image

Տասը խորհուրդ արդի հայ գրողին. Արմենակ Եղիայեան

Տասը խորհուրդ արդի հայ գրողին. Արմենակ Եղիայեան

Ոճաբանական

Տասը խորհուրդ արդի հայ գրողին

1. Ձեր յօդուածը երկու համակարգչային էջէ աւելի թող չըլլայ. այլապէս  միշտ  պիտի վտանգուի անոր ընթերցումը:

2. Խուսափինք կրաւորական բայերէ՝ ի հաշիւ  չէզոք  եւ ներգործական բայերու:

Մի՛ ըսէք ու գրէք՝

--Պոլիսը գրաւուեցաւ Սուլթան Ֆաթիհի կողմէ:  

Այլ ըսէ՛ք ու գրեցէ՛ք՝  

--Սուլթան Ֆաթիհ գրաւեց Պոլիսը: 

3.  Ենթական չկրկնենք էական բային հետ:

Չըսենք ու չգրենք՝

--Այս խնձորը համով խնձոր է:

Այլ ըսենք ու գրենք՝

--Այս խնձորը համով է:

Կամ՝ 

--Համով խնձոր է այս:

 

4. Խուսափինք անորոշ դերբայէն՝ ի նպաստ բայանուններու:

Մի՛ ըէսք ու գրէք՝ 

--Նախագահ մը ընտրելը դժուարացաւ:

Այլ ըսէ՛ք ու գրեցէ՛ք՝

--Նախագահի մը ընտրութիւնը դժուարացաւ:

Մի՛ ըսէք ու գրէք՝

--Կողմերը մօտ են  զինադադար կայացնելու(ն):

Այլ ըսէ՛ք  ու գրեցէ՛ք՝

--Կողմերը մօտ են զինադադարի (մը) կայացումին:

 

5. Խուսափինք որոշիչ յօդով օժտելէ յատուկ անունները:

Մի՛ ըսէք ու գրէք՝

--Գերմանիան կ’ուզէ, որ Ուքրանիան պարտուի: 

    Փութինը եւ Էրտողանը համաձայնեցան: 

Այլ  ըսէք ու գրեցէք՝ 

--Գերմանիա կ’ուզէր, որ Ուքրանիա պարտուի:

   Փութին եւ Էրտողան համաձայնեցան:

 

6. Նախընտրել եզակին յոգնակիէն:

Մի՛ ըսէք ու գրէք՝

--Ան տաբատներ գնեց շուկայէն:

Այլ ըսէ՛ք ու գրեցէ՛ք՝

--Ան տաբատ գնեց շուկայէն: 

Մի՛ ըսէք ու գրէք՝

--Թորոսը, Մարկոսը եւ Կիրակոսը այցելութիւններ տուին:

Այլ ըսէ՛ք ու գրեցէ:ք՝

--Թորոսը, Մարկոսը եւ Կիրակոսը այցելութիւն տուին:

Մի ըսէք ու գրէք՝

--Օդանաւերը ժամերով թռիչքներ կատարեցն:

Այլ ըսէք ու գրեցէ՛ք՝

--Օդանաւերը ժամերով թռիչք կատարեցին:

 

7. Հոն ուր կարելի է՝ նախընտրել ա յօդակապը  ե-էն:

Մի՛ ըսէք ու գրէք՝

-- այցեգին, այցեգիր, այցետոմս:

Այլ ըսէ՛ք  գրեցէ՛ք՝ 

--այցագին, այցագիր, այցատոմս:

 

8. Ել եւ ալ տարբերակներու պարագային միշտ  նախընտրել ել-ը՝

--ելլել/ելլալ,           գտնել/գտնալ, 

--մռնչել/մռնչալ,    վրնջել/վրնջալ:

 

             9. Չհոլովել ինքզինք(ս) դերանունը, որ հայցական է արդէն:

Մի՛ ըսէք ու  գրէք՝

--ինքզինքիս-ինքզինքէս-ինքզինքովս...

Այլ ըսէ՛ք ու գրեցէք՝

--ես իմ           - ես ինծի     -ես ինձմէ       -ես ինձմով

--մենք մեզ     -մենք մեր   -մենք մեզի      -մենք մեզմէ -մենք մեզմով

--դուք ձեզ      -դուք ձեր    -դուք ձեզի     -դուք ձեզմէ -դուք ձեզմով

 

10. Որեւէ օտար յատուկ անունի մէջ,-- կը շեշտենք՝ մէ՛ջ,-- չգրել է եւ օ տառերը, այլ գրել մի՛միայն ե եւ ո. օրինակ՝ Տը Կոլ, Պոտլեր, Մարսել, Ռոպեր, Լեյեն, Նեմեսիս, Պրոմեթէ եւ այլն՝ յարգելով հանդերձ նման  անուններու պատմական ուղղագրութիւնը:

Եւ Տէր  ընդ Ձեզ,  ընդ ամենեսեանդ:

Շնորհաւոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ:

Երջանիկ տարիներ աշխարհին, Հայաստանին, բոլորին ու բոլորիս:

armenag@gmail.com                                                                                 Արմենակ Եղիայեան