image

«Զավակս փոխեց իմ հոգևոր աշխարհը և դարձել է իմ հավատքի սանդղակը, իսկ հայ «արև երեխաների» համար՝ դեսպան ամբողջ աշխարհում»․ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան (Լուսանկար)

«Զավակս փոխեց իմ հոգևոր աշխարհը և դարձել է իմ հավատքի սանդղակը, իսկ հայ «արև երեխաների» համար՝ դեսպան ամբողջ աշխարհում»․ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան (Լուսանկար)

7 տարի առաջ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի ընտանիքում ծնվեց երրորդ զավակը՝ Մոնթեն, որը, լույս աշխարհ գալով Դաունի համախտանիշով, դառնալու էր Հայաստանի «արև երեխաների» բարեկամն ու դեսպանն աշխարհում․ չէ՞ որ հենց որդու ծնունդից հետո Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը որոշեց ստեղծել «Արև-երեխաներ» կազմակերպությունը՝ նպատակ ունենալով նպաստել Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմանը։ Մարտի 21-ը՝ Դաունի համախտանիշի համաշխարհային օրը Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հետ հանդիպելու և նրա հետ նվիրականի մասին զրուցելու լավ առիթ էր։

-Տեր Գրիգոր, իմանալով Ձեր պատմությունը, ակամայից հիշում ես հայտնի արտահայտությունը․ «Ամեն մեկին տրվում է այնքան փորձություն, որքան որ նա կարող է տանել», և «փորձությունը» կամ տվյալ դեպքում՝ խնդիրը, ինքնանպատակ չէ, և եթե այն տրվում է, ապա շատ անգամ տրվում է որպես առաքելություն․․․

-Կարծում եմ՝ այդպես է․․․ Ամեն մեկիս խաչը տարբեր է, և այն տանելու կարողությունը նույնպես կախված է անձից․ ես ձեր փորձություններն ու խաչը տանել չեմ կարողանա, ինչքան էլ ինձ թվա, որ այն ավելի թեթև է, և դուք էլ իմը չեք կարողանա տանել․․․ Աստված փորձության միջոցով փորձում է մեզ կոփել, զորացնել, ավելի շատ իրեն մոտեցնել․․․ Թեև սկզբից էի մտածում, որ Դաունի համախտանիշով որդուս ծնունդը փորձություն է, բայց ինձ համար այն երջանկություն և օրհնություն է․․․ Այնպես չէ, որ չեմ նեղվել կամ խնդիրներ չեն եղել, եղել են, բայց շատ կարճ ժամանակ հետո հասկացել եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ, օրհնաբեր մի բան է, և այսօր որդիս կարծես կենդանի հրեշտակ լինի իմ տանը։

 

Նյութը՝ Հայց. Առաքելական եկեղեցու Արեւմտյան Թեմի պաշտոնական էջից