image
Հրատապ լուրեր:

Թուրքիայում ապրող հայաստանցի երեխաները չեն տուժի

Թուրքիայում ապրող հայաստանցի երեխաները չեն տուժի

Վերջերս Թուրքիայում ապրող մի խումբ հայաստանցիներ դիմել են Պոլսո հայոց պատրիարքարան` այն մտահոգությամբ, թե Հայաստան տեղափոխվելու դեպքում Թուրքիայի դպրոցներում սովորող իրենց երեխաների փաստաթղթերը արդյոք ճանաչելի կլինե՞ն Հայաստանում:

Մտահոգությունն օրերս Հայաստանի Կրթության և գիտության նախարարությանն անձամբ էր փոխանցել Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը: Հանդիպելով ԿԳՆ պաշտոնյաների հետ` Սրբազանը ներկայացրել էր իրավիճակը, նշելով, որ հայաստանցի հարյուրավոր միգրանտների երեխաներ  են սովորում  Թուրքիայի դպրոցներում, հիմնականում` Հրանտ Դինքի անվան դպրոցում: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը մշտապես մտահոգություն է առաջացնում Թուրքիայում սովորող  հայաստանցի երեխաների ծնողների շրջանում, սակայն Կրթության և գիտության նախարարության սփյուռքի բաժնից  «Արեւելքին» այս հարցի առնչությամբ տեղեկացրին, որ կրթությունն այն ոլորտն է, որտեղ երեխաները չպետք է տուժեն, և Թուրքիայի դպրոցական համակարգից Հայաստանի դպրոցական համակարգ տեղափոխվել ցանկացող  հայաստանցի աշակերտների փաստաթղթային  հարցերը կարգավորվում են այնպես, ինչպես կարգավորվում են այլ երկրներից Հայաստան տեղափոխվող  աշակերտների դեպքում:

«Եթե տվյալ դպրոցը, որտեղ սովորում է հայաստանցին, ճանաչված է թուրքական պետության կողմից, ապա ոչ մի խնդիր չկա, երեխան հանգիստ կարող է իր փաստաթղթերով տեղափոխվել մեր դպրոց, և եղել են դեպքեր, երբ Թուրքիայից Հայաստան աշակերտներ են   եկել,  այսօր մարզերի դպրոցներում սովորում են»,-մեզ հետ զրույցում ասաց ԿԳՆ Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ  Նունե Վարդանյանը` ավելացնելով, որ եթե տարրական դպրոցի աշակերտների դեպքում գիտելիք ստուգելու խնդիր սովորաբար չկա, ապա բարձր դասարանցիների դեպքում ստուգվում է գիտելիքը և ըստ այդ ընտրվում է դասարանը, որտեղ նրանք պետք է սովորեն:

Ինչ վերաբերվում է Հրանտ Դինքի անվան դպրոցին, որտեղ հիմնականում սովորում են հայաստանցիների երեխաները, և որը ճանաչված չէ Թուրքիայի պետության կողմից,  ապա Պոլսո պատրիարքարանը պատրաստակամություն է հայտնել փաստաթուղթ տրամադրել այդ դպրոցից Հայաստան տեղափոխվել ցանկացող աշակերտներին: Հարցը քննարկվել է Հայաստանի ԿԳ նախարարությունում, վերջնական որոշում չի ընդունվել, սակայն սա հավանաբար միակ լուծումը կլինի պետական ճանաչում չունեցող այդ դպրոցի դեպքում, և, ինչպես նշեցին նախարարությունից, առաջիկայում կքննարկվի պատրիարքարանի տրամադրած փաստաթղթի օրինականության հարցը:

2003 թվականից գործող Հրանտ Դինքի անվան դպրոցն առաջնորդվում է ՀՀ կրթական ծրագրերով և դասագրքերով, իսկ դպրոցում դասավանդող մասնագետներն էլ հայաստանցիներ են:   Թուրքիան իր կրթական համակարգում չի ընդունել երկրի տարածքում գործող հայաստանյան միակ դպրոցը, սակայն ինչպես սովորաբար ասում են այս դպրոցի դեպքում`  «աչք է փակում», կառավարության կողմից խոչընդոտներ չկան:  12 տարում աշակերտների թիվը հասել է մոտ 150-ի: 


 

Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի