Օրերս լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Չիլդիր/Աքթաշ-Կարծախ սահմանակետի բացումից հետո, թուրքերի և ադրբեջանցիների ազատ ելումուտի հետևանքով Ջավախքում վտանգավոր գործընթացներ են սկսվել:
Ելնելով խնդրի լրջությունից՝ «Արևելքը» որոշեց զրուցել ժամանակավորապես Երևանում գտնվող մի խումբ ջավախահայերի հետ, որոնք տեղյակ են խնդրից և որոնց ինքնությունը, իրենց իսկ ցանկությամբ, չենք հրապարակում:
Մեր զրույցների արդյունքում պարզ դարձավ, որ թուրքերը տիրապետում են տեղանքի և հայության հետ կապված ցանկացած ինֆորմացիայի, ինչը անհանգստացնում է տեղի հայերին: Ջավախահայերն ասում են, որ թուրքերի և ադրբեջանցիների՝ տարածքում տիրություն անելուց հետո, հայերին, օրինակ, աշխատանքի չեն վերցնում բենզալցակայաններում, որոնք, ըստ մեր զրուցակցի, պատկանում են ադրբեջանցիներին: Պարզվեց նաեւ, որ հայ հովիվները դժվարությամբ են սարերը բարձրանում, որովհետև, ինչպես նշեց մեր ջավախահայ զրուցակիցներից մեկը, «թուրքերն ամբողջ սարերը էժան գներով առել են և հովվություն են անում այդ տարածքներում»: Մեր զրուցակիցները ահազանգում են. «Թուրքերն ու ադրբեջանցիները համագործակցում են աջարների հետ՝ հայերի և վրացիների դեմ ինչ-ինչ հարցերում: Աջարները չարիք են և՛ վրացիների և՛ հայերի համար»,-ասում են: Ըստ նրանց, Ջավախքում հեղինակություն վայելող որոշ հայ պաշտոնյաներ տեղյակ են երևույթից, բայց աչք են փակում: Եղել են դեպքեր, երբ հայ տղաները պայքարել են, սակայն, միայնակ լինելով, չեն կարողանում երևույթը արմատախիլ անել: «Ո՞ւր է Հայաստանը»,- ահազանգում է մեր զրուցակիցներից մեկը, նշելով, որ Ջավախքում այսօր հայերը խնդիրներ ունեն շատ ոլորտներում, ինչպես օրինակ՝ կրթության: Մեր զրույցների ընթացքում պարզ դարձավ, որ եղել են դեպքեր, երբ ջավախահայ ուսանողները ստիպված են եղել ազգանուն փոխել՝ Սահակաշվիլու մոր ղեկավարած համալսարանում սովորելու համար:
«Թուրքիան վրացիներին ու ռուսներին լարեց իրար դեմ, ինչ է Թուրքիայի սահմանը բացվի և Ջավախքը թուրքերով լցվի»,-նշում է մեր զրուցակիցներից մեկը, ավելացնելով, որ այլևս անհնար է հանդուրժել այս իրավիճակը: