2020 թվականից սկսած՝ Ֆրանսայի Բարձր նորաձեւության եւ նորաձեւության ֆեդերացիան իրականացնում է Sphere Paris Fashion Week®️ Showroom-ը՝ DEFI-ի եւ L’Oréal Paris-ի աջակցությամբ: Sphere-ը կազմակերպության նախաձեռնություններից մեկն է, որի նպատակն է աջակցել նորարարական դիզայներներին։ Այն միավորում է ստեղծագործական եւ զարգացման ներուժ ունեցող բրենդների։
Այս տարի Womenswear Spring-Summer 2026 հավաքածուի ցուցադրությունը տեղի ունեցավ հոկտեմբերի սկզբին։
«Արեւելք»-ի տեղեկություններով, աշխարհի տարբեր երկրներից նորաձեւության այս միջոցառմանը մասնակցող մոդելների շարքում էր նաեւ սիրիահայ մոդել Մարիա Ղարիբյանը, որը երկրորդ անգամ էր մասնակցում Փարիզի նորաձեւության շաբաթին։ Մարիան ներկայացրել է երկու հայտնի դիզայներների նոր հավաքածուներ՝ ընդգրկվելով մոդելների բազմազան խմբում, որոնք ցուցադրել են նորաձեւության վերջին նորությունները։ Մարիան իր կարիերան սկսել է Հայաստանում, այժմ իր հաջողությունները կերտում է աշխարհահռչակ բեմերում։
Հավաքածուները ներկայացնելուց բացի, Մարիայի մասնակցությունը նաեւ կարեւոր եւ խորհրդանշական իմաստ ունի հայ մոդելների համար՝ հայկական նորաձեւության քայլերը միջազգային բեմերում ներկայացնելու առումով։
Տեղեկացանք նաեւ, որ Paris Fashion Week-2026-ին ցուցադրվել է նաեւ հայ դիզայներ Մեժըն Վեմյանի հավաքածուն, ներկայացվել են նրա վերջին դիզայներական աշխատանքները, որոնք ոգեշնչված են ժամանակակից արվեստից ու հայկական ավանդույթներից։
Այս միջոցառմանը հայերի մասնակցությունը վկայում է, որ հայկական նորաձեւությունն ու դիզայնը դառնում են էական մաս՝ աշխարհի նորաձեւության խոշոր ծրագրերում։