Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում «Ավետիք Իսահակյանի նամակները» գրքի շնորհանդեսն էր: Իսահակյանի նամականին կազմել էր գրականագետ Արփիկ Ավետիսյանը, որը երկար տարիներ աշխատում էր Ե.Չարենցի անվան Գրականության ու արվեստի թանգարանում /ԳԱԹ/: 1990 թ.-ին, երբ գիրքն արդեն պատրաստ էր տպագրության՝ պետությունն ի վիճակի չէր հոգալ տպագրության ծախսերը, և ձեռագիրը վերադարձվել է ԳԱԹ: 1991-ին, Արփիկ Ավետիսյանի մահից հետո, գրքի ձեռագիրն անհետացել էր ԳԱԹ-ից: Հայտնի գրականագետներից մեկը մի քանի տարի անց հայտնում է Ա.Ավետիսյանի հարազատներին, որ ձեռագիրն իր մոտ է, և այն կվերադարձնի պայմանով, որպեսզի գրքի համահեղինակ համարվի: Հարազատները մերժել են, իսկ ձեռագիրն այդպես էլ մինչ օրս անհայտ է: Ա.Ավետիսյանի դուստրը՝ ազգագրագետ Իոննա Ավագյանն է փորձել սևագիր օրինակների հիման վրա ամբողջացնել գիրքը, սակայն նա էլ չհասցրեց ավարտել գիրքը…. Ա. Ավետիսյանի պահպանված արխիվի շնորհիվ՝ տարիներ անց նրա թոռնուհուն՝ լրագրող Լիլիթ Ավագյանին, հաջողվեց վերակազմել, ի մի բերել, ծանոթագրել ու ամբողջացնել 267 նամակաները՝ մեկ գրքում:
Գիրքը տպագրվել է ԵՊՀ հրատարակչության և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ:
Ժողովածուում Իսահակյանի՝ 1895 թ.-ից մինչև նրա մահվան տարին՝ 1957 թ.-ի նամակներն են: Իսահակյանը 25 տարի ապրել է հայրենիքից հեռու՝ Եվրոպայում, և այնտեղից նամակների միջոցով առնչվել թե՛ Մխիթարյան միաբանության հայրերի, թե՛ դաշնակցական գործիչների, թե՛ Առաջին հանրապետության ղեկավարների, ապա նաև Խորհրդային Հայաստանի ղեկավարների, մշակութային ու հասարակական գործիչների հետ: Գրքի առաջաբանի հեղինակը գրականագետ, բ.գ.դ. Հովհաննես Ղանալանյանն է, հատուկ կարծիք էր գրել բ.գ.դ. Սևակ Արզումանյանը:
Երեկ, գրքի շնորհանդեսին ներկա Ավետիք Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանն ասաց, որ իր պապը նամակներ գրելիս երբեք նախապես սևագրություն չէր անում, այլ գրում էր մի շնչով: Եվ որ. «Գրողի սրտի աշխատանքը ստուգելու լավագույն միջոցը ոչ այնքան սրտի կորդեոգրամման է, այլ նրա նամակների ընթերցումը»: Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի տնօրեն Գևորգ Դևրիկյանն էլ նկատեց, որ հետաքրքիր են ոչ միայն Իսահակյանի նամակները, դրանց ծանոթագրությունները, այլև գրքի վերջում տեղ գտած անվանացանկն ու անգամ գրքի ձևավորումը:
«Մայրիկիս մահից հետո տատիկիս արխիվը բերեցի մեր տուն: Մտածում էի` ինչպես տեղավորեմ այդ մեծաքանակ թղթապանակները, որ քիչ տեղ զբաղեցնեն: Երբ բացեցի թղթապանակները, տեսա մայրիկիս ձեռագիրը, որ փորձել էր ի մի բերել տատիկիս աշխատանքը, երբ տեսա տատիկիս ահռելի աշխատանքը` մոտ 100 թղթապանակներ, մասնագիտական աչքով նայեցի, հասկացա, որ չհրապարակել ուղղակի անկարելի էր: Միաժամանակ պարտքի զգացողություն կար՝ անձնական պարտք՝ մայրիկիս ու տատիկիս հիշատակի առաջ»,- ասում է Լիլիթ Ավագյանը:
Նամականին հագեցած է հետաքրքիր բացահայտումներով ու տեղեկություններով: Օրինակ, նամակներից մեկում Իսահակյանը բացահայտում է իր «Աբու-Լալա Մահարի» պոեմի հերոսի ինքնությունը. «Այնտեղ ես եմ, ուրիշ ոչ ոք, միայն՝ ուրիշի վերարկուի տակ»: Ինչպես նաև պատմում «ՈՒստա Կարո» անավարտ վեպի, «Սասմա Մհեր» պոեմի ու այլ գործերի ստեղծման պատմությունը:
Խորհրդային շրջանում գրքաննությունը կրճատել էր Իսահակյանի որոշ նամակներ, մասնավորապես՝ Չարենցի մասին գնահատականները: Այս ժողովածուում նամակները ներկայացված են ամբողջությամբ, վերականգնված: Գրքում զետեղված են նաեւ մի քանի նամակներ, որոնք հեղինակը՝ Լ. Ավագյանն է գտել՝ երկար փնտրտուքների արդյունքում:
Հարկ է նշել նաեւ, որ գրքում տեղ են գտել Իսահակյանի լուսանկարները, որոնց մի մասն անտիպ են, մյուսները Իսահակյանի տուն-թանգարանի արխիվից են :
«Իսահակյանի նամակները պատմում եմ 1890-ականների հայկական ջարդերի, Առաջին աշխարհարհամարտի, Հայոց ցեղասպանության, Հայկական հարցի, Առաջին հանրապետության ու նրա կործանման, Խորհրդային Հայաստանի, ստալինյան ռեպրեսիաների, երկրորդ աշխարհամարտի մասին և ,այդպիսով, կարծում եմ, հետաքրքիր են ոչ միայն գրականագետների ու պատմաբանների, այլ յուրաքանչյուր հետաքրքրասեր մարդու համար»,- նկատեց Լ.Ավագյանը:
Տաթեւիկ Մուրադյան