«Ծնվել եմ անհայտ ժամանակահատվածներում, թերևս տիեզերքում, ապրում ու արարում եմ դեռ Երկիր մոլորակի վրա: Չեմ ավարտել տեղի «ծխական» դպրոցը, բայց ցավոք ծխում եմ»:
Երիտասարդ ռեժիսոր Արթուրո Սայանի՝ «ստանդարտներից դուրս» լինելը հասկանալու համար շատ շփվել հարկավոր չէ. բավական է մեկ հարցը:
Արթուրոն ավարտել է Երեւանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը, կինոյի և թատրոնի դերասան է: Այժմ ապրում ու ստեղծագործում է Գերմանիայում, ուր ստանում է կինոռեժիսորի մասնագիտություն:
«Այն ինձ համար ինքնարտահայտման, ստեղծագործելու, ասելիքս ու մտքերս այլ մարդկանց փոխանցելու հնարավորություն է, ի վերջո կենսակերպ ու կյանքի ճանապարհ»,- այսպես է բնութագրում ընտրած մասնագիտությունը զրուցակիցս:
Չնայած կարճ ժամանակահատվածին, արդեն հասցրել է նկարահանվել գերմանական երկու կարճամետրաժ ֆիլմերում՝ «Վստահիր ինձ» և «ԱԱԾ գործակալը, քաղաքը և մահը»: Երկուսն էլ մասնակցել են Գերմանիայում անցկացվող «Գորիլլա 48» և «Սյուրռեալիստական հալուցինացիաներ» կինոփառատոներին:
Գերմանիան որպես երկիր միշտ է գրավել Արթուրոյին՝ իր մշակույթով, ավանդույթներով, ազգային առանձնահատկություններով: «Քանի որ նպատակ ունեի նաև որպես կինոռեժիսոր մասնագիտանալ, ընտրեցի հզոր կինոդպրոց ու ռեսուրսներ ունեցող այս պետությունը»,- նշում է նա:
Դժվարություններն այստեղ էլ անխուսափելի են, բայց զրուցակցիս խոսքով` ինքը պատվով է հաղթահարում դրանք եւ ապրում ստեղծագործելու, մասնագիտական նոր հաջողություններ գրանցելու մեծ հավատով:
Հայաստանում թատերական գործունեությանը զուգահեռ փոքրիկ ֆիլմեր է նկարահանել. «Դրանք իրենցից ներկայացնում էին էքսպերիմենտներ ու կինոյի աշխարհի հետ անձամբ ծանոթանալու միջոց»:
Այսօր արդեն նրա աշխատանքների թվին է դասվում «Քամու հետքերով» կարճամետրաժը, որը ներկայացվել է Գերմանիայի մշակութային փաբերից մեկում և Երևանի The Loft ինքնազարգացման կենտրոնում:

Գերմանա-հայկական առանձնահատկությունների մասին խոսելիս կենտրոնանում է նմանությունների վրա. «Ամենուր մարդիկ սիրահարվում են, սեր խոստովանելիս էլի մեկ է՝ սիրտդ արագ է բաբախում, աշնանը տերևաթափ է լինում, մարդիկ հիմնականում իրենց գործի նվիրյալներն են... »: Բայց դե տարբերություններն էլ ակներեւ են. «Գերմանիայում մարդիկ ավելի քիչ են խաբում իրար, ճշտապահ են ու մի քիչ էլ՝ բամբասկոտ»:
Ապագայի վրա շատ չի կենտրոնանում, նախընտրում է ապրել այստեղ ու հիմա. «Նախկինում ապագա հասկացությունն ինձ համար անչափ կարևոր էր: Հիմա դրա մասին ավելի քիչ եմ մտածում, չնայած իմ գործով, քայլերով փորձում եմ բարենպաստ հող նախապատրաստել դրա համար... Մարդը միշտ ապրել ու ապրում է հետո-ով: Մինչդեռ պետք է ապրել այսօր-ով, յուրաքանչյուր օր ապրել այնպես, կարծես դա քո վերջին օրն է»:
Այսօրվա ու վաղվա անկումներում ու վերելքներում ամենակարեւորը եղել եւ մնում է երջանիկ լինելու բախտն ու հնարավորությունը.
«Ես բազմիցս նշել եմ, որ երջանիկ եմ, քանի որ ունեմ սիրած մասնագիտություն, որով զբաղվելու եմ ողջ կյանքիս ընթացքում: Ունեմ հրաշալի ընտանիք, քիչ, բայց անդավաճան ընկերներ...
Տարբեր փուլերում հանդիպել եմ մարդկանց, ովքեր իրենց ներսում կուտակված նեգատիվով փորձել են ինչ-ինչ հարցերում խանգարել, բայց արդյունքում նրանք ինձ դարձրել են ավելի ուժեղ: Կյանքի տված դասերից պետք է քաղել միայն օգտակարն ու երբեք չհիասթափվել: Մեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը հրաշալի է, ուղղակի վայելեք, մարդիկ... »:
Տաթեւիկ Սարգսյան