image

Լույսի և բարության մարմնացում գեղուհի քանոնահարուհին. տեսանյութ

Լույսի և բարության մարմնացում գեղուհի քանոնահարուհին. տեսանյութ

Ընդամենը երեսուն տարեկանում նա ունի հանրային լայն լսարան, հանրապետական ու համազգային  ճանաչում, գեղությամբ, հեզությամբ, բարության ու հումանիզմի անսահման պաշարներով նվաճել է հազարավորների սիրտն ու հոգին։

Գեղուհի քանոնահար  Մարիաննա Գևորգյանը ճիշտ այսպես, այս մակարդակով, այսպիսի դեմք ու դիմագծով է ներկայանում հայ հանդիսատեսի և հայ հանրությանը։ Երիտասարդ արվեստագետի մի բացառիկ բարեբեր ճակատագիր, որը սահմանված է իվերուստ՝ կամոքն տիրոջ։

Մարիաննա Գևորգյանը, բառիս բուն իմաստով, կատարյալ երաժիշտ  է, սքանչելի հայուհի և բարձր քաղաքացի, հատկություններ, որոնք համատեղվում են մեկ անհատի մեջ՝ հազվադեպ դեպքերում։

Մարիաննան, այո՛, ճակատագրի կամոք, այդ հազվագյուտ անհատականնություններից է։ Նրա անցած ճանապարհը ակնառու հաջողությունների և ձեռքբերումների սրընթաց ուղի է։

Մարիաննա Գևորգյանը ներկայումս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան «Տաղարան» (գեղարվեստական ղեկավարը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան)  հնագույն երաժշտության համույթի մենակատար-քանոնահարուհին է:

Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոնների, որոնցում նա իր զգայուն հետքն է թողել։ Հայ և օտարազգի հանդիսատեսին նա անթերի է ներկայացնում հայկական ազգային երաժշտության դարավոր գանձերը։ Վաստակել է շատ մրցանակներ․ հանրապետական ու միջազգային  մրցույթ փառատոննների  առաջին կարգի դափնեկիր է, ոսկե մեդալակիր, «Բեմական հմայք» հատուկ մրցանակակիր է։

Անսահման սիրով, նվիրումով և հպարտությամբ է վերաբերվում երաժշտական իր գործիքին՝ քանոնին, որի ակունքները ձգվում են մինչև 5-րդ դար։ Քանոնը, այո ՛, ազգային հրաշալի նվագարան է, որը ունկնդրին է հաղորդում ստեղծագործ մտքի և ոգու ողջ նրբությունը։

Մարիաննա հայուհին ողջ հոգով, հոգու լրիվ ավյունով սիրահարված է իր նվագարանին, ոչ միայն սիրահարված է, այլև գրեթե զուգահեռվում է իր բարձր արվեստի  հետ։ Հեզաճկուն օրիորդը ամեն օր և ամեն ժամ իր  գործիքի հետ է, անբաժան նրանից...

Երբ Մարիաննան բեմահարթակում է, ասես, բացվում, միախառնվում են հայոց պատմության անցյալ և ներկա ժամանակները։  Նրա մատների ներքո քանոնի լարերի շփումը դառնում է զմայլելի մեղեդի, դառնում հոգևոր սլացք, երկնքից իջնող ոգեղեն ճախրանք․․․

 


 

Մարիաննան հոգու խորքում միշտ ու մշտապես Կոմիտաս է երգում ու երկնում, Կոմիտասով ոգեշնչվում ու ոգեպատվում։ Նա նվագում է հիգերորդ դարի հայ շարականներից մինչև 19-րդ դարավերջի հայ ժողովրդական երգը, որը մեծն Կոմիտասով է շնչավորվել և ներկայցվել արար-աշխարհին։

Մարիաննան այս ամենի կրողն է, փոխանցողը, պատգամաբերը իր երակներով ու արյան բոլոր բջիջներով։  Ահա թե ինչու ճշմարիտ արվեստի հայ սիրահարները այդպես մեկեն հանկարծ հատուկ ջերմությամբ, ակնածանքով և փայփայանքով օծեցին նրբաճաշակ քանոնահարուհու անձն ու անունը, գործն ու վաստակը։

Մարիաննան գտնվում է իր ստեղծագործական ուժերի բուռն ծաղկման կիզակետում։ Նրա զմայլելի մեղեդիները հնչելու են միշտ, անվերջ, անդադար․ մինչև որ կհասնի իր փայփայած ու երազած հոգևոր խորքին, արվեստի երանելի բարձունքներին․․․

 

 

Արմեն Արաքսյան լրագրող, հրապարակախոս