«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատվիրակությունն արժանացել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հատուկ օրհնությանը Վատիկան կատարած այցի ընթացքում, տեղեկանում ենք նախաձեռնության գրասենյակից: Սա պատվիրակության՝ Հռոմ կատարած ծավալուն այցի մի մասն է, որի ընթացքում կայացել են մի շարք հանդիպումներ Վատիկանի եւ համայնքի առաջնորդների հետ:
Վատիկան կատարած այցին ներկա էին «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաեւ «Ավրորա» համաշխարհային ամենամյա մարդասիրական մրցանակի երեք դափնեկիրները՝ Թոմ Քաթինան, Մարգարիտ Բարանկիցեն եւ Չո Լա Աունը: Պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաեւ Սուրբ Աթոռի պետքարտուղար Նորին Գերազանցություն կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է ջանքեր գործադրել աշխարհի տարբեր անկյուններում ամենախոցելի եւ ծայրահեղ կարիքի մեջ գտնվող համայնքներում աղքատությունը կրճատելու, առողջապահությունը բարելավելու եւ կրթություն ապահովելու ուղղությամբ: Պատվիրակությունը ներկայացրել է նաեւ #AraratChallenge շարժումը, որի նպատակն է ոգեշնչել մարդկանց՝ ներկայացնելու երախտագիտության սեփական պատմությունը, կատարելով նվիրատվություն եւ մաս կազմելով մարդասիրական շարժման:
Առաջին «Ավրորա» ֆորումը տեղի կունենա հոկտեմբերի 14-21-ը՝ Հայաստանում: Այն կմիավորի աշխարհի սոցիալական, գիտական, տեխնոլոգիական, կրթական եւ մարդասիրական ոլորտների լավագույն ներկայացուցիչներին: Ֆորումի ընթացքում նրանք կքննարկեն եւ կառաջարկեն համաշխարհային ամենահրատապ մարտահրավերները դիմագրավելու նոր լուծումներ եւ հնարավորություններ: