Ստամբուլում գտնվող «Էդիրնէ Գափու» գերեզմանատան հայկական հատվածում փոքրիկ գրադարան է հիմնվել: Այդ մասին «Արեւելքին» տեղեկացրեց «Էդիրնէ Գափուի» հայկական գերեզմանոցների հանձնախմբի ատենապետ Ռոմանոս Ջիզվեջյանը: Ըստ նրա, հնագույն այդ գերեզմանատանը թաղված և արևմտահայ կյանքում դեր ունեցած շատ անվանի մարդիկ կան, որոնք գրքերի հեղինակներ են, կամ որոնց մասին գրքեր են գրվել: «Հավաքելով այդ հրատարակություններն առանձին վայրում` հնարավորություն ենք տալիս գերեզմանատան այցելուներին` տեսնելու ննջեցյալների գրական կամ պատմագիտական ժառանգությունը կամ այն գրքերը, որոնք գրվել են նրանց մասին»,-ասաց Ռոմանոս Ջիզվեջյանը: «Էդիրնե Գաբուի» գերեզմանատան հայկական հատվածում են ամփոփված 1915 թվականին Սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան հանված քսան հնչակյանները: Մեծաթիվ գրքեր են գրվել պատմական այդ հայտնի դեպքի` «Քսան կախաղանների» մասին: Ռոմանոս Ջիզվեջյանը հավաքել է այդ գրականությունը և ինչպես ասում է, ամեն տարի, նրանց նահատակության օրը բազմաթիվ մարդիկ են այցելում գերեզման, որոնք հիշատակի արարողություններից հետո կարող են ծանոթանալ նաև գրականությանը: «Օրինակ այս տարի, նրանց նահատակության 100-րդ տարելիցի օրը բազմաթիվ հայերի հետ նաև մոտ 100 թուրք է այցելել գերեզման»: Ռոմանոս Ջիզվեջյանի հիմնած գրադարանում են նաև հայ բառարանագիր, պատմաբան, թարգմանիչ Գևորգ դպիր Պալատացիի գրքերը (1737-1812) , նա տիրապետել է 10 լեզվի և հայտնի բառարանների հեղինակ է: Գևորգ դպիր Պալատացիի շիրիմը նույնպես գտնվում է այդ գերեզմանատանը: Ըստ մեր զրուցակցի, հնագույն այս գերեզմանատանը նաև արևմտահայ մշակույթի, արվեստի, գիտության այլ դեմքեր են հուղարկավորված, որոնց ամբողջական ցանկը շուտով կկազմվի և հնարավոր կլինի նաև գտնել նրանց հեղինակած գրքերը կամ նրանց մասին գրականություն:
Ռոմանոս Ջիզվեջյանը նշեց, որ գերեզմանատանը գրադարան հիմնելու գաղափարը նորություն է, ինչը այցելուներին հուշում է, որ մարդը մահացել է, սակայն նրա անունն ու գործն անմահ են: