Իշխանության քարոզչամեքենան ժողովրդին փողոցներ լցնելու համար այս անգամ էլ չշեղվեց ավելի հին, ավանդական մեթոդներից, որոնք անգամ հայերին են լավ ծանոթ:
Երբ գիշերը ուղիղ 1:30-ին Ստամբուլի ու Անկարայի մզկիթներից լսվեց առաջին «Ալլաաաաահու Էքբեր»-ը, կարելի էր ասել` ամեն ինչ պարզ է: Մզկիթներից եկող քարոզը, ջիհադի կոչերը միշտ ամենաազդեցիկ զենքն են եղել Թուրքիայում ժողովրդին պլանավորված կոտորածի մասնակից դարձնելու գործում: Դա արվել է թե' Ցեղասպանության տարիներին, թե' դրանից առաջ, և թե' ավելի ուշ, ինչպես նաև` հենց երեկ: Հետաքրիր է, որ երիտասարդ սերունդը մզկիթից եկած առաջին կոչը լսելուն պես նախ զարմացել է, կարծել են , թե սխալ ժամի էզան է (լուսաբացի նամազից առաջ կարդացվող աղոթք-կոչը): Այս բոլոր իրադարձություններից հետո իրենք էլ նոր են պարզում, որ էզան չէր, սելա էր` ժողովրդին ուղղված հատուկ կոչ: Սա հատկապես տարածված է եղել, երբ չկար հեռուստացույց, ինտերնետ, և սելան կարդացվում էր նաև լուր հայտնելու նպատակով: Բայց արի ու տես, որ 21-րդ դարում այն դեռ կիրառվում է Թուրքիայում և ունենում մեծ էֆեկտ: Ու սա արվել է այն պարագայում, երբ անկախ դրանից ժամեր առաջ բջջային երկու օպերատորները իրար հերթ չտալով իշխանամետ կոչերով, 10 րոպեն մեկ հաղորդագրություններ էին հղում քաղաքացիներին, ամեն հեռախոսահամարի՝ մի քանի անգամ: Երեկ սելան կարդացվել է ուղիղ 3 ժամ 15 րոպե շարունակ: Երիտասարդներին սա անծանոթ էր, քանի որ վերջին 30 տարում Թուրքիայի մեծ քաղաքներում սելայի փորձը չէր կիրառվել և, իշխող կառավարությունը, փաստացի, սա առաջին անգամ է օգտագործում: Փաստորեն` Էրդողանը այսուհետ կրկին Թուրքիայի «կոտորածների մշակույթ» է վերադարձնում սելան` ծայրահեղական կրոնական քարոզի տեսքով: Արդյունքը` Բոսֆորի ջրերում լողացող 20 տարեկան զինվորների այլանդակված մարմինները:
Սոֆյա Հակոբյան/«Արևելքին»