպէյճան ակնյայտօրէն կը նախապատրաստուի Հայաստանի դէմ նոր խոշորածաւալ պատերազմ սանձազերծել, քանի դեռ մենք ուշքի չենք եկած պարտութենէն ու կործանարար «ընտրութիւններէն»: Այս մասին Դիմատետրի իր էջով գրած է քաղաքագէտ՝ Արմէն Այվազեան:
«Այս անգամ թշնամու զօրքերի յարձակման հիմնական նպատակներն են լինելու՝
Տիգրանաշէնի (Քեարքի, Քարքէ) գրաւումը եւ այդպիսով Սիւնիքը Հայաստանի կեդրոնական մասից կտրելը:
Մեղրիի եւ Սիսիանի շրջանների (կամ դրանցից մէկի) գրաւումը եւ Նախիջեւանի հետ «Զանգեզուրեան միջանցքի» ստեղծումը, դրանով իսկ նաեւ Իրանի հետ Հայաստանի ցամաքային կապի վերացումը ու Թուրքիոյ հետ Ատրպէյճանի անմիջական ցամաքային կապի հաստատումը:
Սեւանի արեւելեան ափի գրաւումը եւ լճի ջրային միջոցների վրայ վերահսկողութեան հաստատումը:
Նոյեմբերեանի եւ Իջեւանի շրջանների որոշ հատուածների գրաւումը եւ այդ գծով Վրաստանի հետ Հայաստանի ճանապարհային կապի վերացումը։
Իսկ ի՞նչ է պատրաստւում անել ՀՀ կառավարութիւնը երկրի բուն գոյութեանն սպառնացող այս վերահաս ներխուժմանը դիմագրաւելու համար։ Ի՞նչ են մտածում այս մասին հայ զօրավարներն ու Գլխաւոր շտաբը։ Ի՞նչ է կանխատեսում ՀՀ ԱԱԾ-ն (Ազգային Անվտանգութեան Ծառայութիւն)։ Ի՞նչ է ծրագրում անել խորհրդարանական ընդդիմութիւնը։
Պաշտպանութեան բնագաւառում մեր անելիքները ծով են ու յապաղում չեն հանդուրժում։ Բայց պահի լրջութեանը համապատասխանող պաշտպանական մեծածաւալ աշխատանքներ, յատուկ միջոցառումներ ու նախապատրաստութիւններ երկրում այդպէս էլ չեն իրականացւում։ Ու մի՞թէ հենց այսպիսի անփառունակ վախճան է ունենալու մեր հինգհազարամեայ հայրենիքը՝ «Ապագայ կայ» փաշինեանական հեգնանքի ներքոյ։
Աստուած մեզ հետ»,- գրած է Այվազեան։