Մարտի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սույն թվականի փետրվարի 4-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ եկեղեցականներին՝ առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի:
Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը փոխանցելով քահանա հայրերին, հորդորեց վերջիններիս իրենց ծառայությունն իրականացնել ավետարանական պատվիրանների ու պատգամների համաձայն, առաջնորդվել մեր սուրբ հայրերի օրինակով։
![]()
Հայոց Հովվապետն ընդգծեց նաև, որ նորաօծ հայրերն իրենց ծառայության մեջ կհանդիպեն բազմաթիվ դժվարությունների և մարտահրավերների, սակայն առ Աստված զորավոր հավատքով, նվիրյալ ծառայությամբ, խոհեմությամբ ու համբերատարությամբ կկարողանան հաղթահարել դրանք՝ արդյունավետ դարձնելով հոգևոր սպասավորությունը մայր եկեղեցու անդաստանում:
Վերջում Վեհափառ Հայրապետը պատգամեց հոգևոր հայրերին լինել անսասան ու հաստատուն իրենց կոչման մեջ, հույսով, հավատքով, սիրով և անձնդիր նվիրումով ծառայեն հավատավոր հոտին:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց հոգևորականներին և նրանց ընծայեց ձեռաց խաչեր ու Սուրբ Հաղորդության մասնատուփեր:
![]()