«Քաղաքացու որոշում» կուսակցութեան ղեկավար Սուրէն Սահակեանը գրած է․ «Ընկերներիս ու հանրութեանն ուզում եմ տեղեկացնել, որ ՔՈ կուսակցութեան անդամակցութիւնս դադարեցնելու դիմում եմ գրել։ Ուզում եմ ամենահետաքրքրասէրները վստահ լինեն՝ ՔՈ-ի հանդէպ ամենաջերմ զգացումներն ունեմ, այնտեղ էին ու դեռեւս են մարդիկ, որոնք հոգով ինձ հարազատ են, ընդհանուր գաղափարներով՝ նոյնական։ Սակայն ժամանակներն ու դրանց տրամաբանութիւնը փոխուում են։ Ըստ իս, եթէ մինչեւ ընտրութիւնները պէտք էր իւրաքանչիւր քաղաքական թիմ իրեն աջակցութեան մասին առարկայական պատկեր ստանայ, ապա ներկայումս մեծ միաւորումների ժամանակն է։ Սա երկար է քննարկուել, թէ՛ մինչեւ ընտրութիւնները, թէ՛ դրանից յետոյ եւ այս որոշումը պահի տակ կայացուած որոշում չէ։
Վստահ եմ՝ կուսակցութիւնը ո՛չ կնիքն է, ո՛չ էլ պետական ռեկիսթրում գրացման վկայականի թուերը։ Կուսակցութիւնը քաղաքական միտքն է, որ կրում են մարդիկ ու նրանց միաւորումները։ Այն քաղաքացիներին, որոնք քուէարկել են ՔՈ-ի օգտին, վստահեցնում եմ՝ գաղափարները, որ կրում էր ՔՈ-ն, տարածուելու է եւ դոմինանտ (գերակշռող) դառնայ։ Դրանք կրող մարդիկ այլեւս երբեք թոյլ չեն տայ վերադառնալ նախկին մտածողութեանը։ Որտեղ էլ լինեն այդպիսի մարդիկ, իրենց գործունէութեամբ նպաստելու են այդ գաղափարների տարածմանը եւ կեանքի կոչմանը։ Սակայն հնարաւոր է, որ դրա համար իւրաքանչիւրն ի՛ր ճանապարհն ունենայ։
Թէ ինչպէս կը շարունակուի ֆորմալ քաղաքական ի՛մ ճանապարհը, լրացուցիչ կը տեղեկացնեմ։ Խնդրում եմ ըմբռնումով մօտենալ, որ այս պահին ո՛չ ՔՈ մասին, ո՛չ ապագայի մասին որեւէ այլ մեկնաբանութեան պատրաստ չեմ։ Այս պահին ուղղակի երախտագիտութիւնս եմ յայտնում մարդկանց, որոնք աջակցել են ՔՈ կուսակցութեանը, որեւէ մասնակցութիւն են ունեցել նրա գործունէութեանը, հարազատ են համարել այն, քուէարկել են։ Ես ձեր յաւերժ պարտապանն եմ, մարդիկ։ Շնորհակալութիւն»։
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ