«Տիկին Վարդապետեան, ինձ թւում է Դուք անելիք ունէք, մայիսի 9-ին Հանրային հեռուստատեսութեամբ 44-օրեայ պատերազմի կեղծ լուրերի մունետիկի՝ Արծրուն Յովհաննիսեանի յայտարարութիւնների վերաբերեալ իրականացնել իրաւական ուսումնասիրութիւն»,-այս մասին Ազգային Ժողովէն նեւս Քննչական Կոմիտէի 2024-ի գործունէութեան հաղորդումը քննարկելու ընթացքին ըսած է Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծուիկ Մինասեանը, անդրադառնալով մայիս 9-ին Հանրային հեռուստաընկերութեան եթերին Պաշտպանութեան նախարարութեան մամուլի նախկին խօսնակ Արծրուն Յովհաննիսեանի յայտարարութիւններուն:
«Գնահատական հնչեցրէք յատկապէս մարդկութեան դէմ իրականացրած յանցագործութիւն կատարած նացիստական Գերմանիայի եւ Հիտլերի կառավարման ռեժիմն արդարացնելու կամ վտանգաւորութիւնը մեղմացնելուն ուղղուած գործողութիւնների, ու ոչ աւել ոչ պակաս խեղաթիւրելով ողջ պատմութիւնը՝ մի հատ էլ հայերիս էմոցիոնալ ֆոնը բարձրացնելու համար յայտարարում է, թէ հիտլերեան Գերմանիան անկախ Հայաստան էր ուզում, ընդ որում՝ մեր պատմական Հայաստանն էր ուզում կերտել», -ըսած է Մինասեանը:
Յիշեցնենք, որ Պետրոս Ղազարեանի հետ հարցազրոյցին Արծրուն Յովհաննիսեանն ըսած էր. «Թուրքիան Գերմանիայի հետ ունէր չէզոքութեան որոշակի պայմանագիր եւ որոշակի նիւթեր էր մատակարարում։ Բայց հարցն այն է, որ Թուրքիան այդ ժամանակ որեւէ էական ուժ չունէր յարձակուելու Կովկասում՝ նոր ճակատ բացելու, դա միֆ է։ Կան արխիւային փաստաթղթեր։ Դրան հակառակ Գերմանիան ունէր ծրագիր՝ մշակուած յստակ ծրագիր էր։ Եւ այդ ծրագիրը ենթադրում էր, որ եթէ Գերմանիան Ստալինգրադից յետոյ իջնի Կովկաս, վերցնի Կովկասը, ապա պիտի Բուլղարիայից որոշակի դիւիզիաներ, ցամաքային զօրքեր, այդ թւում նաեւ՝ անկախ Հայաստանից արդէն նաեւ հայկական լեգէոները, որի մասին գիտէք՝ Գարեգին Նժդեհ, Դրաստամատ Կանայեան, այդ ուղղութեամբ աշխատում էին գերմանացիների հետ, որպէսզի ռազմագերիութեան կարգավիճակ ունեցող հայերից ձեւաւորեն հայկական լեգէոն եւ որոշակի ձեւաւորուած հայկական լեգէոներ կային, որոնք ոչ մի լուրջ էական գործողութիւն չեն արել իրական մարտական դաշտերում։ Բայց եթէ նման բան լինէր, պիտի ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Բուլղարիայից գերմանացիները ներխուժէին գրաւէին Թուրքիան։ Այդ ծրագիրը ենթադրում էր նաեւ միացեալ պատմական Հայաստանի ստեղծում»: