image

Հաջողության գաղտնիքը ինքնակրթությունն է. Անուշ Զաքարյան

Հաջողության գաղտնիքը ինքնակրթությունն է. Անուշ Զաքարյան

Անուշը դեռ 12 տարեկան էր, երբ սկսեց աշխատել, ցանկանում էր ինքնուրույն վաստակել ու ձեռք բերել այն ամենը, ինչ ունեին ուրիշ երեխաները, սակայն երազանք էր իրենց համար: Տարբեր աշխատանքներում թրծված Անուշ Զաքարյանի համար այսօր անընդունելի է աշխատանքից խուսափելու ցանկացած պատճառաբանություն:

Ոչ միայն վաղ հասակից աշխատել է, այլև 17 տարեկանում ամուսնացել Բելգիայում ապրող հայուհին, տարիներ առաջ նրա երազանքն էր մեծ ընտանիք ունենալը, այսօր 4 զավակների մայր է: Զավակների դաստիարակությունն ու խնամքը, սակայն, խոչընդոտ չեն եղել բիզնեսում կայանալու նրա ձգտումների ճանապարհին:

Աշխատել է՝ որտեղ հնարավոր է՝ չխորշելով աշխատանքի որևէ տեսակից, սա նրան օգնել է ուսումնասիրել բիզնեսի բոլոր քայլերը: «Եթե հեռախոսահամարի մի թիվը սխալ գրեմ, որքան էլ նուրբ հավաքեմ, չեմ կարող միանալ այդ մարդուն: Պետք է հերթականությամբ հավաքես: Բիզնեսի մեջ էլ նույն կերպ է, կա հերթականություն, երբ որ դու հավաքես ճիշտ թվերով քո կոդը, կհասնես նպատակիդ, բայց մարդիկ վերջից սկսում են, խառը անում են ու սպասում են հաջողություների»,-ասում է Անուշ Զաքարյանը:

Բացահայտել է այդ կոդը ոչ թե դպրոցում սովորելու, այլ ինքնակրթության ճանապարհով: Իր համար չկար անհաղթահարելի դժվարություն: Ընտանիքը ծանր պայմաններում էր, երբ որոշեց հայկական ապրանքների խանութ բացել Բելգիայում, ճիշտ մարքեթինգը հաջողություն բերեց, միայն ամուսնու հետ կապված դժբախտ միջադեպը ստիպեց դադարեցնել բիզնեսը:

Այնուհետ Անուշը սկսեց զրոյից՝ վերադառնալով մաքրություն կատարելու աշխատանքին, բայց կարճ ժամանակ անց վերագտավ իրեն նոր ասպարեզում:

«Ամուսնուս ասացի՝ ուզում եմ մանկական միջոցառում կազմակերպեմ, ամուսինս համաձայնեց, պայմանով, որ իր տված գումարը վերադարձնեմ: Հագուստները, ապարատուրան, նվերներն այնքան թանկ նստեցին ինձ վրա, մի բան էլ ես իմ գրպանից պետք է դնեի, բայց ես դա ընկալում էի որպես ներդրում իմ գործի մեջ: Երբ դրեցի ֆեյսբուք, անմիջապես ստացա արձագանք: Բոլորը ցանկացան գալ, այնքան արձագանք եղավ, որ ստիպված եղա մեկի տեղ երկու օր կազմակերպել, ստացվեց, ու մարդիկ սկսեցին կանչել, ու երկու տարի զբաղվել եմ այդ գործով»,-նկարագրում է գործարար կինը:

Դա եղավ հերթական, բայց ոչ վերջին քայլը: Բազմազավակ մայրը որոշեց զբաղվել նաև հոգեբանական թերապիայով այն անձանց հետ, ովքեր երեխաների դաստիարակության հարցում խորհրդատվության կարիք ունեն: «Քանի որ շատ են դիմել այդ հարցով, որոշեցի դա էլ դարձնել բիզնես ու տարածեցի»,-ասում է Անուշը:

Հերթական քայլը գեղեցկության սրահի բացումն է լինելու, այս նպատակով այցելել  է Հայաստան, փորձում է գործընկերներ գտնել: Սակայն աշխատակիցներ է փնտրում ոչ միայն իր, այլև Բելգիայի հայ գործարարների համար:

Երիտասարդ գործարարի ծրագրերը փոխվեցին Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումներից հետո. Մտածեց ստեղծել «Հայ գործարարներ Բելգիայում» խումբը, որին միացել են մոտ 50 գործարարներ և պատրաստ են աջակցել իրենց հայրենակիցներին Եւրոպայում աշխատանք գտնելու հարցում:

«Ես տարածեցի հայտարարություն, որ հավաքում եմ գործարարների, ովքեր ցանկանում են բարեգործություն անել Հայաստանում: Մտածում էի գումարի տեսքով, հագուստի տեսքով օգնենք, բայց հետո հասկացա, որ բարեգործությունը դրանում չի կայանում: Բարեգործությունը կլինի այն, երբ որ մենք այստեղ ստեղծենք աշխատատեղեր այն մարդկանց համար, ովքեր իրոք աշխատանք են ուզում ունենալ»,-ասում է գործարար կինը:

Ներկայում հանդիպումներ է ունենում այն պոտենցիալ աշխատակիցների հետ, ովքեր չեն խուսափում ցանկացած աշխատանքից: Ինքը հիմա նաև որպես մենեջեր՝ աշխատում է մաքրության բյուրոյում, պատրաստ է նաև Բելգիայում աշխատանքով ապահովել այն կանանց, ովքեր ցանկություն կհայտնեն մաքրություն կատարել ու մեծ գումար վաստակել: Ներկայացնում է.

«Այն, ինչ անում եմ ուկրաինացիների համար, եթե կարելի է հայերի համար անել, ինչո՞ւ չանեմ: Պատրաստվում եմ խումբ հավաքել, տանել Բելգիա, տուն վարձել իրենց համար, որ երեք ամսով աշխատեն, ընտանիքից չկտրվեն, հետո հաջորդ խումբը գա, աշխատի, բայց պայմանը պիտի լինի սա. Պետք է սովորի լեզու, ես պատրաստ եմ սովորացնեմ այնքան, որ կարողանան ինքնուրույն շփվել»:

Սա ոլորտներից մեկն է, այլ ոլորտներում ևս, որտեղ հայեր են աշխատում, պատրաստ են ընդառաջել հայրենակիցներին, գործարարները տվել են իրենց համաձայնությունը, նշում է. «50-ից ավելի գործարարներ են միացել, բացի հայերից, նաև շատ օտարերկրյա գործարարներ են պատրաստ ներդրում անել: Տրանսպորտի, շինարարության, գեղեցկության ոլորտներում կան գործարարներ, որ պատրաստ են հայրենակցին կարող են մտցնել գործի մեջ»:

Այս նախաձեռնությունը չի նշանակում, թե ցանկություն չկա այդ նույն բիզնեսը տեղափոխել Հայաստան: Անձամբ Անուշ Զաքարյանը քայլեր կձեռնարկի, երբ տղաներն ավարտեն դպրոցը: Հաջողակ գործարար ամուսինները դրա համար մոտավորապես 5 տարի ժամկետ են սահմանել: