image

Հռոմի Պապ. Մյանմայի իշխանություններին ազատելու կոչ

Հռոմի Պապ. Մյանմայի իշխանություններին ազատելու կոչ

Այսօր սկսվեց Հռոմի Պապի 33-րդ առաքելական ճամբորդությունը՝ Իրաք: Իրաք մեկնելուց առաջ Հռոմի Պապը կոչ է արել ազատ արձակել Մյանմայի քաղաքական գործիչներին, որոնք ձերբակալվել են փետրվարի 1-ին՝ Մյանմայում իրականացված ռազմական հեղաշրջման ժամանակ: Ձերբակալվածների մեջ է նաեւ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, ոչ բռնի մեթոդներով քաղաքացիական անհնազանդության Մյանմայի խորհրդանիշ համարվող կին գործիչ  Աուն Սան Սու Չժին: «Մեկնում եմ Իրաք, բայց Մյանմայից դեռեւս տխուր եւ մարդկային կյանքի կորստի լուրեր եմ լսում»,-մեկնելուց առաջ ասել է Հռոմի Պապը՝  Մյանմայում իշխանության եկածներին կոչ անելով երկխոսության ճանապարհով լուծել բռնաճնշումներն ու անհամաձայնությունը: Հռոմի Պապը դիմել է նաեւ միջազգային հանրությանը՝   ջանքեր գործադրել, որ Մյանմարի ժողովրդի ազատ ապրելու կամքը բռնության չենթարկվի:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Մյանմարում ռազմական հեղաշրջման միջոցով բանակն իր ձեռքն է վերցրել իշխանությունն ու հայտարարել արտակարգ դրություն: Ձերբակալվել են երկրի նախագահն ու կառավարության բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:  Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժին երկրի  պետքարտուղարն էր,  համատեղությամբ՝ արտգործնախարար: Մյանմայի զինվորականները հայտարարել են, որ երկրում արտակարգ դրության ռեժիմը պահպանելու են մեկ տարի: Հեղաշրջման առիթը, ըստ զինվորական իշխանության ներկայացուցիչների, 2020 թվականի նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրության ժամանակ արված կեղծիքներն են, որոնց արդյունքում իշխող կուսակցությունը հաղթող է ճանաչվել: