Լիբանանում բնակվող հայ տաքսիստ Արա (Առաքել) Շեքերջյանը Նոր տարվա անսպասելի անակնկալ է ստացել լիբանանյան Al Jadeed հեռուստաընկերությունից: Հայտնի հեռուստաընկերության Նոր տարվա ծրագրերից մեկը սովորական մարդկանց տոն պարգևելու նպատակ ուներ: Հեռուստակայանի ճանաչված լրագրող Ջորջ Սալիբին 2016 թվականի վերջին օրը փողոցում կանգնեցրել է առաջին պատահական մեքենան և պարզապես հարցրել՝ ո՞վ եմ ես: Տաքսու հայ վարորդը ճանաչել է հայտնի խոսնակին՝ տալով նրա անունը: Ջորջ Սալիբին հայ տաքսիստին է հանձնել մրցանակը՝ «Մազդա» մակնիշի նոր մեքենա:
Առաքել Շեքերջյանը հուզվել է, սակայն չի կորցրել իրեն և ուղիղ եթերում հայերենով շնորհավորել է հայության Նոր տարին և Սուրբ Ծնունդը:
Մինչև տոնական նվերը ստանալը, նա ասել է, որ ապրում է հայկական թաղամասում, սովորական կյանքով և օրվա հացն է վաստակում՝ վարձած մեքենան շահագործելով իբրև տաքսի: