image

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

Դեկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: 

Հանդիպման ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց վերջին օրերին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղը հայտնվել է շրջափակման մեջ։ Վեհափառ Հայրապետը, դատապարտելով սույն իրողությունը, ընդգծեց, որ Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է, իսկ նման հայատյաց քաղաքականությունը   հանգեցնելու է հումանիտար աղետի։

Իրավիճակի հանգուցալուծման համար Նորին Սրբությունը կենսական նկատեց միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համարժեք միջոցառումները՝ ի խնդիր Ադրբեջանի վայրագ գործողությունների կասեցման։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցեցին նաև պատերազմի հետևանքների հաղթահարման, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։  Այս կապակցությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքը փոխանցեց ի դեմս դեսպանի ԱՄՆ իշխանություններին պատերազմի ու հետպատերազմյա շրջանում Հայաստանին ցուցաբերած զորակցության համար։