image

Գեներալ Փանոս Մանջյան. Իսկական զինվորականը չի խոշտանգում, դա վարձու մարդասպանի ձեռագիր է

Գեներալ Փանոս Մանջյան. Իսկական զինվորականը չի խոշտանգում, դա վարձու մարդասպանի ձեռագիր է

Գեներալ-մայոր, Լիբանանի նախկին պետական նախարար Փանոս Մանջյանն «Արևելքի» խնդրանքով արձագանքում է Արկադի Տեր-Թադևոսյանի՝ աշխարհի հայ բարձրաստիճան զինվորականներին ու ռազմական փորձագետներին համախմբելու կոչին:

Փանոս Մանջյանը լիբանանյան բանակի հայտնի գեներալներից է, և հայաստանյան իր այցերի ժամանակ հաճախ է առաջարկել ստեղծել աշխարհի հայ բարձրաստիճան զինվորականների միություն, որը կգործի մշտապես՝ թե՛ վտանգի պահին, թե՛ խաղաղության պայմաններում:

«Փաստն այն է, որ անցնած տարիների ընթացքում ինչ միություն ասես կազմվեց, բայց հայ զինվորականներին համախմբող համահայկական միություն այդպես էլ չստեղծվեց, որը կհետաքրքրվեր աշխարհասփյուռ հայ զինվորականների թվով, նրանց հավաքագրելու հարցով» -«Արևելքի» հետ զրույցում ասաց Լիբանանի բանակի բրիգադի գեներալ-նախարարը:  Մի առիթով Փանոս Մանջյանն ասել էր, որ միայն իր հաշվարկներով՝ Հայաստանից դուրս մոտ 40 հայ գեներալ է ապրում, որոնք Չիլիից մինչև Ֆրանսիա, ԱՄՆ-ից մինչև Լիբանան մեծ զինվորական գործեր են կատարել: Մեր այն հարցին, թե այսօր ինչքա՞ն է Հայաստանից դուրս հայ բարձրաստիճան զինվորականների թիվը, Փանոս Մանջյանն ասաց, որ այս պահին կոնկրետ  թիվ չի կարող նշել, բայց շատ են. «Պարտադիր չէ միայն գեներալները գնան, ավելի ցածր կոչումներով զինվորականներ էլ կան, շարքային  հայ սփյուռքահայ զինվորներ էլ կան, որոնք պատրաստ են գնալ Հայաստան, միայն թե նրանց համախմբող է պետք:  Նույնիսկ ոմանք դրսից էլ կարող են ծառայել, օգնել, ծանոթություններ հաստատել, ինֆորմացիա տրամադրել, այլ գործեր անել, ուղղակի պետք է գտնել այդ մարդկանց»,-ասաց Փանոս Մանջյանն ավելացնելով, որ նույնիսկ ուշացած քայլ է կոչը: «Դրսում ապրող հայ զինվորականներից շատերը թեև ծանոթ են ղարաբաղյան հարցին, բայց Ղարաբաղին, իբրև պատերազմի դաշտ, իբրև մարտական վայր, ծանոթ չեն: Մինչև հիմա նախ այդ ծանոթությունը պիտի լիներ, պիտի այդ մարդկանց համախմբեին, տանեին, ծանոթացնեին, որպեսզի այսպիսի պահերին հեշտ լիներ անմիջապես գործել»,-ավելացրեց բարձրաստիճան զինվորականը:

Ըստ նրա, զինվորական կյանքը՝ իր կարգապահությամբ և շատ կանոններով նույնն է բոլոր երկրներում  և տարբեր երկրներում ծառայած զինվորականները Հայաստան կամ Արցախ գնալով դժվարությունների հաստատ չեն հանդիպի. «Իհարկե տարբերություններ կան երկրների միջև, բայց դա խնդիր չէ,  կոնկրետ իմ ունեցած ռազմական գիտելիքներն արևմտյան են, մենք կռիվների ժամանակ արևմտյան  զենքերով ենք գործել, բայց դա էլ խնդիր չէ, կարող է ռազմավարությունը պետք գա, որոշ հմտություններ պետք գան,  հրետանին, հրետանին է՝ լինի ամերիկյան, թե ռուսական: Ռազմավարությունն է կարևոր: Օգտակար լինել միշտ էլ հնարավոր է: Կարծում եմ պաշտպանության նախարարությունից առավել  սփյուռքի նախարարությունը պետք է տվյալներ ունենա աշխարհի հայ զինվորականների մասին»:

Մեզ հետ զրույցում Փանոս Մանջյանը դիտարկեց նաև, որ րոպե առ րոպե հետևում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին և համոզվում է, որ այն ձեռագիրը, որ գործադրում է Ադրբեջանը, բանակայինի ձեռագիր չէ. «Բանակայինը, իսկական զինվորականը չի խոշտանգում, ծեր մարդու ականջը չի կտրում, դա վարձու մարդասպանի ձեռագիր է: Այս վերջին ագրեսիայի դեպքում, իհարկե, կար հայկական հարցը, բայց ավելի շատ միջազգային իրադարձությունների զարգացման արդյունք էր տեղի ունեցածը: Պետք է ավելի լայն նայել՝ ի՞նչ է տեղի ունենում Սիրիայում, ի՞նչ հարաբերություններ կան ռուս-թուրքական հարթակում, ուղղակի հայերն էլ այս անգամ օգտագործվեցին այդ տեսանկյունից»,-նշեց Փանոս Մանջյանը, կրկնելով, որ որպես փորձառու զինվորական, եթե Արցախին օգտակար լինելու հարց լինի և դիմեն, ինքը  պատրաստ է աջակցել: