image

Լիբանանի կառավարությունում հայուհի է նշանակվել

Լիբանանի կառավարությունում հայուհի է նշանակվել

Ամիսներ շարունակ կառավարություն չունենալուց հետո քիչ առաջ Լիբանանում կազմվել է նոր կառավարություն՝ 20 անդամներով:  Կառավարության մեջ ավանդաբար հայերին բաժին ընկնող մեկ  նախարարությունն այս անգամ կին է գլխավորելու.  ՀՅԴ-ի կողմից առաջադրված Վարդինե Օհանյանը (Օհանյան-Գեւորգյան) նշանակվել է Սպորտի եւ  երիտասարդության հարցերի նախարար:  Մինչ այդ նա գլխավորում էր հատուկ կարիքներ ունեցող հայ երեխաների «Զվարթնոց» կենտրոնը:  Ծնվել է 1984-ին, ամուսնացած է, ունի երկու երեխա: Ըստ ԶԼՄ-ների, առաջին անգամ Լիբանանի պատմության մեջ հայուհին դարձել է կառավարության անդամ: Նախորդ կառավարության կազմում հայերին բաժին էր ընկել Զբոսաշրջության նախարարությունը, որը գլխավորում էր Ավետիս Կիտանյանը: Լիբանանի սահմանադրության համաձայն, կառավարությունը կազմվում է երկրի համայնքները ներկայացնող անդամներից: 

Մամուլը  կառավարության երկար սպասված կազմումը համարել է «նոր Լիբանանի սկիզբ»՝ նկատի ունենալով, որ ամիսներ շարունակ երկրում տիրող քաղաքական ու տնտեսական խիստ ճգնաժամային վիճակը կարող է նորանշանակ վարչապետ Հասան Դիաբի եւ նոր կառավարության ջանքերով հանգուցալուծում գտնել:

2019 թվականի դեկտեմբերի 19-ին Լիբանանի խորհրդարանը վարչապետ էր ընտրել Հասսան Դիաբին: Անցյալ տարվա հոկտեմբերից երկրում ծայր էին  առել բողոքի եւ անհնազանդության ցույցեր ու հավաքներ, որոնք շարունակվում են մինչեւ այսօր. ցուցարարների պահանջներից մեկը տնտեսական լուրջ բարեփոխումներն են: Նրանք նաեւ պահանջում էին նոր կառավարություն: 

Լիբանանի նոր կառավարությունն այսօր գումարելու է առաջին նիստը: