Մեծ Բրիտանիայի Էյվոնի Ստրաթֆորդ (Stratford-upon-Avon) քաղաքի կենտրոնում առաջին անգամ բարձրացել է Հայաստանի դրոշը:
Առիթը Շեքսպիրի ծննդյան ամենամյա շքերթն էր, որն աշխարհահռչակ դրամատուրգի ծննդավայրում անց է կացվում ամեն ապրիլի 21-ի՝ 1960-ականներից ի վեր:
Մեծանուն գրողի ծննդյան օրն իր հարազատ քաղաքի իշխանությունները նշում են առնվազն 200 տարի շարունակ, սակայն շքերթը համեմատաբար նոր ավանդույթ է: Դրան մասնակցում են տարածքի բազմաթիվ դպրոցներ, հասարակական կազմակերպություններ և օտարերկրացի շեքսպիրասերներ:
Հայաստանը ներկայացնելու մտահղացման հեղինակն է սփյուռքահայ Անաիս Վանյան-Քուփերը, որը Շեքսպիրի դստեր տուն-թանգարանի տնօրենն է Ստրաթֆորդում: Նա երկու տարի է, ինչ բանակցում էր Լոնդոնում ՀՀ դեսպանության հետ, որպեսզի միասին ներկայացնեն Հայաստանը:
Այն, որ այս տարի եռագույնը ծածանվեց քաղաքի ամենակարևոր տոնին, ի թիվս Չինաստանի, Ճապոնիայի, Ֆրանսիայի և այլոց պետական դրոշների, նա, իբրև հայաստանասեր հայ, համարում է նաև անձնական նվաճում:
Ստրաթֆորդի գլխավոր տեսարժան վայրերից մեկի՝ Hall’s Croft-ի մենեջերը շքերթին հագել էր իր նախնիների հայրենիք Ակնի տարազը և ներկայացել որպես հայկական փոքրաթիվ խմբի անդամ, այլ ոչ՝ Shakespeare Birthplace Trust-ի՝ Ստրաթֆորդում Շեքսպիրյան ժառանգության հոգաբարձու կազմակերպության աշխատող:

Հայաստանը ներկայացնող խումբը Holy Trinity եկեղեցու բակում
Լոնդոնում ՀՀ դեսպանատնից ժամանել էր հյուպատոս Հայարփի Դրմեյանը: Թե՛ հյուպատոսը և թե՛ Վանյան-Քուփերը, հուսով են, որ սա կդառնա ավանդույթ, և Հայաստանը, որպես շեքսպիրասերների երկիր, կշարունակի իր մասնակցությունն ամենամյա տոնախմբությանը: Վերջում խումբը ծաղիկներ տեղադրեց հանճարեղ բանաստեղծի դամբարանին Holy Trinity եկեղեցում՝ Էյվոն գետի ափին:
2016-ին Մեծ Բրիտանիան պետական մակարդակով, շուքով նշեց Վիլյամ Շեքսպիրի մահվան 400 տարին: Այդ տարի ապրիլի 21-ին նրա ծննդավայր Ստրաթֆորդը հեղեղել էին բեմական արվեստի աստղերն ու արքայազն Չարլզը:
Նանե Վ.Հ.