Սույն թվականի Հունվարի 28 –ից 29-ը Բեռլինի Քուրֆուրսթենդամ թաղամասի Սոֆիթել հյուրանոցում Արևմտահայերի Ազգային կոնգրեսի (www.ncwa) կազմակերպած և «Իրավունքների շուրջ միավորված» խորագրի ներքո իրականացված Փոքր Ասիայի ժողովուրդների երկխոսությանն ուղղված երկօրյա գիտաժողովն ավարտեց իր աշխատանքները:
Փոքր Ասիայի ժողովուրդների (թուրք, հայ, հույն, քուրդ, վրացի, արաբ, ասորի, հրեա, զազա, քըզըլբաշ, պոնտոսցի, լազ) միջև երկխոսությանը միտված գիտաժողովը միևնույն ժամանակ նվիրված էր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին:
Արևմտահայերի Ազգային կոնգրեսի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սերայդարյանն իր բացման խոսքի մեջ նշեց, որ այս գիտաժողովը հնարավոր չէր լինի իրականացնել` առանց հարգարժան գիտնական Թեսա Հոֆմանի, հարգարժան Սաիթ Չեթինօղլուի (գրող, ուսումնասիրող), Ռեջեփ Մարաշլըի (հրատարակիչ, ուսումնասիրող), Համո Մոսքոֆյանի (ժողովրդական դիվանագետ և թղթակից), Անքարայի ազատախոհության պլատֆորմի, քրդական Գելավեժ կազմակակերպության աջակցության, և հատուկ շնորհակալություն հայտնեց նրանց:
Կոնֆերանսի մասնակիցների ցանկում կային պատգամավորներ Թուրքիայի, Հայաստանի, Լիբանանի, Իրաքյան Քուրդիստանի խորհրդարաններից, նաև գիտնականներ և գիտաշխատողներ, ինչպես նաև մասնակցում էին Անքարայի Ազատախոհական պլատֆորմը, “ԱԳԱԴԵՔԱ” կազմակերպությունը, Ցեղասպանությունների ուսումնասիրման միջազգային աշխատանքային խումբը, Ֆրանկֆուրտի Զազաների ինստիտուտը, Գելվեժ կազմակերպությունը, Բեռլինի հայկական մշակութային ընկերակցությունը, Ազատություն և սոցիալիզմ կուսակցությունը, Քուրդիստանի կոմունիստական կուսակցությունը, Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը, Ֆրանսիայի եզդիների ֆեդերացիան, Եվրոպայի պոնտոսցի հույների կազմակերպությունների ֆեդերացիան, Հեղափոխական Սև ծով կազմակերպությունը, Հույն փախստականների ֆեդերացիան, Կանաչներ- ձախակողմյան ապագայի կուսակցությունը, Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված ժողովուրդների հիշատակման ընկերակցությունը, Թուրքիայի Նոր Զարթոնքը, Գործունեություն հանուն խաղաղության կազմակերպությունը և մի շարք այլ ժողովրդավարական հասարակական կազմակերպություններ, որոնք գործունեություն են ծավալում այս բնագավառում:
Ինչպես անվանումից կարելի էր ենթադրել, հանդիպման ֆորմատը ոչ ամբողջովին work shop էր, ոչ էլ ամբողջովին հասարակական կազմակերպությունների խորհրդաժողով և աչքի ընկավ իր յուրահատկությամբ:
Թուրքիայից մասնակիցների շարքում էին Վանի երեսփոխան Հեզեր Թուղբան, Իբրահիմ Սևենը, Հրանտ Գասպարյանը, պրոֆեսոր Բասքըն Օրանը, իրավաբան, Ստամբուլի հայ երեսփոխաններից Սելինա Դողանի ամուսին Էրդալ Դողանը, իրավաբան Էրջան Քանարը, լրագրող Յավուզ Բայդարը, նախկին երեսփոխան, գիտնական Ուֆուք Ուրասը և Թուրքիայից դուրս բնակվող հրատարակիչ, գրող Ռագըփ Զարաքոլուն:
Հայաստանի և Թուրքիայի միջև, չնայած, որ երկու երկրներն էլ ստորագրել են միմյանց ճանաչելու համաձայնագիր, սակայն չի ստորագրվել դիվանագիտական համաձայնագիր, դե յուրե չկան դիվանագիտական հարաբերություններ: Սակայն Թուրքիայի երբեմնի նախագահ Թուրգութ Օզալի կառուցողական առաջարկով կազմավորված Սևծովյան երկրների տնտեսական համագործակցության կազմակերպության մեջ Հայաստանի ներառումը հնարավորություն ստեղծեց եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակտո հարաբերություններ ունենալ Թուրքիա-Հայաստանի միջև:
Վերջին տարիներին Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, մոր կողմից մշեցի, հոր կողմից վանեցի, Արագած Ախոյանի անհատական ջանքերով, Թուրքիայում ժողովրդավար անհատ և կազմակերպությունների միջոցով ոչ պաշտոնական հարաբերություններ են ստեղծվել: Թուրքիան, Ախոյանի այս նախաձեռնություններն ամբողջովին անպատասխան չի թողնում: Մյուս կողմից փորձելով չափավոր լինել` փոխադարձ հասկացողության շրջանակներում արգելք չի հանդիսանում այս ջանքերին:
Այդ իսկ պատճառով կոնֆերանսի մասնակիցների մեջ էին և Բեռլին էին եկել ինչպես Արագած Ախոյանը, այնպես էլ ՀՀ-ի Ազգային ժողովի մեկ այլ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Ռուսաստանի Դաշնությունից էլ ներկա էին քաղաքագետներ Վիկտոր Մալիսչևը և Կարինե Գևորգյանը՝ դիտորդի կարգավիճակով: Թուրքիայից և ՀՀ-ից երեք հոգի, չկարողացան Բեռլին գալ Գերմանիայից վիզա չստանալու պատճառով:
Առաջին օրը Վանի պատգամավոր Հեզեր Թուղբայի, ՀՀ-ի Աժ-ի պատգամավոր Շիրակ Թորոսյանի, Լիբանանից պատգամավոր Շանթ Չինչինյանի, Իրաքյան Քուրդիստանի պատգամավոր Ալի Հալլոնի և Սիրիայի ժողովրդ քրդական միություն կուսակցության ներկայացուցիչ Խալեդ Իսայի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման, ամեն մեկն անդրադարձավ իր խնդիրներ և հայկական հարցում իրենց մտքերն արտահայտեցին:
Այստեղ ելույթ ունեցողներն իրենց կրոնական, դավանաբանական, մշակութային և ազգային ինքնություններն արտահայտելով` որպես բնական իրավունք, միևնույն ժամանակ չէին հակադրում “ես”-ը կամ “մենք”-ը “դու”-ին և “դուք”-ին` ընդգծելով դրա անընդունելի ու հանցավոր լինելը: Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ դեռևս 20-25 տարի առաջ նման ժողովներում, նմանատիպ հայտարարություններից հետո զինված պայքարն արդարացնող և զինված պայքարի համար հող նախապատրաստող ելույթներ էին հնչում, մինչդեռ այժմ նշույլ անգամ չկար… Տարբեր ժողովուրդների խնդիրներն ի հայտ բերող այս նիստը վարում էր Սուրեն Սերայդարյանը…
Գերմանիայում Հայկական հարցի ուսումնասիրությամբ ճանաչված Թեսսա Հոֆման-ի մոդերատորությամբ տեղի ունեցած Ժողովրդավարություն, երկխոսություն և արդարություն խորագրով նիստին մասնակցեցին Յավուզ Բայդար, Հրանտ Գասպարյան, Ռագըփ Զարաքոլու, Ստեֆանոս Տանիմադիս և Ժիրայր Քոչարյանը:
Մի կողմից, այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչողների` տարիներ առաջ ժխտող վերաբերմունքն էր ընդգծվում, ժամանակի ընթացքում իրենց մտածելակերպը փոխելու հանգամանքը հերքող (?) տարօրինակ մի մոտեցում էր առաջ քաշվում:
Մյուս կողմից էլ, խոսելով Թուրքիայի հետ երկխության մասին, ընդգծվում էր սխալ չհասկացվելու հանգամանքը. երկխոսությունը ոչ թե պետության հետ է, այլ ժողովրդավարական հասարակական կազմակերպությունների և կառույցների հետ: Հաճախ էր խոսվում հասարակության և պետության միջև ամալգամի առկայության մասին: Ի վերջո` Թուրքիայում առկա դրության պայմաններում թեկուզ և փոքր մասշտաբի պաշտոնական երկխոսության անհնարինության մասին էլ խոսվեց:
Զարաքոլուն իր խոսքի մեջ նշեց, որ Օսմանյան առաջին սահմանադրությունը կազմողներից, գրողներից մեկը օսմանահպատակ հույն էր, մեկն էլ ճանաչված հայ իրավագետ Գրիգոր Օտյանն: Ներկա գտնվողների մի մասը չգիտեին դրա մասին և նրանց համար նոր տեղեկություն էր սա:
Սուրեն Սերայդարյանի մոդերատորությամբ ընթացող նիստը, որին մասնակցում էին Իշխան Չիֆթչիյանը, Էրջան Քանարը, Լևոն Գևորգյանը, Լուսիանա Մինասյանը և Էրդալ Դողանը, վերաբերում էր փոխհատուցման չափանիշների ճշգրտումներին:
Ուշագրավ, նորաշունչ ելույթներից մեկն էլ Էրդալ Դողանի ելույթն էր: Նա իր ելույթում նշեց, որ փախստականների ճգնաժամից սկսած մինչև այսօր Թուրքիան Գերմանիայից 76, 5 միլիոն € արժողությամբ զենք է ներմուծել և Գերմանիայից զենք ներմուծող երկրների շարքում 25-րդ տեղից դարձել է 8-րդ տեղը զբաղեցնող երկիր:.
Այս պայմաններում, երբ Եվրոպական միությունը, որի լոկոմոտիվի դերն ստանձնել է Գերմանիան, Թուրքիայի վերաբերյալ Եվրոխորհրդի մեջ, Ստրասբուրգում (որին անձամբ ես ներկա եմ եղել,-Ր.Ա.Հերմոնն) արտակարգ նիստ գումարելու մասին առաջարկը մերժում է վերջին պահին և քաղաքական հաշվարկներից ելնելով աչք է փակում Թուրքիայում տեղի եղող մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների փաստի առջև, ինչ սպասելիք կարող է լինել հարցադրումը նույնպես հնչեց:
Երկրորդ օրը` այսինքն կիրակի օրվա նիստին մասնակցում էին պրոֆեսոր Բասքըն Օրանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը, Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը, Իրաքյան Քուրդիստանի պատգամավոր Թոմաս Սելիշմ Քաքոոն, ռուսաստանցի քաղաքագետ Կարինե Գևորգյանը և Նոր Զարթոնքը ներկայացնող Հովհաննես Քյոսեյանը:
Բասքըն Օրանի ելույթը գրեթե նույնն էր T24 կայքում Հրանտ Դինքին վերաբերող նրա գրությունների հետ ու նույն ոգով էր: Հատկապես որոշ նկատառումներ միայն հայ չհանդիսացող իր պես մեկը եթե ասում է, կարելի էր հանդուրժել, սակայն եթե նույն բանը ասեր մի հայ, ապա որոշ հայկական շրջանակներ չէին հանդուրժի:
Կարինե Գևորգյանը հիշեցրեց, որ միշտ չէ, երբ ճնշման ենթարկվող ազգերը քանակով փոքր են լինում: Նա, հիշեցրեց, թե դաժան ճնշումներ էին իրականացվում Ուկրաինայում ռուսախոսների նկատմամբ: Նա նաև ակնարկեց, որ եթե Բեռլինում տեղի ունեցող այս երկօրյա աշխատանքները փաստաթղթի կարգավիճակով ներկայացվեն, նա կարող է աջակցել այս նախաձեռնությանը:
Խոսվեց նաև Նոր Զարթոնքի գործունեության, Պոլսո Քումքափը թաղամասում սպանված տարեց հայ կանանց շարքի վերջին ներկայացուցիչ Մարիցա Քյուչուքյանի, զինվորական ծառայության ժամանակ ծառայակցի կողմից “պատահաբար” ապրիլի 24-ին սպանված Սևակ Բալըքչյանի և սպանությունն իրականացնողների ազատության մեջ գտնվելու, Հրանտ Դինքի` արդեն տաս տարի ընթացող դատավարության, Թուզլայի հայկական ճամբարի վերադարձի և այլ իրադարձությունների մասին:
Արագած Ախոյանի ոճը, տարբերվում էր սփյուռքի մի անկյունում վիրավոր սրտով, կոտրված խոսող, տարբեր մշակույթների մեջ տարուբերվող մարդկանց ոճից ու խոսքից իրենց ամրությամբ և նրա խոսքը պետություն ունեցող քաղաքացու, պետական մտածելակերպ ունեցող պատգամավորի խոսք էր: Հետաքրքրական էին նաև Ուֆուք Ուրասի տված տեղեկությունները: Պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի Հանրապետության նախարարը դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Արագած Ախոյանի հետ և քննարկել, օրինակ, Քյութահիայում Կոմիտասի անվան հիշատակման, կամ ասենք Անիի ավերակների վերաբերյալ նախագծերի մասին և շատ այլ կառուցողական, օգտակար նախագծեր քննարկել: Նա նշեց, որ այդ հանդիպումն ինքն է կազմակերպել…
Արևմտահայերի Ազգային կոնգրեսի www.ncwa@org գլխավոր քարտուղար, քաղաքագետ Սևակ Արծրունու մոդերատորությամբ տեղի ունեցած վերջին նիստը, դրան հետևած հարցուպատասխանը երկրերդ օրվա տրամադրություններին համահունչ էին… Երկրորդ օրը բացվեցին խաղաքարտերը, մինչ այդմ չբարձրաձայնվող, կուտակված խնդիրներն ու անհանգստությունները անկեղծորեն արտահայտելու օրն էր…
Ռեջեփ Մարաշլըն, Համո Մոսկոֆյանը, Թեոդոսիս Կիրիակիդիսը և Ազիզ Սաիթը խոսեցին ճանապարհային քարտեզի և հեռանկարների մասին… Ֆրանսիայի Եզդիների ֆեդերացիայի ներկայացուցիչների ելույթը նման էր 25 տարի առաջ հայերի զգացմունքային, միամիտ, մաքուր, սակայն ինչպես հարցի պատասխանը քննելուց հեռու, ավելի շատ մաղթանքների նմանվող ռոմանտիկ ելույթի…
Սաիթ Չեթինօղլուն գրեթե Zorro-ի պես չթողեց ոչ մեկին առանց քննադատության, բոլոր կողմերին թափ տվեց, խոսքով թրի հարվածներն իրականում կառուցողական, դրական պրովոկացիայի դեր կատարեցին. առանց վիրավորանքների, առանց անհարգալից վերաբերմունքի բայց միևնույն ժամանակ առանց խոսքերը խնայելու…
Չեթինօղլուից հետո մյուսներն էլ սկսեցին. իսլամացված հայերը, պոնտոսցիները…
Ո՞ր քրդին վստահել, ո՞ր կառույցին, երբ կանգ չի առնվել այսքան սխալ, հակառակ հայտարարությունների պարագայում: Մյուս կողմից Գերմանիայի հայ համայնքի` տարիներ հետո հայերեն սովորած, հայկականությունը նորից վերականգնել փորձողների նկատմամբ բացասական, ժխտողական վերաբերմունքի մասին խոսվեց: Միայն դրանով չավարտվեց: Խոսվեց նաև իսլամացված պոնտոսցի հույների մասին, որոնք նույնպես չեն ընդունվում քրիստոնյա պոնտոսցի հույների կողմից և վանողական վերաբերմունք է ցուցադրվում նրանց հանդեպ: Ահա այսպիսի ուշագրավ և ցավալի խնդիրների առկայության մասին խոսվեց: Չնայած այդ ամենին` հուսադրող է այն հանգամանքը, որ գոնե խոսվում է այս թեմաների շուրջ…
Սևակ Արծրունու գլխավորությամբ ուղերձը տեղ հասավ… Այս հանդիպումն ի վերջո վերածվելու էր փաստաթղթի… Արդյունքում 19-րդ դարում Վ.Ի. Լենինի հարցն ու պատասխանը կարծեք կրկնվող պատմության պես մեր առջև էր խոյանում… Տրվելիք հարցը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հետևյալն էր. “Ի՞նչ անել”: Պատասխանը նախկինում թերթն էր, այսօր էլ նույնն է մնացել և միայն ձևն է փոխվել` մեդիան: Սրան էլ կարող ենք անհամեստաբար մեր կողմից ավելացնել ևս չորս կետ …
Մշակութային, սոցիալական, մարզական, արվեստի բնագավառում միջոցառումներն ամբողջ թափով շարունակել:
Կազմավորել մեդիա դաշտ, որտեղ, անպայման նաև թուրքերենով, պատմական Փոքր Ասիայի ինքնությունները կգտնեն իրենց:
Կրակող զենքեր չկան, դրա փոխարեն PR պայքար.
Եւ վերջապես կարճ ժողովրդական դիվանագիտություն ասենք:
Հայաստանում և տարբեր սփյուռքներ կազմող եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում այսօրվա Թուրքիայի տարածքում բնակվող ժողովուրդների միջև երկխոսության գործընթացն ընթացել էր 1994 թվականի դեկտեմբեր – 2005 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածումՖրանսահայ CRDA կազմակերպության կողմից: Առաջին խիզախ քայլերն անողները դիմագրավեցին բոլոր կողմերից եկող անհանդուրժողականությունը և չկոտրվեցին:
Այսօր եվրոպական երկրներում, ԱՄՆ, նույնիսկ Թուրքիայում նման միջոցառումների կազմակերպումն արդեն սովորական է դարձել…Ուրախանում ենք, սակայն CRDA-ի առաջին քայլեր անող և ժողովրդական դիվանագիտությունն սկսկողներին էլ չպետք է մոռանալ իհարկե:
Րաֆֆի Հերմոն Արաքս/Բեռլին