image
Հրատապ լուրեր:

Նշուած է Կաթողիկէ Ս. Էջմիածնի տօնը

Նշուած է Կաթողիկէ Ս. Էջմիածնի տօնը

Յունիսի 23-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկէ Սուրբ Էջմիածնի տօնը:

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանութիւնը, գլխաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Պատարագի սրբազան արարողութեանը մասնակցեց Սուրբ Գայանէ վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը:

 Ս. Պատարագի արարողութեանը ներկա էին հայաստանեան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի տարբեր կառոյցներում պաշտօնաւարող եպիսկոպոսները, այս օրերին Սուրբ Էջմիածնում գումարուած միաբանական հաւաքի մասնակիցները, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութեան միաբաններ, Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներ, Էջմիածնի քաղաքապէտ Դիանա Գասպարեանը, Հայ Եկեղեցու բարերարներ, Սփիւռքից ու Հայաստանի տարբեր համայնքներից ժամանած բազմաթիւ ուխտաւորներ: 

Ս. Պատարագի ընթացքում «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո թափորով Սուրբ Խորան բարձրացուեց եւ Մուշեղ Սրբազանի կողմից ընթերցուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակը Մայր Տաճարի հիմնանորոգութեանն ու բարեզարդ պահպանութեանն ի նպաստ կազմակերպուող համազգային հանգանակութեան առիթով:  

Կոնդակում մասնավորապէս ասուած է.

 

ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ

ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ

ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,

ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ

ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ

ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ

ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ, ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

 

«Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ»

(Շարական):

 

Առ Աստուած գոհաբանական մաղթանքով և Սուրբ Էջմիածնի տօնի բերկրութեամբ հայոց նուիրական Մայր Աթոռից  հայրական Մեր սէրն ու Հայրապետական օրհնութիւնն ենք բերում հաւատաւոր մեր ժողովրդին՝ ի հայրենիս և ի սփիւռս: Հաւատքի ճշմարիտ լոյսը, որ հայոց երկրում ծագել էր Սուրբ Թադէոս և Բարդուղիմէոս առաքեալների քարոզչութեամբ, նորովի ճառագայթեց մեր ժողովրդի կեանքում: Առաքելապատիւ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետի տեսիլքով, Սուրբ Տրդատ թագաւորի ջանքերով ու հաւատացեալների ոգեշունչ մասնակցութեամբ վեր խոյացաւ համայն հայութեան Սրբութիւն Սրբոցը, մեր հաւատքի յաւերժական ջահը, Աստուծոյ հետ մեր անխախտելի ուխտի և աներեր հաւատարմութեան հիասքանչ վկայարանը՝ Սուրբ Էջմիածինը: Մեր Տէր և Փրկիչ Յիսուս Քրիստոսի էջքով աստուածային երկնառաք պարգևներն ընդունեց մեր երկիրն ու ժողովուրդը:

Մայր Տաճարը հոգեղէն գեղեցկազարդ մարգարիտն է մեր հաւատքի անդաստանում, և ազգիս զաւակաց սրտերը ի սփիւռս աշխարհի կապուած են այս անգին գանձին: «Ի վերայ Աջոյն և Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն Հայոց կապեալ կան»,- պատկերաւոր նկարագրում է պատմիչը՝ մեր ժողովրդի դարաւոր էջմիածնասէր զգացումների բիւրեղացումը ամփոփելով այս վկայութեան մէջ: Արդարև, մեր ազգային-հոգևոր կեանքում Սուրբ Էջմիածինը դարձել է աստուածահիմն ակունքը ամենայն օրհնութիւնների, առատաբուխ աղբիւրը հոգևոր բարեզարդութիւնների, բաշխողը Սուրբ Հոգու շնորհաց առհաւատչեայ՝ սրբալոյս միւռոնի, քաջալերողն ու նորոգողը հայոց հաւատքի: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրաշակերտ իր տաճարով եղել է և միշտ կլինի ազգիս՝ Միածնի էջքով պսակեալ հոգևոր սուրբ կենտրոնը, սերնդէ սերունդ փառքն ու պարծանքը, նուիրագործուած ու փայփայուած հայոց Բեթղեհէմը: 

Դարերի ընթացքին մեր ժողովուրդը՝ միշտ ունկնդիր Սուրբ Գրիգոր Լուսաւորչի «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» կոչին, եկեղեցանուէր ոգով ու նախանձախնդրութեամբ նորոգել, բարօր ու շէն է պահել Սուրբ Էջմիածինը՝ որպէս քարեղէն վկայութիւն իր հոգեղէն ապրումների և նուիրական զգացումների, որպէս տաճարացում առ Բարձրեալն Աստուած մեծագոյն սիրոյ և ձգտումի: Ժամանակների հոլովոյթում Հայոց Հայրապետների հոգածութեամբ Մայր Տաճարը շարունակաբար բարեզարդուել է որմնանկարներով ու սրբապատկերներով, խորանների, զանգակատների և աւանդատների կառուցմամբ, նուիրական սրբավայրի հանդէպ մշտական խնամքով, որպէսզի յաւէտ փայլի ու շողարձակի Քրիստոսահաստատ սրբօրրանը, «քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի»։

Լուսաւորչի հրաւէրն այսօր էլ արձագանքում է մեր կեանքում՝ բարգաւաճ ու պայծառ պահելու համայն հայութեան հոգևոր սուրբ կենտրոնը: Մայր Տաճարը այսօր խիստ կարօտ է վերանորոգման, ամրակայման հրատապ աշխատանքների, որպէսզի զերծ մնայ փլուզման վտանգից: Մեր նուիրական սրբավայրը պահպանելու և ամրացնելու, պայծառակերպ բարեզարդելու նպատակով Մայր Աթոռում արդէն իսկ սկսուած են անհրաժեշտ նորոգութիւնները: Պահանջուող վերանորոգման աշխատանքները, սակայն, ծաւալուն են, և կարիքը կայ մեծ միջոցների, համայն հայութեան աջակցութեան: Եւ այժմ, սիրելիներ,Մենք ենք դիմում ձեզ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» կոչով: Եկէք միասնաբար նորոգենք մեր ազգային-եկեղեցական կեանքի Սուրբ Խորանը՝ Մայր Տաճարը Սուրբ Էջմիածնի: Ձեր հոգու ջերմ զգացումներով, որ տածում էք հանդէպ Մայր Աթոռը, ձեր նպաստն ու ներդրումը բերէք մեր Սրբութիւն Սրբոցի վերանորոգման գործում, քանզի Սուրբ Էջմիածինը, որ միշտ սնել ու զօրացրել է բարեպաշտ զաւակներիդ ի հոգևորս, այսօր ձեր կարիքն ունի, որպէսզի յարատև շարունակի իր առաքելութիւնը մեր ժողովրդի կեանքում: Սուրբ Էջմիածնով միշտ պիտի ամուր պահենք մեր ուխտը առ Աստուած և մնանք համախմբուած հայրենիքի, ազգի և Եկեղեցու սիրով ու մեր նուիրական արժէքներով: Վստահութիւնն ունենք և հաւատում ենք, որ մենք կանք և մնացել ենք այն ազգը, որի հաւատոյ հռչակումն անփոփոխ է յանդիման ժամանակների, փորձութիւնների և դժուարութիւնների. «Մեզ հայր ճանաչում ենք Սուրբ Աւետարանը, և մայր՝ Առաքելական Սուրբ Եկեղեցին»: Այս նախանձախնդիր ոգով, սիրելի զաւակներ Մեր, ձեր աջակցութիւնը բերէք Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նորոգութեանը՝ գնահատարժան գործեր յաւելելով ձեր բարեպաշտ կեանքին ու վաստակին:

Մայր Տաճարի նորոգութեան համար բերուող օգնութիւնները համակարգելու նպատակով Գերագոյն Հոգևոր Խորհրդի կողմից հաստատուել է աշխատանքային խումբ՝ ԱՄՆ Հայոց Արևմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի գլխաւորութեամբ: Մեր յորդորն է աշխարհասփիւռ մեր թեմերին, ծուխերին, հաւատաւոր հայորդիներին՝ ըստ ամենայնի գործակցելու Մայր Տաճարի նորոգութեան աշխատանքային խմբի հետ՝ սրտաբուխ նուիրատուութիւններով ու զօրակցութեամբ մասնակցութիւն բերելու Քրիստոսահիմն մեր Սրբավայրի բարենորոգութեան նուիրական գործում: 

Ի խորոց սրտի աղօթում ենք, որ Բարձրեալ Տէրը Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքոյ պահպանի ձեզ, սիրելի հաւատաւոր և հաւատարիմ զաւակներ Մեր, պարգևի բիւր բարիքներ և ամուր պահի եկեղեցանուիրումի, ազգանուիրումի ու հայրենասիրութեան ձեր ոգին: Թող Աստուծոյ շնորհները հովանի լինեն ազգիս հայոց և միշտ խաղաղ ու անսասան պահեն մեր հայրենիքը, ամուր՝ մեր պետականութիւնը, յաւէտ շէն ու պայծառ՝ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: 

«Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի Քո անշարժ պահեա՛, և զերկրպագուս անուանդ Քում պահեա՛ ի խաղաղութեան». ամէն:

 

Օրհնութեամբ՝

 

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

 

Տուաւ Կոնդակս ի 23-ն Յունիսի

յամի Տեառն 2019 և ի թուին հայոց ՌՆԿԸ

ի մայրավանս Սրբոյ Էջմիածնի

ընդ համարաւ 1079

 

Պատարագի սրբազան արարողութեան աւարտին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ, կատարուեց Ս. Էջմիածնի մաղթանք:

Ներկա հավատացեալ ժողովուրդը եւ եկեղեցականաց դասն աղօթք բարձրացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի յարամնայ պայծառութեան, անսասանութեան եւ հայոց ազգի կեանքում իր սրբազան առաքելութեան արդիւնաւորման համար: