Սիրիայի Հալեպ քաղաքում 1995թ.-ին ծնված Գևորգ Լագլագյանը մեկուկես տարի է՝ բնակություն է հաստատել Վանաձորում: Ինչպես ինքն է պատմում, մինչ Հայաստան գալը բազմանդամ ընտանիքը մեկ տարի Թուրքիայի Ստամբուլ քաղաքում է ապրել, բայց Գևորգին Թուրքիան դուր չեկավ, հայրենիքը ձգում էր:
«Իհարկե Թուրքիա գումար աշխատած եմ, բայց Թուրքիայի մեջի ժողովուրդը ես չեմ հավնած: Քանի որ շատ մարդիկ կ՛ուգային, կ՛ըսեին՝ արի իսլամացի... Ես ինձի թույլ չեմ տա. առաջինը հայ ես, վրան ալ սիրիացի ես, վրան ալ քրիստոնյա ես, էս երեք հատն արդեն կբավե, որ դուն լռես, ձեն պիտի չհանես իրանց դիմաց, ու իրենք ուզած պահուն կարան քո վրա կատակ ալ ընեն, խոսք ալ զարնեն, հետևեդ ալ խոսեն, երեսիդ ալ, ոչ մի բան չես կարա անես, ոչ ալ թույլտվություն են տալիս, որ դու աշխատես, դու արդեն ծածուկ ես աշխատում: Հա, փողը շատ է, բայց միայն փողով չէ ամեն ինչ»,-ասում է սիրահայ երիտասարդը:
Այժմ Վանաձորում Գևորգը միայնակ է ապրում: Աշխատում է այնտեղ: Ավագ եղբայրը կնոջ հետ, երկու քույրերը, այնուհետ նաև մայրը կրկին վերադարձել են Ստամբուլ՝ քանի որ Վանաձորում նրանց այդպես էլ կայուն աշխատանք գտնել չի հաջողվել: Այժմ նրանք Թուրքիայում աշխատում են ազգությամբ հայ Վահիդի պլաստմասսայե իրերի արտադրամասում, թեև եղբայրն ու քույրերը ոսկերչի արհեստի են տիրապետում:
Ի տարբերություն քույրերի ու եղբոր՝ Գևորգն աշխատում է իր մասնագիտությամբ: Դեռ տասներեք տարեկանից է դրսևորվել տղայի սերը դեպի ավտոմեքենաները: Ցանկություն ունենալով հետագայում շարունակել հոր գործը՝ Գևորգը դեռ Սիրիայում հայ վարպետի մոտ սկսում է սովորել այդ արհեստը:

«Ես արդեն ինը տարի է՝ Սիրիայի մեջ աշխատել եմ, 13 տարեկանից արդեն սկսել եմ էս արհեստին մեջ: Սիրում էի, իմ հորս մասնագիտությունն ալ էս մատորիստական գործն է, ատոր համար ես ալ ուզեցի հորս գործը առաջ տանել: Ու սկսա աշխատել փոքր վախտվանից, սկզբում ուրիշ վարպետների մոտ էինք աշխատում, հետո հիմնեցինք մեր սեփական սերվիսը, բայց վերջերս արդեն գոցվել էր»:
Ի տարբերություն շատ հայ երիտասարդների՝ Գևորգը չի ցանկանում Հայաստանից դուրս ապրել: «Քանի որ իմ հողս է վերջիվերջո, ինչքան ալ դուրսը դու սարքես, նորեն դուրսը պիտի մնա: Անոր համար ուզում եմ էստեղ մնամ, նպատակս է, որ Հայաստան մնամ, բայց մինչև վերջին ջանքերս պիտի չարչարվիմ, որպեսզի ապրելու միջոց գտնեմ ստեղ»,-ասում է 21-ամյա երիտասարդն ու հավելում, որ ամեն ջանք գործադրելու է Հայաստանում ինչ-որ բանի հասնելու համար: Ասում է՝ ինքը կգնա հայրենիքից միայն այն դեպքում, եթե այլևս ոչ մի հնարավորություն չլինի այստեղ:
Գևորգի այս հաստատակամությունը պայմանավորված է ոչ միայն առ հայրենիքն ունեցած սիրով, այլև հայրենիք վերադառնալը եղել է երիտասարդի հանգուցյալ հոր երազանքը: Ասում է, որ եթե մի օր ստիպված լինի հեռանալ Հայաստանից, շատերի պես Եւրոպա չի մեկնի. «Ողորմած հորս երազանքն էր, որ Հայաստան վերադառնանք, քանի որ նորեն ստեղ Հայաստան կա, երկիր մը կա, այո, մարդիկ կան, որ գնում են, չեմ մեղադրում, մարդիկ կան, որ ալ չեն կարողանում ապրեն, բայց քանի որ մեր ձեռքը դեռ արհեստ կա, կարում ենք աշխատենք, կարում ենք ձգձգենք, ձգձգում ենք, բայց եթե որ վերջին ատեն չեղավ, ոչ ալ կգնամ ես Եւրոպայի ճամփաներին, ետ կդառնամ ես իմ Սիրիաս, կգնամ բանակիս ծառայությունը կանեմ, բանակես վերջը կգնամ հորս սերվիսը կբանամ, կաշխատեմ: Ատիկա ամենավերջին բանն է, բայց ես չեմ ուզում, ուզում եմ ստեղ մնամ»:
Հայաստանում աշխատանք գտնելը Գևորգի համար էլ հեշտ չի եղել: Աշխատանքի անցնելով Վանաձորի ավտոսպասարկման սրահներից մեկում՝ աստիճանաբար սկսել է հաճախորդներ ձեռք բերել: Այսօր Վանաձորում շատերն են իրենց մեքենան վստահում շարժիչագործ և մեքենայի վրա այլ գործեր կատարող Գևորգին: Իր նախասիրած գործն է, սիրով էլ անում է, ու թեև ֆինանսականը շատ կարևոր է գոյություն պահպանելու համար, բայց Գևորգի համար առաջնայինը անունն ու պատիվն է. «Փողը էդքան տեսանք, էդքան աշխատեցանք իզուր տեղ, էդքանը արեցինք, սարքեցինք Սիրիայի մեջ, նորեն թողեցինք եկանք: Ինձ համար անունն ավելի կարևոր է, քան թե փող. փողը մարդուն ոչ մի տեղ չի հասցնում»,-կարծում է երիտասարդը:
Գևորգի խոսքով, Հայաստանում միայն աշխատանք գտնելը չէ, որ դժվար է: Այստեղ, ըստ նրա, ամեն ինչ էլ դժվար է լինում՝ հատկապես երբ մարդը, ինչպես ասում է՝ տուն-տեղ թողած է լինում, բայց երիտասարդ ու աշխատասեր տղան փառք է տալիս Աստծուն, որ խաղաղ պայմաններում են ապրում այժմ էլ կյանքից շատ բան չի ուզում. «Օրվա հացերնիս հանենք, ապրենք, ուրիշ բան չենք ուզում, մենք էդքան էլ հարստություն չենք փնտրում էլ, միայն փնտրում ենք ապրել»:
Հայաստանում սիրիահայերին հանդիպող դժվարություններից մեկն էլ ռուսերենին չտիրապետելն է: Ինչպես Գևորգն է ասում, մարդիկ կարող են քո ներկայությամբ ռուսերեն խոսել, թեկուզև հենց քո մասին խոսել, ու դու ոչինչ չհասկանաս: Բայց առավել տհաճ է այն երևույթը, երբ որ հայրենիքում քեզ այլ աչքով են նայում՝ այսպես ասած՝ վերևից:
«Ավելի ցած են նայում, կարծես թե մենք հայ չենք: Մենք արդեն ընդեղ աշխատել ենք, ընդեղ սովորել ենք, ընդեղ դպրոցներ ենք գնացեր, փող ենք վճարել, որպեսզի հայերեն սովորենք, քրիստոնեությունը պահել ենք, ինչո՞ւ համար մենք հայ չենք: Մտածում են, որ իրենք հայաստանցի են, ավելի մեծ են, քան թե մենք, ատոր համար սիրիահայերը մի քիչ էս դժվարությունները քաշում են»,-արդարացիորեն դժգոհում է երիտասարդը:
Վանաձորում Գևորգը գրեթե միշտ աշխատանքով է զբաղված, երբեմն միայն Երևան է գնում՝ սիրիահայ ընկերներին տեսնելու նպատակով: «Հիմա արդեն միշտ՝ 24 ժամ այստեղ եմ, սերվիսում եմ, գործ եմ անում, ուրիշ ոչ մի բան: Սիրիայի ընկերներս բոլորն ալ Երևան են, ստեղ ալ ընկերներ ունեմ, շաբաթ 1-2 անգամ շփվում եմ հետերնին, բայց ավելի շատ ստեղ եմ»:
Արդեն երկու ամիս է, ինչ Գևորգը աշխատանքից հետո էլ է ավտոսրահում մնում...
«Գործ չկար, էս տարի էսպես եղավ. ոնց մրջյունները ամառները կաշխատին, ձմեռները կուտեն, նույնն ալ՝ Հայաստանը: Ամառները պիտ աշխատիս, տուրիստները, որ գալիս են, գործը աշխատում է, ձմեռներն ալ պիտ դնես ամառվա աշխատածդ ուտես, քանի որ գործ չկա: Էդ ձմեռն էր մեզի համար դժվար, ադոր համար չկարացա գլուխ հանեմ տունին վարձքին հետ, կոմունալին հետ, մանավանդ ձմեռը կոմունալները շատ են, անոր համար եկա ստեղ, սկսա ստեղ ապրել: Ամառը լավ վաստակում էի, նորմալ էր, կարողանում էի գոնե իմ մորս դեղերը առնել, ընտանիքիս նայել»:

Գևորգի խոսքով՝ կամաց-կամաց անհրաժեշտ է կյանքին վերադառնալ, ամեն ինչ զրոյից սկսել: Նախևառաջ պետք է մտածել սեփական տանիք ունենալու, այնուհետև՝ ընտանիք կազմելու մասին: 21-ամյա երիտասարդը, թեև դեռ սիրած աղջիկ չունի, բայց կարծում է, որ այդ ամենի մասին հիմիկվանից պետք է մտածել. «Կյանքը իմաստ չի ունենա, եթե ամեն ինչ նույն կերպ մնա: Եթե հիմա գոնե չձգտենք, ե՞րբ պիտի ձգտենք, երեսուն քանի տարեկան ըլլալե վերջը արդեն ամեն ինչ ուշ կլինի: Հիմա գոնե մի բան անում ենք, որպեսզի տուն ու տեղ ստեղծենք, ընտանիք ստեղծենք»,-կիսվում է երիտասարդը:
Ինչպես ցանկացած մարդ, Գևորգն էլ կյանքում նպատակներ ունի: Ամենանվիրականը՝ ընտանիքը միասնական լինի ու ապրեն խաղաղ պայմաններում, գործերն էլ այնքան հաջող լինեն, որ կարողանան ապրել, ավելին ոչինչ չի ուզում կյանքից:
Գոհար Մովսիսյան/«Արևելքին»
