image

Թուրքիա․ նախիջևանյան կարծրատիպեր

Թուրքիա․ նախիջևանյան կարծրատիպեր

Պանթյուրքիզմի «կապող օղակ»


1926-1930թթ․ Արարատ լեռան շրջանում (Փոքր Մասսի) տեղի ունեցած քրդական ապստամբությունն արտաքին քաղաքական ճգնաժամ առաջացրեց Թուրքիայի ու Իրանի փոխհարաբերություններում։ Այն հանգուցալուծվեց 1932թ․ հունվարի 23-ին Թուրքիայի ու Իրանի միջև կնքված պայմանագրով, որով կողմերը կատարեցին տարածքների փոխանակում։ Սիս լեռն այդպիսով ամբողջովին հայտնվեց Թուրքիայում, և Թուրքիան իր համար լուծեց երկու կարևոր հարց․ 1) փակեց տվյալ գոտում քուրդ ապստամբների ելումուտը Իրան։ 2) ձեռք բերեց մոտ 10 կիլոմետրանոց սահման Նախիջևանի հետ[1]։


ԽՍՀՄ փլուզումը պանթյուրքիստական տրամադրությունների զգալի աճ արձանագրեց Թուրքիայում, որն անմիջապես սկսեց մի շարք ուղղություններով ներթափանցել Ադրբեջան ու Կենտրոնական Ասիա: Այս առումով յուրահատուկ տեղ գրավեց Նախիջևանը, որը պանթյուրքիզմի տեսակետից համարվում է «որպես կապող օղակ» Թուրքիայի ու Ադրբեջանի, Թուրքիայի և ողջ Թուրանի միջև (Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը Նախիջևանը որակել է դեպի թուրք-իսլամական աշխարհ բացվող դուռ):

 


 

 

Նախիջևանում սեփական ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ Թուրքիայի առաջին գործուն քայլը հանդիսացավ 1992թ․ մայիսին Արաքսի վրա կառուցված Հասրեթ («Կարոտ») կամրջի բացումը, որն ադրբեջանցիներն անվանում են նաև «Հույսի կամուրջ»: Կամրջի կառուցումը տևել է մոտ մեկ տարի և արժեցել մոտ 2 միլիոն դոլար: Կամրջի բացման արարողության ժամանակ Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը հայտարարեց. «Այս կամրջի բացմամբ վերջ տրվեց 70-ամյա կարոտին: Թուրքիան և Նախիջևանը «գրկախառնվեցին» միմյանց»: Դեմիրելն այստեղ նկատի ուներ ԽՍՀՄ կազմում Ադրբեջանի գտնվելու մոտ 70-ամյա ժամկետը։

Կարելի է ասել, որ Արցախյան պատերազմի տարիներին այս կամուրջն իսկապես փրկօղակ դարձավ Նախիջևանի համար, որը պատերազմի արդյունքներով զգալիորեն հեռացվել էր Ադրբեջանից։ Թուրքիայի համար այդպիսով գնալով ավելի կարևորվեց Իգդիրի նահանգը, որը Թուրքիայի 81 նահանգների թվում միակն է, որ սահմանակից է միանգամից 3 երկրի՝ Հայաստան, Իրան, Նախիջևան/Ադրբեջան։

2009թ․ հոկտեմբերի 3-ին Նախիջևանում ստորագրվեց «Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի ստեղծման» մասին համաձայնագիրը: Գագաթաժողովում Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարեց. «Նախիջևանը հարազատ ու թանկարժեք է և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի համար: Նախիջևանը Թուրքիայի համար ունի վիթխարի նշանակություն: Ֆիզիկական առումով նախիջևանյան տարածաշրջանում Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանը փոքր է, սակայն քաղաքական առումով 10-12 կիլոմետր երկարությամբ սահմանն ունի ծայրահեղ կարևորություն, այն Թուրքիան աշխարհագրորեն կապում է թյուրքական երկրների հետ»[2]


 

Մեր կարծիքով՝ Նախիջևանի կարևորությունն իրականում ուռճացված է, քանի որ այն էքսկլավ է, երբևէ չի ունեցել և չունի ընդհանուր սահման Ադրբեջանի (ընդհանրապես թյուրքական երկրների) հետ և իրականում բարդ է այն որակել կապող օղակ։ Այժմ այն կարող ենք ավելի շուտ որակել որպես հենակետ՝ հետագայում Թուրքիայի ու մնացյալ Թուրանի միջև «կապող օղակ» դառնալու հեռանկարով։


Թուրք-ադրբեջանական «աննախադեպ» զորավարժություններ


2010թ․ օգոստոսի 16-ին Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրեցին «Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության ու փոխօգնության մասին» պայմանագիրը, որը նախատեսում էր նաև համատեղ զորավարժությունների անցկացում[3]։ Եվ ահա դրանից հետո Թուրքիան ու Ադրբեջանը սկսեցին թերևս ամեն տարի անցկացնել երկկողմ զորավարժություններ, երբեմն՝ տարեկան միանգամից երկու զորավարժություն։ Ընդ որում, այդ զորավարժություններն անցկացվում էին թե՛ Թուրքիայի (Կարս, Քոնիա), թե՛ Ադրբեջանի (Բաքու, Նախիջևան) տարածքներում։ Օրինակ, 2019թ․ հունիսի 7-11-ին Նախիջևանում անցկացվեցին թուրք-ադրբեջանական «Անսասան եղբայրություն 2019» խորագրով զորավարժությունները, որոնց մասնակցում էր 5000 զինվոր, շուրջ 200 տանկ և զրահատեխնիկա, 180 հրթիռահրետանային միջոց, 21 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ[4]:

Այնպես, որ 2020թ․ հուլիսի 29-ին մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժություններն աննախադեպ չէին Նախիջևանում անցկացվելու առումով։ Չնայած դրան՝ Հայաստանում պնդումներ եղան, թե «դրանք Հայաստան ներխուժելու նախապատրաստություն են»։ Եթե անգամ հակված չենք հավատալ, որ դրանք պլանային զորավարժություններ էին, ապա Տավուշյան թեժացմանը հաջորդած այս զորավարժություններով Թուրքիան (նաև Ադրբեջանը) թերևս ցանկանում է պատասխանել դրանից առաջ մեկնարկած հայ-ռուսական զորավարժություններին, զուտ ահաբեկել Հայաստանին, բարձրացնել Տավուշյան թեժացման արդյունքներով ադրբեջանական բանակի՝ լրջորեն սասանված հեղինակությունը և ոգին, այդպիսով ադրբեջանական կողմին դնել իրեն պարտական վիճակում և զիջումներ կորզել նրանից, և նաև բարձրացնել սեփական ոգին՝ կապված Սևրի պայմանագրի 100-ամյակի հետ (զորավարժությունների ավարտը նշանակված է օգոստոսի 10-ին)։


Թուրքիան՝ որպես «Նախիջևանի անվտանգության երաշխավոր» 


1921թ. մարտի 16-ին Մոսկվայում ՌԽՖՍՀ-ի և քեմալական Թուրքիայի միջև կնքված պայմանագրի հոդվածներից 3-րդը վերաբերում էր Նախիջևանին. «Երկու Պայմանավորվող կողմերը համամիտ են առ այն, որ Նախիջևանի մարզը սույն Պայմանագրի 1-ին հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տերիտորիա` Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի երրորդ պետության»:

1921թ. հոկտեմբերի 13-ին կնքվում է Կարսի պայմանագիրը Խորհրդային Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև մի կողմից և Թուրքիայի միջև` մյուս կողմից, ՌԽՖՍՀ-ի մասնակցությամբ: Այս պայմանագրի 5-րդ հոդվածում նշված է. «Թուրքիայի կառավարությունը և Սովետական Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ սույն պայմանագրի երրորդ հավելվածում նշված սահմաններում Նախիջևանի մարզը կազմի ինքնավար տարածք` Ադրբեջանի խնամակալության ներքո»:

Փաստորեն Մոսկվայի պայմանագրում, եթե ասվում է, որ Նախիջևանի խնամակալությունը Ադրբեջանը չի կարող զիջել երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին, ապա Կարսի պայմանագրում վերջին ձևակերպումը տեղ չի գտել[5]:

Չենք բացառում, որ թուրքական կողմն այն ժամանակ միտումնավոր է արել, որ տվյալ ձևակերպումը տեղ չգտնի Կարսի պայմանագրում՝ հավանաբար ենթադրելով, որ օրերից մի օր կստեղծվեն բարենպաստ պայմաններ, որպեսզի Ադրբեջանը Նախիջևանը հանձնի իրեն։ Ստացվում է, որ անգամ Կարսի պայմանագիրը չի բացառում Նախիջևանի հանձնումը երրորդ պետության (ասենք, Հայաստանին)։

Նկատենք, որ միջազգային իրավունքի տեսանկյունից ապօրինի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի համապատասխանաբար 3-րդ և 5-րդ հոդվածներում չկա այնպիսի միտք, որը տարիներ շարունակ շահարկվել է հայ քաղաքագիտական մտքի կողմից (և ոչ միայն)։ Խոսքը նրա մասին է, որ «Թուրքիան տվյալ պայմանագրերով, իբրև թե, համարվում է Նախիջևանի անվտանգության երաշխավոր»։ Բարդ է ասել, թե ինչն է հիմք ծառայել նման պնդման համար, քանի որ պայմանագրերում այդ մասին որևէ բան գրված չէ։ Բայց եթե համարենք, որ խոսքը Մոսկվայի պայմանագրի 3-րդ հոդվածի մասին է, ապա նույն տրամաբանությամբ կստացվի, որ «Ռուսաստանը նույնպես Նախիջևանի անվտանգության երաշխավորն է»։


Նախիջևանում «թուրքական ռազմակայանի առկայություն»


Վերջին տարիներին Թուրքիան սկսել է իր ռազմակայանները բացել արտերկրում՝ Սոմալիում և Կատարում, ինչն արվել է տվյալ երկրների իշխանությունների հետ համապատասխան պայմանագրեր կնքելով։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Թուրքիան մտադիր է իր ռազմակայանները բացել նաև Լիբիայում, Սուդանում, Քուվեյթում, Կիպրոսում։ Դրան զուգահեռ վերջին տարիներին Թուրքիան ապօրինի ռազմական ներկություն է հաստատել հարևան Սիրիայում ու Իրաքում՝ օգտվելով այդ երկրներում տիրո քաոսային իրավիճակից։ Ինչ վերաբերում է Նախիջևանին, ապա կարող ենք փաստել, որ ներկայումս Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ստորագրված չէ Նախիջևանում թուրքական ռազմակայան հիմնելու մասին համաձայնագիր։ Նախիջևանում թուրքական ռազմակայան հիմնելու կարևորությունը զգալի նվազում է այն պատճառով, որ թուրքական զորամասերն այնքան էլ հեռու չեն գտնվում Նախիջևանից (Իգդիրի ու Աղրըի նահանգներ) և անհրաժեշտության դեպքում կարող են արագորեն օգնության հասնել նրան։ Նախիջևանում թուրքական ռազմակայան հիմնելու հարցում չափազանց կարևոր են Ռուսաստանի ու Իրանի դիրքորոշումները, որոնք բավական զգայուն են այս տարածաշրջանի հանդեպ։ Եվ վերջապես, արդյոք Ադրբեջանը, որը առանձին համազորային բանակ ունի Նախիջևանում, կարի՞ք է զգում թուրքական ռազմակայանի։ Մեր կարծիքով՝ ոչ։ Անցյալի փորձը ցույց է տալիս, որ Նախիջևանում թուրքական ռազմակայանի մասին խոսակցությունները սովորաբար ակտիվանում են այնտեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացնելու ֆոնին։ 

 

 



[1] Laçin İdil Öztığ, Küçük Ağrı Krizi: Türkiye-İran İlişkilerinde Bir Kriz Yönetimi Örneği, Avrasya Etüdleri, 23.11.2017 

[2] Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի նախաձեռնությունները Նախիջևանում, Նորավանք ԳԿՀ, 23․06․2010

[4] Լուսինե Մուսայելյան, Թուրք-ադրբեջանական զորավարժությունները Նախիջևանում այսօր ավարտվում են, «Ազատություն» ռադիոկայան, 11․06․2019

[5] Թաթուլ Հակոբյան, Պանթուրքական տոնակատարություն Արարատի փեշերին, Հետք, 05․02․2007

Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյանը թուրքագետ է, Միջազգային և ան...