image

68-ամյա սիրիահայը, որ կորցրել է տեսողությունը, Վանաձորում իր 96-ամյա մորն է խնամում

68-ամյա սիրիահայը, որ կորցրել է տեսողությունը, Վանաձորում իր 96-ամյա մորն է խնամում

Սիրիահայ Սահակ Ագիլյանը մոր՝ 96-ամյա Մարիի հետ բնակվում է Լոռու մարզի Վանաձոր համայնքում վարձակալված բնակարանում: Նա Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 2011թ.-ին:

Ասում է, որ Հայաստան տեղափոխվելու ու հայրենիքում մշտական բնակվելու մասին միշտ է երազել: Առաջին անգամ Հայաստան գալ հաջողվել է 2004թ.-ին՝ Ցեղասպանության հերթական տարելիցին:

«Հենց էդ օրվանից սիրահարվեցի էս երկրին և ասացի՝ ես անպայման պիտի գամ էս երկիր, որովհետև չնայած  ամբողջ աշխարհը ման եմ եկել, սա միակ տեղն է, որ ես ինձ հարազատ եմ զգացել»,- ասում է 68-ամյա սիրիահայը:

Սիրիայում ունեցած ընկերությունը վաճառելով` նա վերջնականապես Հայաստան է տեղափոխվել 2011թ.-ին: Վերջին 5 տարիների ընթացքում հասցրել է ապրել Երևանում, Սպիտակում, հիմա արդեն`Վանաձորում:

«Սկզբում ուզում էի Երևանում հալեպյան ճաշարան բացել, հետո տեսա, որ այնտեղ շատ սիրիահայեր են այդ գործով զբաղվում: Որոշեցի տեղափոխվեմ Սպիտակ: Այստեղ էլ նախաձեռնեցի պանրի արտադրություն»,- ասում է նա:

Սահակը պանրի արտադրությամբ զբաղվել է մեկուկես տարի: Բիզնեսի մեջ, սակայն, տարբեր պատճառներով հաջողության չի հասել ու ստիպված է եղել դադարեցնել գործունեությունը: Ասում է, որ բիզնեսի կայանալուն մի քանի հանգամանքներ են խանգարել, որոնցից ամենակարևորը, ըստ նրա, բնակիչների կողմից հավաքագրվող կաթի անորակ լինելն էր:

Սպիտակում ապրելու տարիներին սկզբնական շրջանում բնակվարձի փոխհատուցման ծրագրով Ս. Ագիլյանին աջակցել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը: Հայաստան տեղափոխվելուց կարճ ժամանակ անց նա ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություև, ապա սկսել ստանալ ծերության կենսաթոշակ, որը սկզբնական շրջանում եղել է 14.000, իսկ հիմա՝ 19.000 դրամ: Չնայած կենսաթոշակի չափը շատ ցածր է, բայց Սահակը գոհ է, որ այդ փոքր գումարով կարողանում է ինչ-որ կարիքներ հոգալ: Իսկ կարիքներն ու խնդիրներն Ագիլյանների ընտանիքում շատ են:

Մոտ երկու տարի առաջ Սիրիայից Հայաստան են տեղափոխվել Սահակի քույրն ու մայրը: Նրանք որոշ ժամանակ միասին ապրել են Վանաձորում, մինչև որ օրերից մի օր փողոցում գողացել են քրոջ պայուսակը՝ գումարի ու փաստաթղթերի հետ միասին:

«Այդ պատճառով քույրս ստիպված եղավ վերադառնալ Սիրիա, որպեսզի կարողանա նորոգել փաստաթղթերը: Ես դարձա ծեր մորս միակ խնամակալը: Բայց շատ դժվարություններ ունեմ այս առումով»,- ասում է Սահակն ու պատմում, որ վերջին շրջանում կտրուկ վատացել է տեսողությունը:

Մինչ այդ գրեթե չտեսնող մորը խնամող Սահակն այսօր ինքը խնամքի ու հոգատարության կարիք ունի: Որոշ ժամանակ առաջ Սահակը դիմել է Լոռու մարզպետարան, խնդրելով աջակցել իրեն: Մարզպետարանի կողմից սիրիահային որպես ֆինանսական աջակցություն հատկացվել է 30.000 դրամ:

Սահակն ասում է, որ օրեր առաջ Լոռու մարզպետարանում Հայաստանի «Կարմիր խաչի» ընկերության կողմից հանդիպում էր կազմակերպվել, որի ընթացքում ինքը ներկայացրել է առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները:

«Այսօր ամենակարևորն իմ տեսողության վերականգնման հարցն է, նաև մայրիկիս ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցը: Մայրս տակավին Սիրիայի քաղաքացի է»,-ասում է Սահակը:

Լոռու մարզպետարանում հավաստիացրել են՝ Երևանի Մալայանի ակնաբուժական կլինիկայում աշխատող լոռեցի ակնաբույժ Հովհաննես Սիմոնյանը խոստացել է աչքերի հետազոտությունն ու անհրաժեշտ բուժումն իրականացնել անվճար: Հնարավորինս կարճ ժամկետներում մոր ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցում խոստացել է աջակցել Հայաստանի «Կարմիր խաչի» ընկերության «Սիրիահայերի ինտերգման խթանում» ծրագրի համակարգող Նարե Հարությունյանը:

 

Սահակ Ագիլյանը՝ մոր հետ


Սահակի ընտանիքին վերջին շրջանում ֆինանսապես ու նյութապես աջակցող անհատներ էլ են եղել: 96-ամյա մայրն ամեն օր օրհնում է բարերարներին, իսկ Սահակը դեռ հույս ունի, որ տեսողության հետ կապված խնդիրներն առաջիկայում կլուծվեն, ու ինքը կկարողանա հոգալ իր ու մոր առօրյա կարիքները:

«Ես միշտ լավատես եմ եղել, կիսով չափ լիքը բաժակին նայելիս ես միշտ լցված մասը կտեսնեմ, ոչ թե դատարկը»,- ասում է Սահակը:


                                                               Տաթևիկ Սարգսյան/«Արևելքին»