ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան շնորհաւորական ուղերձ յղած է Արցախի Հանրապետութեան հռչակման 31-ամեակի առիթով։ Այս մասին յայտնած են Կառավարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերու վարչութենէն։ Ուղերձին մէջ, մասնաւորապէս, նշուած է.
«Սիրելի՛ ժողովուրդ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
31 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ Շահումեանի շրջանի բոլոր մակարդակների պատգամաւորների համատեղ նստաշրջանն ինքնորոշման իրաւունքի կիրառմամբ որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի անկախութեան հռչակագրի ընդունման մասին։
Մեր հայրենակիցների այս որոշումը պատասխանն էր գոյութենական սպառնալիքի, որի դրսեւորումներն էին Սումկայիթի, Պաքուի, Կիրովաբադի ջարդերը։ Այս որոշումը կայացուեց որպէս երաշխիք արցախահայութեան անվտանգութեան եւ իրաւունքների պաշտպանութեան։
Անկախութեան հռչակագրին յաջորդեցին 1991 թուականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքուէն, Արցախեան 1-ին պատերազմը, 4-օրեայ պատերազմը, 44-օրեայ պատերազմը։ Փաստը, որ Լեռնային Ղարաբաղում կամ դրա մի հատուածում շարունակում են ապրել մեր հայրենակիցները, մնաց նոյնը։ Եւ նրանք իրաւունք ունեն ապրել իրենց բնօրրանում՝ անվտանգ միջավայրում, որտեղ պաշտպանուած կը լինեն իրենց իրաւունքները։ Ըստ էութեան, սրանում է կայանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էութիւնը։
Անտեղին են Լեռնային Ղարաբաղի՝ որպէս տարածքային միաւոր գոյութիւն չունենալու եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի յանգուցալուծուած լինելու մասին բոլոր յայտարարութիւնները, քանի դեռ անբեկանելիօրէն հասցէագրուած չեն արցախահայութեան անվտանգութեան եւ իրաւունքների պաշտպանութեան խնդիրները, եւ ըստ այդմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, ինչի առնչութեամբ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութիւնն ունի միջազգային հանրութեան կողմից հաստատուած եւ չչեղարկուած մանթատ։
Միջազգային հանրութիւնը պարտաւոր է ջանքեր գործադրել 44-օրեայ պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար (մարդասիրական) խնդիրների հասցէագրմանը եւ թոյլ չտալ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականութեան իրականացումը։
Հայաստանի Հանրապետութիւնը շարունակելու է աջակցութիւն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունէութեան ապահովմանը, անվտանգութեան եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան խնդիրներին։ Այսօր մենք մեր գնահատանքի խօսքն ենք ասում Լեռնային Ղարաբաղը մարմնաւորող Մարդուն, եւ մեր խնդիրն է՝ խաղաղ, քաղաքակիրթ միջոցներով, բանակցային եղանակով ապահովել խաղաղ ապրելու եւ արարելու նրա անօտարելի իրաւունքը:
Այսօր մենք խոնարհումով ենք յիշում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրաւունքների պաշտպանութեան համար նահատակուած մեր եղբայրներին ու քոյրերին, եւ նրանց առաջ մեր պարտաւորութիւնն է՝ ապահովել խաղաղ Լեռնային Ղարաբաղ, խաղաղ Հայաստան, խաղաղ Հարաւային Կովկաս»։