Յունուարի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգեան հոգեւոր ճեմարանի հանդիսութիւնների դահլիճում Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով հանդիպեց Մայր Աթոռի տարբեր կառոյցներում պաշտօնավարող աշխարհական աշխատակիցների հետ:
Միասնական աղօթքից յետոյ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը ներկաների անունից շնորհաւորեց Նորին Սրբութեանը բերկրաշատ տօների առիթով` վստահեցնելով, որ Մայր Աթոռի պաշտօնէութիւնը պիտի շարունակի լծակից լինել Հայոց Հայրապետին ազգանպաստ եւ եկեղեցաշէն ծրագրերի իրականացման գործում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտօնէութեան անունից Վեհափառ Հայրապետին շնորհաւորական խօսք ուղղեց նաեւ Մայր Աթոռի Համակարգչային եւ ինժիներատեխնիկական սպասարկման բաժնի տնօրէն տիար Սմբատ Մարգարեանը:
Այնուհետեւ Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով ներկաներին շնորհաւորեց եւ իր հայրապետական օրհնութիւնն ու բարեմաղթանքները փոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նորին Սրբութիւնն իր երախտագիտութիւնն ու գնահատանքը յայտնեց Մայր Աթոռի աշխատակազմին մանաւանդ յետպատերազմեան այս դժուարին շրջանում նուիրումով, սիրով եւ նախանձախնդրութեամբ իրենց պարտականութիւններն ու աշխատանքներն իրականացնելու համար, որի արդիւնքում Հայոց Եկեղեցին կարողանում է առաւել արդիւնաւէտ կերպով իրագործել իր առաքելութիւնը հայ ժողովրդի կեանքում:
Խօսելով հայ ժողովրդի ու Հայրենիքի առջեւ ծառացած մարտահրաւէրների մասին` Ամենայն Հայոց Հայրապետը յորդորեց Մայր Աթոռի աշխատակիցներին Քրիստոսի պատգամներով զօրացած` յոյսով ու հաւատքով դիմակայել բոլոր փորձութիւններին ու դժուարութիւններին:
Վեհափառ Հայրապետը նաեւ անդրադարձաւ տարուայ ընթացքում նախանշուող կարեւոր ծրագրերին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի աշխատակիցներին մաղթեց Աստծոյ օգնականութիւնն ու պահպանութիւնն իրենց ստեղծագործական կեանքում առաւելագոյն արդիւնքներ արձանագրելու ի սեր հայ ժողովուրդի բարօր կեանքի, հայրենիքի զօրացման եւ Եկեղեցու պայծառութեան: