Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 24-25-ը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300» խորագրով միջազգային գիտաժողով: Մինչ այդ՝ հոկտեմբերի 23-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական նոր մասնաշենքի ցուցասրահում կբացվի «Մխիթարյանների 300-ամյա պատմություն» խորագրով ցուցադրություն:
Ցուցադրությանը ներկայացվելու են Վենետիկի Սուրբ Ղազար կղզում 17-18-րդ դարերին տպագրված գրքեր: Ցուցահանդեսի բացմանը ներկա է լինելու Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Լևոն արք. Զաքիյանը:
Գիտաժողովն ունի մի քանի բաժին՝ «Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում», «Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում», «Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ»:
2018 թվականին Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում գիտաժողով է կայանալու Վենետիկում, ինչպես նաև Երևանում՝ նվիրված «Բազմավեպ» գիտական հասարակական հանդեսի հիմնադրման 175-ամյակին: