image
Հրատապ լուրեր:

Արաբական մամուլն անդրադարձել է լիբանանյան թատրոնի հայ հիմնադրի մահվանը

Արաբական մամուլն անդրադարձել է լիբանանյան թատրոնի հայ հիմնադրի մահվանը

Լիբանանյան գրեթե բոլոր կայքերն այսօր  անդրադարձել են   հայ տաղանդավոր արվեստագետ Պերճ Ֆազլյանի մահվանը: Ռեժիսորը, դերասանն ու թատրոնի և կինոյի գործիչը երեկ՝ փետրվարի 15-ին իր մահկանացուն է կնքել Լիբանանում, ուր ապրում էր 1951 թվականից: Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին Կանադա տեղափոխվելով և այնտեղ ու նաև՝ ԱՄՆ-ում նույնպես թատերական գործունեություն ծավալելով, կրկին վերադարձել է Լիբանան: 

Պերճ Ֆազլյանը ծնվել է 1926 թվականին՝ Պոլսում: Դպրոցական և մասնագիտական կրթությունը ստացել է Թուրքիայում:  1965-1967 թվականներին կատարելագործվել է Փարիզում: 

1959 թվականին Ֆազլյանը հիմնել է «Փափազյան» թատերախումբը (ղեկավարել է մինչև 1971 թ.), 1971 թ.-ին՝ «Ազատ բեմ» հեղինակային թատերախումբը: Մամուլը նշում է, որ Պերճ Ֆազլյանի անվան հետ է կապվում լիբանանյան արաբական թատրոնի հիմնումը: 


 

Ֆազլյանը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, համագործակցել է եգիպտացի կինոռեժիսորների հետ: Նա կարճ շրջան աշխատել է նաև Հայաստանում:

Նշանավոր արվեստագետը Լիբանանի Սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Հարութ Ֆազլյանի հայրն է: