image

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Բիքֆայայի դեղձի փառատոնին

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Բիքֆայայի դեղձի  փառատոնին

Լիբանանի հանրապետության Բիքֆայա քաղաքի դեղձի միջազգային երկօրյա փառատոնին այս տարի առաջին անգամ կմասնակցի նաև Հայաստանը: Փառատոնն այս տարի անցկացվելու է հուլիսի 12-14-ը:  Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանի Բիքֆայա քաղաք է մեկնելու  Բիքֆայայի քաղաքային խորհրդի անդամ Վահե Քալինջյանի հրավերով և հովանավորությամբ: Այդ մասին տեղեկանում ենք փառատոնի հայ  մասնակիցներից: Պատվիրակության կազմում են «Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային հիմնադրամը՝ հայկական գորգերի ու կարպետների ցուցադրությամբ ու վարպետության դասերով, «Գորիսի կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամը»՝  բնական բրդից պատրաստված գորգերի, կարպետների, ինչպես նաև այլ ձեռագործ իրերի ու խաղալիքների ցուցահանդեսով ու վարպետության դասով, «ԱրմՌութ» ապրանքանիշը՝ հայկական ճարտարապետության ու ուրարտական արվեստի թեմատիկայով պատրաստված արծաթյա զարդերի ցուցադրությամբ, «Արփի Ավդալյան» ապրանքանիշը ասեղնագործ պաննոների ու համանուն զարդերի ցուցադրությամբ, «Մուրադիան» ապրանքանիշը՝ հայկական ասեղնագործությունից ներշնչված զարդերի ու հագուստի ցուցադրությամբ, ինչպես նաև խմբին կուղեկցեն երաժիշտներ Արփինե Տորոզյանը՝ դուդուկի ու Սուսաննա Մանասերյանը քանոնի երաժշտական կատարումների նվագակցությամբ:
Սպասվում է նաև հայկական ազգային ուտեսների պատրաստման վարպետության դաս, ինչպես նաև հյուրասիրություն հայկական կոնյակով, քաղցրավենիքով ու չրերով...


Բիքֆայայի դեղձի փառատոնը Լիբանանի ամառային փառատոներից մեկն է, որի ընթացքում գյուղաքաղաքի և մերձակայքի այգեգործները ցուցադրում և վաճառում են Բիքֆայայում աճող մանուշակագույն, կարմիր և վարդագույն մանր դեղձը, որն ունի յուրահատուկ համ: 

 


 

Փառատոնը երիտասարդ է, բայց  Բիքֆայայի դեղձի ակունքները հասնում են մինչեւ 1940-ականներ, երբ Բիքֆայայում բնակվող Ժեմայել ընտանիքը (հետագայում՝ Լիբանանի նախագահական ընտանիք) ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում ապրող հայտնի գենետիկ Էռնեստ Բաբքոքից Լիբանան ներմուծեց Բաբքոք դեղձատեսակն ու բազմացրեց Բիքֆայայում:  Մինչ այդ՝ 1930-ականներին Բիքֆայան հայտնի էր ծաղկի  միջազգային փառատոնով, սակայն դեղձի ներմուծումից հետո գյուղաքաղաքը հռչակվեց իր դեղձով: 

Լիբանանի գողտրիկ այդ բնակավայրում՝ Բիքֆայայում են գտնվում նաև ՀայկականԴպրեվանքն ու հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը: