Դեկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Ամերիկայի Միացեալ Նահանգների արտակարգ եւ լիազօր դեսպան Լին Թրեյսիին, ով աւարտում է իր դիւանագիտական առաքելութիւնը Հայաստանում:
Հանդիպման ընթացքում մասնաւոր անդրադարձ կատարուեց վերջին օրերին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծուած իրավիճակին, որի հետեւանքով Լեռնային Ղարաբաղը յայտնուել է շրջափակման մէջ: Վեհափառ Հայրապետը, դատապարտելով սոյն իրողութիւնը, ընդգծեց, որ Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է, իսկ նման հայատեաց քաղաքականութիւնը յանգեցնելու է հումանիտար աղէտի:
Իրավիճակի հանգուցալուծման համար Նորին Սրբութիւնը կենսական նկատեց միջազգային հանրութեան, մասնաւորապէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համարժէք միջոցառումները` ի խնդիր Ադրբեջանի վայրագ գործողութիւնների կասեցման:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցեցին նաեւ պատերազմի հետեւանքների յաղթահարման, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգաւորման եւ Ադրբեջանի վերահսկողութեան տակ յայտնուած հայկական պատմական հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան ուղղութեամբ տարուող աշխատանքների մասին: Այս կապակցութեամբ Նորին Սրբութիւնն իր գնահատանքը փոխանցեց ի դէմս դեսպանի ԱՄՆ իշխանութիւններին պատերազմի ու յետպատերազմեայ շրջանում Հայաստանին ցուցաբերած զօրակցութեան համար: