Յայտնի բարերար, «Տաշիր» ընկերութիւններու խումբի նախագահ Սամուէլ Կարապետեանը հանդէս եկած է յայտարարութեամբ:
Յայտարարութիւնը կը ներկայացնենք ստորեւ.
«Սիրելի հայրենակիցներ,
Դիմում եմ ձեզ գալիք խորհրդարանական ընտրութիւնների կապակցութեամբ։ Ակնյայտ է, որ մեր հայրենիքում ստեղծուած իրավիճակը առանձնանում է ծայրայեղ բարդութեամբ։ Ծանր պարտութիւն տանելով հայրենական պատերազմում, մենք յայտնուել ենք աննախադէպ մի ճգնաժամի մէջ։ Ընդ որում, խօսքն ինչպէս քաղաքական, տնտեսական, այնպէս էլ արժեհամակարգային ճգնաժամի մասին է։
Գիտեմ, որ շատերի համար իրավիճակը փակուղային է թուում, եւ դա հասկանալի է։ Մեր բազմադարեայ պատմութեան մէջ դժուար ժամանակներ շատ են եղել, սակայն այս շրջանն առաւել ողբերգական է թուում։ Այնուամենայնիւ, ես վստահ եմ, որ մենք կարող ենք յղթահարել այս բազմաշերտ ճգնաժամը։ Ճանապարհը՝ խաղաղ, ազատ եւ արդար ընտրութիւններն են։
Հասկանալի է, որ Յունիսի 20-ին մենք ոչ թէ պարզապէս նոր խորհրդարան ու նոր կառավարութիւն ենք ընտրում, այլ պատրաստուում ենք ներկայացնել աշխարհին, մեր բարեկամներին ու թշնամիներին մեր էութիւնը։ Ներկայացնել այն ուղին, որով առաջիկայ՝ բոլորիս համար շատ բարդ տարիներին, շարժուելու է Հայաստանը։
Կը կարողանա՞նք արդեօք տոկուն լինել։ Կարո՞ղ ենք արդեօք արագ վերականգնման գործընթաց սկսել։ Կարո՞ղ ենք արդեօք ազատուել հակասութիւնների կապանքներից եւ հասարակութեան մէջ կառուցողական մթնոլորտ ձեւաւորել։ Այս հարցերի պատասխանները կախուած են Հայաստանի Հանրապետութեան իւրաքանչիւր քաղաքացու ընտրութիւնից։
Յոյսով եմ, որ ողջամտութիւնն ու ազգապահպանութեան մղումը գերակայ կը լինեն։ Յոյսով եմ, որ ընտրութիւնները կ'աւարտուեն պաշտօնական տուեալների ամփոփմամբ, այլ ոչ թէ ներքաղաքական լարուածութեան նոր շրջափուլով։ Երկիրը հասարակական համերաշխութեան սուր կարիք ունի։
Սիրելի քոյրեր եւ եղբայրներ, Ես անկեղծ հաւատում եմ, որ մենք կը յաղթահարենք այս մարտահրաւէրը։ Եւ կը շարունակենք հպարտանալ մեր ընդհանուր հայրեինքով այնպէս, ինչպէս հպարտացել ենք միշտ։
Ես անկեղծ հաւատում եմ, որ ամէն ինչ լաւ է լինելու»: