Բյուզանդ 3 հասցեում՝ «Մասուր» սրճարանի հարևանությամբ բացվել է ինքնատիպ մի ցուցահանդես, որը կրում է «Ուղեղի խաղեր՝ մտքի աչքերով» խորագիրը: Ցուցահանդեսի կազմակերպիչը «ԱրթԶ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունն է, իսկ հովանավորը՝ «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, սիրիահայ բարերար Գաբրիել Չեմբերջյանը: Նա, հավանելով երիտասարդ ստեղծագործողների գաղափարը՝ նրանց տարածք է տրամադրել ցուցահանդեսի համար, ինչպես նաև հովանավորել է մրցանակային ֆոնդը:
«Ուղեղի խաղեր՝ մտքի աչքերով» ցուցահանդես-մրցույթին ներկայացված էին ձևավորված և նկարազարդված մանեկեններ, որոնք նախօրոք բաժանվել էին մի խումբ ստեղծագործողների՝ առաջարկելով իրենց մտքի թռիչքով ձևավորել: Արդեն ձևավորված մանեկեններից պրոֆեսիոնալ ժյուրին պետք է ընտրեր երեք լավագույն աշխատանքները: Ցուցահանդես-մրցույթի բացմանը «ԱրթԶ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Օսաննա Քարամյանն «Արևելքին» ասաց, որ ցուցահանդեսն իր բնույթով նորամուծություն է մեր մշակութային կյանքում, ինչը անչափ ոգևորել է նաև երիտասարդներին, նրանք գործի էին դրել անսպառ երևակայություն: Մասնակից երիտասարդները Երևանից և մարզերից էին, թվով՝ 35 հոգի 17-22 տարեկան ստեղծագործողներ, որոնք մանեկենները ձևավորել էին ամենատարբեր թեմաներով՝ օգտագործելով կոլաժային, գրաֆիկական և այլ ժանրեր: Մրցույթի արդյունքում ժյուրին ընտրեց երեք լավագույններին: Առաջին մրցանակը (250 հազար դրամ), շնորհվեց Գեղարքունիքի Ծովասար գյուղից նկարչուհի-դիզայներ Անի Շահբազյանին, երկրորդ մրցանակին (150 հազար դրամ) արժանացավ երևանցի ստեղծագործող Աշոտ Վարդանյանը
ը, իսկ երրորդ մրցանակը ստացավ Արմավիրի մարզից Գևորգ Արշակյանը (100 հազար դրամ):
Նշենք նաև, որ «ԱրթԶ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 2018 թվականին և նպատակ ունի նպաստել արվեստի ու մշակույթի հանրահռչակմանն ու ստեղծագործողներին:
Ամենատարբեր ձևավորումներ ստացած մանեկենները Բյուզանդ 3 հասցեում կցուցադրվեն նաև հունիսի 5-ին:
Առաջին մրցանակի արժանացած Անի Շահբազյանը՝ աշխատանքի հետ
Երկրորդ մրցանակին արժանացած Աշոտ Վարդանյանը՝ «Տիրացում» խորագրով աշխատանքի հետ
Երրորդ մրցանակակիր Գևորգ Արշակյանը և «Ընտանիք» աշխատանքը
«ԱրթԶ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Օսաննա Քարամյանը հայտարարում է հաղթողների անունները:
Լուսանկարները՝ «Արևելքի»