Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում, երկու սենյականոց բնակարանում, իր բազմանդամ ընտանիքի հետ ապրող Մուհամեդ Ֆարիսին այդ թաղամասում ոչ բոլորն են ճանաչում: Ամեն օր նա դուրս է գալիս տնից՝ գնումներ կատարելու իր վեց հոգուց բաղկացած ընտանիքի համար, և փողոցում նրան տեսնողները չգիտեն, որ 65-ամյա այդ տղամարդը հերոսի կոչում ունի, և որ նրա անունով Սիրիայում փողոցներ և օդանավակայաններ են կոչել: Նա Սիրիայի առաջին տիեզերագնաց Մուհամեդ Ֆարիսն է, որ Ստամբուլի այդ թաղամասում ապրում է իբրև փախստական: Սիրիայի պատերազմի առաջին տարիներին, լքելով սիրիական բանակի շարքերն ու իր աջակցությունը հայտնելով ընդդիմադիրներին, Ֆարիսը հեռացել է Սիրիայից: Թուրքական մամուլին տված հարցազրույցում Ֆարիսն ասել է, որ ոտքով է հատել սահմանը: «Ընտրութեան հարց էր, փոխանակ այնտեղ ապրեի իբրև «հերոս» և տեսնեի իմ ժողովրդի տառապանքը, նախընտրեցի ապրել աքսորի դժվար պայմաններում, բայց՝ պատվով»,-ասել է Սիրիայի հերոսի կոչմանն արժանացած Մուհամեդ Ֆարիսը: Նա 1987-ին իբրև տիեզերագնաց ուղարկվել է տիեզերք, որտեղ մնացել է 7 օր, 23 ժամ, 8 րոպե: Վերադառնալով՝ ստացել է ոչ միայն Սիրիայի, այլև՝ «Խորհրդային Միության հերոսի» կոչում, պարգևատրվել է «Լենինի մեդալով»:
Մուհամեդ Ֆարեսը միաժամանակ «Ինտերկոսմոս» ծրագրի անդամ է, ինչպես նաև՝ մի շարք միջազգային մրցանակների դափնեկիր: Սիրիայում բնակվելու տարիներին դասավանդել է համալսարանում, այնուհետև թողել է դասախոսական աշխատանքը և աշխատել սիրիական բանակում, իբրև բարձրաստիճան զինվորական:
Մամուլը նշում է, որ Ֆարիսը լավ հարաբերությունների մեջ է եղել Հաֆեզ Ասադի և նրա որդու՝ Սիրիայի ներկա նախագահի հետ, սակայն պատերազմի սկզբից դեմ է եղել նախագահի քաղաքականությանը: Հերոսի կոչում ստացած տիեզերագնացը Թուրքիայում երբեմն հրավիրվում է դասախոսությունների, որի ընթացքում պատմում է իր փորձի մասին, միաժամանակ, անդրադառնալով պատերազմական իրավիճակին, հայտնում է իր տեսակետները՝ Սիրիայի պատերազմի մասին: Մամուլին նա ասել է, որ աշխարհն ամենալավը երևում է տիեզերքից, որտեղից ո՛չ սահմաններ, ո՛չ պետություններ և ո՛չ էլ տարբերություններ են նշմարվում:
Ստամբուլում նրա հետ է բնակվում նաև կրտսեր որդին, որին Ֆարիսը Միր է անվանակոչել, ի պատիվ խորհրդային ուղեծրային կայանի, որի միջոցով իրականացվել է դեպի տիեզերք նրա թռիչքը:
Օրերս հերոս-տիեզերագնացի մասին վավերագրական ֆիլմ է պատրաստել նաև theguardian-ը: Ֆիլմում Ֆարիսն ասում է, որ շուտով ավարտվելու է պատերազմը, ինքը վերադառնալու է Սիրիա, համբուրելու է հողն ու օգնելու է իր ժողովրդին՝ կառուցելու երկիրը: