Օրերս ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության հրավերով Արցախ է այցելել Ուզբեկստանի գյուղատնտեսության եւ ջրային տնտեսության նախարարության գիտա-արտադրական կենտրոնի և սելեկցիայի, սերմնաբուծության ու բամբակի մշակության ագրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտի բամբակագործության լաբորատորիայի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակիմժոն Սայիդալիեվը, ով Արցախի գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների ուղեկցությամբ լինելով Հադրութի շրջանում եւ ուսումնասիրելով տեղանքի պայմանները, նախանշել է մանավանդ Արաքսի հովտում բամբակի մշակության համար բարենպաստ տարածքներ՝ բամբակի փորձնական մշակություն իրականացնելու համար, իսկ բավարար արդյունքներից հետո նաեւ՝ ապագայում այն մասսայականացնելու նպատակով, տեղեկանում ենք Արցախի գյուղատնտեսության նախարարության ( minagro.nkr.am) կայքից:
Ուզբեկ գիտնականը մանրամասն ներկայացրել է բամբակագործության առանձնահատկությունները: ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը նշել է, որ աշխարհում մեծ ճանաչում ունեցող Ուզբեկստանի առաջատար մասնագետների հետ սկիզբ դրված համագործակցության արդյունքում շուտով հանրապետությունում նորից բամբակ կմշակվի, ընդ որում, սպիտակ բամբակից բացի, նաև` աշխարհում լայն պահանջարկ վայելող ու մեծ շահութաբերություն ունեցող գունավոր բամբակ: Ըստ նախարարի, ներդրվելու են չորադիմացկուն, քիչ խոնավություն պահանջող սորտեր: